Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄ

պրիլի 9-ին՝ Ղազարոսի հարության հիշատակի ուրախ առիթով, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, մի խումբ հավատացյալ ուխտավորներ ուղեւորվեցին դեպի Արմավիրի մարզի Մեծամոր ավանի Ս. Ղազար եկեղեցի:

ՍՐԲԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԸ

Ծաղկազարդին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Ս. Եկեղեցին հիշատակում է Ս. Ղազարոսի հարությունը, որն ավետարանական ծագում ունի: Երուսաղեմից քիչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում ապրում էին Ղազարոսն ու իր քույրերը՝ Մարթան, ով յուղով օծեց Տիրոջն ու իր մազով սրբեց Նրա ոտքերը եւ Մարիամը, որոնց Հիսուս սիրում էր: Երբ Ղազարոսը հիվանդացավ, քույրերը մարդ ուղարկեցին Հիսուսի մոտ՝ ասելով. «Տեր, ահավասիկ նա, ում դու սիրում էիր, հիվանդացել է» (Հովհ. ԺԱ 3): Բանբերն ակնկալում էր, որ Ղազարոսի հանդեպ տածած սերը Նրան պիտի շտապեցներ Բեթանիա, սակայն աստվածային պատասխանը հետեւյալը եղավ. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծո Որդին փառավորվի» (Հովհ. ԺԱ 4):

Վիմափոր գերեզմանին հասնելով՝ դռնաքարը Հիսուսի հրամանով մի կողմ են գլորում: Ներկաներն անհանգստանում են, թե մարմինն արդեն նեխած կլինի: «Եթե հավատաք, կտեսնեք Աստծո փառքը»,- ասում է Տերը: Ապա, ձեռքերը վեր բարձրացնելով, գոհություն է հայտնում Հորն ու աղաղակում. «Ղազարոս, վեր կաց, արի» (Հովհ. ԺԱ 43): Եվ Ղազարոսը կանգնում է նրանց առջեւ ինչպես որ էր՝ երեսն ու մարմինը պատանքներով փաթաթած: Սակայն հիշենք այն խոսքը, որ շատ տեղին պիտի լինի այստեղ. «Աստծո համար անկարելի ոչինչ չկա»: Եվ այսօր էլ Նա կանգնած է մեր հոգու վիմափոր ու մռայլ գերեզմանի մոտ՝ Իր բարի ու սիրառատ հայացքով քարացնելով եւ սարսափեցնելով այնտեղ հավաքված մեղքերի ու դեւերի բազմությանը: Նա՝ ամենահաղթ Տերը, սպասում է մարթաներին ու մարիամներին՝ մեր հոգու քույրերին, որպեսզի մեկ անգամ եւս հաստատի, որ եթե հավատաք, կտեսնեք Աստծո Սերն ու Փառքը:

Արդ, մեր ողջ սրտով երկրպագենք երկնի, երկրի ու մեր Արարչին եւ բարձրաձայն աղաղակենք առ Նա՝ ասելով. «Հավատում եմ, Տեր, օգնիր իմ անհավատությանը» (Մարկ. Թ 23):

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Սուրբ Ղազարոս եկեղեցում, մեծաթիվ ուխտավորների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ահարոն քհն. Գրիգորյանը:

Հաջորդ հանգրվանը Արմավիր քաղաքի՝ 2014 թվականին կառուցված, Ս. Նարեկացի եկեղեցին էր, որի բարերարը ռուսաստանաբնակ Կարեն Մկրտչյանն է: Այստեղ եւս ուխտավորներն աղոթք առաքեցին առ Տերը եւ վառեցին իրենց հավատքի մոմերը:

Վերջին հանգրվանը Մրգաշատի Ս. Աստվածածինն էր: Այն կառուցվել է մատուռի վրա, որի շինարարությունն սկսվել էր 1865 թ., իսկ առաջին օծումը կատարվել 1903-ին: Մինչ 1980 թ. շենքը ծառայել է որպես ցորենի պահեստ: 2007-ից վերակառուցվել է, իսկ 2011 թ. օծվել ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այստեղ եւս բոլորը համատեղ աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով զորավիգ լինել հայոց հինավուրց աշխարհին ու Եկեղեցուն, իսկ երեկոյան, գոհ սրտով, սաղմոսասացությամբ, բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները