Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԶՔԵԶ
ՈՒՆԻՄՔ ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ՅԻՍՈՒՍ ՄԻԱԾԻՆՆ...»

«Թեպետ ուրիշ ազգերի հավատացյալները եւս սուրբ հովվապետեր եւ
լուսավորիչներ ունեն, սակայն նրանք երկար տարիներ բազմատեսակ
չարչարանքների բովում չեն մաքրվել, ինչպես մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը»:
ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ

այոց տոնացույցում Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից մեկը վիրապ մտնելու հիշատակն է: Ապրիլի 2-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մի խումբ հավատացյալներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ուխտի գնացին Խոր Վիրապ, ուր տասներեք տարի, մարդկանցից մերժված ու հալածված, մնաց մեր հավատո հայրը եւ իր ներկայությամբ բանտը դարձրեց առ Աստված հավատքի վկայարան:

Ուխտագնացները ճանապարհ ընկան աղոթասացությամբ ու շարականների երգեցողությամբ:

ԽՈՐ ՎԻՐԱՊ… ԽՈՐՀՐԴԱԳՈՐԾ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Երկամյա սահմռկեցուցիչ չարչարանքների ենթարկվելուց հետո, Գրիգորը, հեթանոս թագավոր Տրդատ Գ-ի հրամանով, նետվեց այս վիրապը՝ նախընթաց չարչարանքներից առավել տանջալից մահ ունենալու նպատակով: Տասներեք տարի անց, երբ շատ-շատերը երեւակայել իսկ չէին կարող նրա ողջ լինելու մասին, թագավորի քույր Խոսրովիդուխտին տեսիլքով երեւաց, որ միայն Գրիգորը կարող է բժշկել անապաքեն հիվանդ Տրդատին: Եվ ահա, աստվածային նախախնամությամբ, տիրասպան Անակի որդի Գրիգորը դուրս եկավ վիրապից ողջ ու առողջ: Նրա անհավանական թվացող կենդանությունը հայության կյանքում մեծագույն վկայությունը եղավ Քրիստոս Աստծո Հարության: Տիրոջ իսկ կամքով այնտեղից դուրս եկավ որպես հայոց մեծ Լուսավորիչ:

Արշակունյաց ժամանակ որպես բանտ ծառայած վիրապի վրա 5-րդ դարում վանք հիմնադրվեց ու միաբանություն հաստատվեց: Ըստ կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու՝ Ներսես Գ Տայեցի (642-661 թթ.) Կաթողիկոսը 7-րդ դարի կեսերին վիրապի վրա եկեղեցի է կառուցել. «…Շինէ տաճար սրբութեան եւ ի վերայ վիրապի սրբոյն Գրիգորի» (Ս. Գրիգոր եկեղեցի՝ կառուցված մոտ 642 թ.):

ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊ

Ս. Վիրապը 4,5 մ տրամագծով եւ 6,5 մ խորությամբ գուբ է, ուր իջնում են Ս. Գրիգոր եկեղեցու ավագ խորանի աջ կողմի բացվածքից: Նրա առաստաղի արեւելյան կողմում այն անցքն է, որի միջով այրի կինը ներս է գցել Լուսավորչի հանապազօրյա հացը:

Խաչված մի երթ ձգվում է առաջ՝ հաղորդվելու անմեկնելիին եւ զգալու մեծ խորհուրդը: Իջնում ենք գուբը…

Կարծեք դողում է լույսը, որ աղոթք է: Թվում է, թե խորանից ժպտում է Սուրբը՝ հանդարտորեն ու վեհությամբ, որից թրթռում է, մեղքի մութ քողից զատված, ապաշխարյալ հոգին: Ուխտավորներն իրենց անչար սրտով միանալով Սրբի աղոթքին՝ հայցում են Բարձրյալից. «Քո բարերար շնորհներով գթա Քո արարածներին եւ Հայոց աշխարհին, որպեսզի ճանաչեն ե՛ւ Քեզ, ե՛ւ Քո Միածին Որդուն»:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սուրբ Աստվածածին եկեղեցում սկսվեց, մեր հավատո հոր «Մուտն ի վիրապ» տոնի առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ բաց Պատարագը: Այն մատուցվեց ձեռամբ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի:

Սուրբ Պատարագից հետո, մեր հավատո հոր մասունքակիր Ս. Աջով եւ Ս. Խաչով, կատարվեց ջրօրհնեք եւ այն բաժանվեց ներկա գտնվողներին:

Հաջորդ հանգրվանը Մարմարաշենի Ս. Գեւորգ եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորներն աղոթեցին, երգեցին շարականներ: Վերջին հանգրվանն էլ Վաղարշապատն էր:

Ուխտավորները եղան Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում, այստեղ եւս մոմեր վառեցին եւ Ս. Կույսերի գերեզմաններին ծնրադիր աղոթեցին՝ հայցելով նրանց բարեխոսությունը:

Ապա ամենքը, սրբավայրերի եւ Սրբի մասունքի զորությունն ստացած եւ հոգեպես հարստացած, բռնեցին տունդարձի ճանապարհը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները