Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

Տոն առաջիկա

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

առասնորդական պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի գալստյանը: Այս կիրակիի ընթացքում Եկեղեցին վերհիշում է նախ Փրկչի առաջին գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Այն հիշատակությունն է մեծագույն գալստյան Ամենամեծի, քանի որ այդ գալստյամբ «Նա փրկեաց զմեզ ի մահուանէ, փրկեաց զհոգիս ի տանջանաց դժոխոց» (Գրիգոր Տաթեւացի):

Քրիստոս Իր երկրորդ գալուստն անվանել է «վերջին օր» (Հովհ. Զ 39), «դատաստանի օր» (Մատթ. ԺԱ 22-24), «Իր գալստյան օր» (Ղուկ. ԺԷ 24), իսկ Պողոս Առաքյալն անվանել է «Աստծո բարկության օր» (Հռովմ. Բ 5):

Երբ առաքյալները հարցրին Քրիստոսին, թե «ասա՛ մեզ, Վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ եւ ինչպե՞ս կկատարվի», Հիսուս նրանց պատասխանեց. «Այդ օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»: Ավետարանում Քրիստոս երկրորդ գալստյան անսպասելի լինելը նմանեցնում է գողի կերպարին, որ հայտնվում է միշտ հանկարծակի եւ գիշերով (Մատթ. ԻԴ 45), իսկ Պողոս Առաքյալն էլ ցույց է տալիս, որ «…գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա» (Ա Թեսաղ. Ե 2):

Ավետարանում նկարագրվում է, թե ինչպես կկատարվի Քրիստոսի երկրորդ գալուստը. «Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, եւ լուսինն այլեւս չի փայլի. աստղերը կընկնեն երկնքից, եւ երկնային մարմինները կսասանվեն: Ապա Մարդու Որդու նշանը կերեւա երկնքում, եւ աշխարհի բոլոր ժողովուրդները կողբան, երբ տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրա բազմած՝ զորությամբ եւ մեծ փառքով: Եվ երբ մեծաձայն փողը հնչի, նա իր հրեշտակներին կուղարկի, որպեսզի հավաքեն իր ընտրյալներին աշխարհի չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչեւ մյուսը» (Մատթ. 24:29-31):

«Երանի՛ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա» (Ղուկ. 12:37): Իր երկրորդ գալստյան առիթով Հիսուս Քրիստոս կոչ է անում հետեւել այդ ծառաների օրինակին: «Նման եղեք այն ծառաներին, որոնք սպասում են, որ իրենց տերը հարսանիքից վերադառնա, որպեսզի երբ գա եւ բախի դուռը, նրանք իսկույն բաց անեն» (Ղուկ. ԺԲ 36), քանի որ Տիրոջ գալուստն անհայտ է եւ մշուշով պատված:

Քրիստոս Իր առաջին գալստյամբ եկավ որպես Փրկիչ, քանդեց դժոխքի կապանքները եւ բացեց դրախտի դռները, իսկ երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի եւ արդարներին Երկնքի Արքայությանն արժանացնի: Եվ ինչպես «Հավատո հանգանակ»-ում է ասվում՝ «գալու է նույն մարմնով ու Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին»:

Գալստյան կիրակիի օրվա շարականում հիշվում է, թե ինչպես Փրկիչն Իր գալստյան խորհուրդը նախապես հայտնեց մարգարեներին, եւ նրանք, ահով լցված, խոսեցին օրինակներով:

Կարեւոր է, որ մարդիկ գիտակցեն Քրիստոսի առաջին գալստյան ընծայված պարգեւը եւ հատկապես Գալստյան կիրակիի օրը խորհրդածեն Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա իր լուսավոր գործերով, հարատեւ աղոթքով, պահքով, աստվածային պատվիրանների կատարմամբ, Քրիստոսի խոսքին հնազանդ պատրաստվի դիմավորել «Տիեզերաց իշխանին»:

«Պատրաստ եղեք, որովհետեւ այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդինե (Ղուկ. ԺԲ 40):

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները