Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ…
ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայրապետ սուրբ եւ անբիծ եւ ընտրեալ յորովայնէ, սքանչելագործ վկայ
եւ պարծանք ազգի առ Քրիստոս բարեխոսեա վասն մեր քո տօնողացս»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների իղձը:

Թեեւ մարտի 19-ը ձնառատ էր, սակայն երկնքի մռայլությունը չէր ստվերել ուխտավորների սրտերը: Նրանք կենսուրախ էին եւ արեւոտ, քանզի կատարվում էր նրանց հոգու բաղձանքը՝ ուխտագնացություն դեպի Օձուն:

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի՝ Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, տոնում է Ս. Հովհան Իմաստասեր Օձնեցի Հայրապետի հիշատակը Հովհան Որոտնեցու եւ Գրիգոր Տաթեւացու հետ, ովքեր եւս նույնաբնույթ պայքար են ծավալել Եկեղեցու թշնամիների դեմ: Երախտաշատ Հայրապետը, մահվանից քիչ ժամանակ անց, դասվել է հայոց տոնելի սրբերի շարքը:

8-րդ դարի սկզբին, պատմական թոհուբոհի, երկփեղկման ու քայքայման վտանգներով լեցուն շրջանում, որպես փրկության փարոս, Լուսավորչի գահին բազմեց Ս. Հովհան Օձնեցին: Աստվածային շնորհներով զարդարուն ու լեցուն այս հրաշագործ այրը դարձավ մշակը Հայ Եկեղեցու անդաստանի, որով պտղաբերում է Եկեղեցին՝ դարեր շարունակ դիմակայելով բազում նորանոր հարվածների:

Ընթերցելով հայրենի Եկեղեցու նվիրյալների կյանքը՝ պետք է ձգտենք լինել նրանց արժանի հետեւորդներ, ընթանալ նրանց ճանապարհով, մեր կյանքը ճրագ դարձրած՝ դառնալ հայրենիքի ու Եկեղեցու գոյատեւման պայքարի մարտիկներ: Մենք կսպառվենք, բայց մեր լույսով ճանապարհ կբացենք բազմաթիվ սերունդների համար:

ՕՁՈՒՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Օձունը գտնվում է Գուգարաց թեմում: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ Գ արքան՝ մոտավորապես 303-313 թթ.: Օծել է այն Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Հին եկեղեցին եղել է միանավ բազիլիկ, ունեցել ավելի փոքր չափեր եւ երկրաշարժից խոնարհվել 5-րդ դարում: Քանդված եկեղեցու մոտա-վորապես 25 հարթաքանդակ 6-րդ դարում օգտագործել են ներկայիս եկեղեցին կառուցելիս: Այժմ դրանք հնությամբ ու գեղեցկությամբ զարդարում են եկեղեցին եւ համաշխարհային արժեք ներկայացնում:

Առաջին դարում Օձուն է եկել Քրիստոսի տասներկու աշակերտներից Թովմասը: Նա այստեղ քահանաներ եւ եպիսկոպոսներ է օծել: Ըստ ավանդության՝ հենց օծել բառից էլ առաջացել է գյուղի Օձուն անվանումը:

Շիրակցի ուխտավորները, տեղ հասնելով, ներկա գտնվեցին օրվա առիթով, ձեռամբ Տավուշի թեմի սպասավոր Տ. Աբել քհն. Քարտաշյանի, մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, վառեցին իրենց հավատի մոմերը եւ, անչար սրտով ձայնակից լինելով Սրբի աղոթքին, Բարձրյալից ծնրադիր հայցեցին. «Քո անպատում խոնարհությամբ եւ կամավոր խաչելությամբ հաշտեաց ընդ մեզ, Տէր, գթությամբ եւ թող զմեզ ողորմութեամբ»:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ՍՈՒՐԲ ՆԱՐԵԿ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Վանաձորի Ս. Նարեկ եկեղեցին էր: Այն կառուցվել է 2005 թվականին եւ օծվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Այս հոյակերտ եկեղեցու կամարների տակ այցելուներն աղոթեցին եւ երգեցին հոգեպարար շարականներ՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունն իր իսկ բառերով. «Մատիր քաղցրութեամբ առ ուխտացեալս մեղաւք, քաւեա ի պարտեաց ամենակատար բաւականութիւն…»:

Երրորդ կանգառը 1831 թվականի կառույց Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց մոմերը՝ խնդրելով Ս. Կույսի բարեխոսությունը:

Չորրորդ հանգրվանը Սպիտակի 1999 թ. կառույց Ս. Հարություն եկեղեցին էր: Շրջելով սրբավայրում՝ վերերկրային մի զգացում հայացքդ գամում է խաչակիր գմբեթներին եւ հոգուդ մեջ Ս. Պատարագի լույսն է հորդանում: Ուրեմն՝ խոնարհվենք սրբերի առջեւ եւ խնկով ու աղոթքով մասնակից ու բաժնեկից դառնանք նրանց սրբությանն ու աղոթական ներկայությանը. հայցենք նրանց բարեխոսությունն ու աղոթքները մեր ողջ ժողովրդի համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները