Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ՄԻՋԻՆՔ
ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԵՍՃԱՆԱՊԱՐՀԻՆ

իջինքը հիշեցնում է, որ Մեծ պահքը կիսվել է, այնսինքն՝ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր, եւ որ դեռեւս խոկման, ինքնաքննության, զղջման ու ապաշխարության օրեր են:

Մինչ Հարության տոնի ուրախությունը, պահեցողության օրերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին անդրադառնալ սեփական կյանքին, ներել, խնդիրները հարթել եւ բարեգործություն անել:

Միջինքին եկեղեցական արարողություններն այնքան էլ հարուստ չեն: Միայն այդ օրվանից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում, սկսում են երգվել «Ստեղի»՝ ծանր, հանդիսավոր ձայնեղանակով շարականների հատվածներ:

ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ժողովրդական ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում: Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է:

Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր եւ ձեթ, որում մինչեւ առավոտ վառվում է խաչաձեւ պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաներին, որոնք էլ այդ ջուրը, խմորի հետ խառնելով, պատրաստում են Միջինքի բաղարջը:

Միջինքի կարկանդակը հայտնի է նաեւ միջունք (Վաղարշապատ, Թալին), միջնաբաղջ (Վայոց Ձորի բնիկներ), կլոճ (Վայոց Ձորի գաղթականներ), պալից եւ չորուկ (Նոր Նախիջեւան), հարեգիլ (Մուշ-Տարոն), միջնակ լոճ (Սուրմալու), միջնապլիթ (Արճակ), մաջինք (Մեղրի), կուտապ (Երեւան) եւ այլ անուններով:

Միջինքին որոշ շրջաններում թխում էին կուտապ: Կուտապ պատրաստելու համար ալյուրը շաղում էին ձեթով, խմորի գնդերը գրտնակով տափակացնում եւ յուրաքանչյուր գնդի մեջ դնում խաշած լոբի, սիսեռ, բակլա, սոխ կամ այլ բանջարեղեն, ապա այն ծալում էին բոլորակաձեւ կամ ձվաձեւ եւ թխում թոնրի մեջ: Երբ կուտապը պատրաստ էր, հարսերն ու աղջիկներն իրենց բաժինները վերցնում էին եւ հարեւան ընկերուհիների հետ գնում կանաչապատ որեւէ հարմար տեղ: Այդ օրը վերջիններս ազատ էին, ոչ մի տարիքավոր կին չէր ընկերանում նրանց: Ընկերուհիներին պատմում էին իրենց ցավերը կամ նոր կյանքի լավ ու վատ կողմերը, ապա շուրջպար էին բռնում, իսկ վերջում ուտում կուտապը:

Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, ուր նոր մահացներ կային: Մուշում եւ Տարոնում, բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում եւ Միջինքի երեկոյան մատուցում սգավոր ազգականներին:

Նոր Նախիջեւանում Միջինքին կտրում էին հերթական շաբաթը խորհրդանշող փետուրի միայն կեսը՝ ցույց տալու, թե պահքն արդեն կիսվել է: Մուսալեռցիների մոտ այն հայտնի էր Աղցուց կիս (Մեծ պահքի՝ աղ ու հացի կես) անունով: Միջինքն այստեղ նշանավոր էր իր նվիրական ուտեստով՝ աղցուց կլուրով (աղուհացի քյուֆթայով):

Սիսիանում, Միջինքին, նշանված երիտասարդի տնից հարսնացուի տուն հատուկ նվեր (խոնչա) էին ուղարկում, որի տեսականին ձեթով պատրաստված գաթաներ էին, մի կուլա գինի եւ մի շիշ օղի: Օղի տանելու սովորույթն այնքան մեծ տարածում ուներ, որ Դերսիմում Մեծ պահքի առաջին երկուշաբթին կոչվում էր «Օխտը րախիի օր»:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները