Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԿԱՄ ՆԱԽԱՍՏԵՂԾՆԵՐԻ
ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ

«Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս
ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զՀայր ձեր, որ յերկինս է»:
ՄԱՏԹ Ե 16

այոց եկեղեցական տոնացույցով Բուն բարեկենդանը որոշակիորեն կանոնակարգված է: Այն նշվում է Քրիստոսի Հարության տոնից յոթը շաբաթ առաջ՝ կիրակի օրը: Ունի երեսունհինգ օրվա շարժականություն՝ կախված Ս. Հարության տոնից եւ տոնախմբվում է փետրվարի 1-ից մինչեւ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Անշուշտ, բարեկենդանը կրոնական տոն չէ, սակայն այդ օրերին եկեղեցիներում երգվող շարականների նյութը վերհիշեցնում է նախամարդու՝ Ադամի երջանիկ կյանքը դրախտում՝ «ի ներկայութեան Աստուծոյ»: Բարեկենդանների մեջ հատկանշական է Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը, որ կոչվում է Բուն բարեկենդան: Այն իր արմատներով, ծագումով ավելի հին է: Նախկինում՝ Բուն բարեկենդանի օրը, նույնիսկ վանքերում որոշ ազատություն էր տրվում եւ կոչվում էր աբեղաթող: Տոնի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ նույնպես թատերախաղեր են կազմակերպվել: Ի տարբերություն ժողովրդական խաղերի՝ այստեղ հանդիսատես չկար: Հավաքվում էին միայն վանականներ եւ իրենց միջից ընտրում թափորպետ:

Սուրբ Հայրերը բարեկենդանը համեմատում են դրախտի փափկության, իսկ դրախտի տնկիներն ու բողբոջները Եկեղեցու մանուկների հետ: Կենաց ծառը Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու բուրումնավետ ծաղիկներն առաքյալների, մարգարեների, ավետարանիչների եւ սուրբ վարդապետների, որոնք «Քրիստոսի անուշ բուրմունք են Աստծո առջեւ» (Բ Կորնթ, Բ 15): Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր, ուտեստներ՝ ի հետեւություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «ԶԵլիր, կեր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու» (Ա. Թագ. ԻԹ 7):

Պատահական չէ, որ տոնի վերջին երեկոյին տրվել էր «տրաքելու օր» անվանումը: Ի դեպ՝ ուտելիքի առատության եւ բազմազանության պատճառով, տոնն անվանում էին նաեւ «փորեկենդան»: Բուն բարեկենդանի երեկոյան սկսվում է պահքի քառասնօրյա շրջանը, որ պահքերից ամենաերկարն է, ինչի պատճառով էլ կոչվում է Մեծ: Այն շարունակվում է մինչեւ Զատիկ: Իբրեւ պահեցողության քառասնօրյա շրջան՝ Մեծ պահքի համար օրինակ է Փրկչի՝ անապատում քառասնօրյա պահեցողությունը: Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է. «Քրիստոս անմեղ էր եւ պահք պահեց ոչ նրա համար, որ ուներ դրա կարիքը, այլ հաստատելու համար, որ Հին Ուխտն ու Նոր Ուխտը, մարգարեներն ու Քրիստոս իրար հակառակ չեն, այլ լրացնում են միմյանց: Եթե Մովսեսն ու Եղիան Աստծո խոսքը պահեցին Նրա հիշատակին տրված կերակրի զորությամբ, ապա Քրիստոս պահեց Իր զորությամբ» (Քարոզ Բուն բարեկենդանի):

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Բարեկենդանի ամենահետաքրքիր մասն են կազմել զանազան ժողովրդական խաղերը: Մանուկները սիրում էին վեգ կամ ճան խաղալ: Երիտասարդներն իրենց ուժն էին փորձում գոտեմարտում կամ ձիարշավում: Տոնի ամենամեծ յուրահատկությունը հումորի մթնոլորտի ապահովումն էր: Բարեկենդանի ամենասիրված խաղը Վարդանանց պատերազմն էր: Սովորույթի ուժն այնքան մեծ էր, որ Եկեղեցին այդ օրերին սկսեց նշել Վարդան Մամիկոնյանի եւ 1036 նահատակների հիշատակի տոնը:

Մեծ պահքի ծիսական հիմնական կերակուրը մախոխապուրն է, որը պատրաստվում է հատուկ եղանակով, ուտվում սոխ ու սխտորով: Ծերունիները պարտավոր էին գովաբանել այդ կերակուրը, ապա եւ ծերացած ու հնացած պառավներին (ուտիս տատին): Պարերգի տեքստերում երգում են. «Մեծ պասն եկավ կայնավ թատին. աշկս մնաց հալվա կաթին. աղջիկները ծալած բոխչա, հարսները բաղ ու բախչա. ... հոդած պառվըները, գենա լավ են պառվըները»: Անհրաժեշտ էր ամբողջությամբ ճաշակել կերակուրները, որովհետեւ հաջորդ օրն սկսվելու էր Մեծ պասը: Երեկոյան, երբ արդեն ավարտված էր լինում խնջույքը, որպես ուտիք եւ ուրախ օրերի ավարտի ծիսական խորհրդանիշ, «փակում էին իրենց բերանները» ձվով կամ ձվածեղով եւ միմյանց դիմում բարեմաղթանքով. «Բերաններս փակում ենք սպիտակ ձվով, Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելուն…»:

Այս տարի Հայոց Եկեղեցու տոնացույցում Բուն բարեկենդանը նշվեց փետրվարի 27-ի կիրակի օրը: Սուրբ Յոթվերքում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհրդին համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները