Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ
ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակը: Այդ առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի տարբեր թեմերից ու Արցախից Սուրբ Էջմիածնում համախմբված 233 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը եւ մեծաթիվ հավատավոր հայորդիներ: Օրվա պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավոր Տ. Ներսես քհն. Աշուղբաբյանը:

Տեր Հայրն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին եւ, ընդգծելով Սրբոց Ղեւոնդյաց սխրանքը, ի մասնավորի նշեց. «Այսօր մեր հայացքները կրկին ուղղված են դեպի քաջարի նախնիները, որոնց մտքում դաջված էր Ավետարանի այն խոսքը, որ ասում է. «Ով ինձ խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ» (Մտթ. Ժ 32): Այսօր էլ մենք նույն պայքարն ենք մղում մեր պետականության ու հավատի համար՝ ինչպես մեր հայրերը: Ընդամենը երկու տարի առաջ մեր երիտասարդները ցույց տվեցին, որ արժանի հետնորդներն են Վարդանանց նահատակների, իսկ նրանց կողքին, Ս. Ղեւոնդ երեցի օրինակով, կանգնած էին մեր գնդերեցներն ու հոգեւորականները, ովքեր, մի ձեռքին զենք, մյուսին խաչ, պաշտպանում էին մեզ»:

Սուրբ Պատարագի ավարտին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ քահանաների հավաք եւ պարգեւաբաշխություն: Ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի Առաջնորդ եւ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ եւ արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք: Շիրակի թեմից ավագ քահանայության պատվի արժանացավ Տ. Վարուժան քհն. Տերտերյանը:

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւորականաց դասին հղեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Անդրադառնալով Սրբոց Ղեւոնդյանց տոնի խորհրդին՝ Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. «Ղեւոնդ Երեցը դարձավ հավատքի ու հայրենիքի համար ազգային պայքարի գաղափարակիր՝ մի հանգամանք, որ խորհուրդ եւ առաքելություն հաղորդեց նրա կերպարին դարերի հոլովույթում: Սրբոց Ղեւոնդյանց օրինակով կրթվել են բազում սերունդներ, որոնք փոխանցել են մեզ օրինակելի կերպարը հավատի քաջության, առ հայրենին եւ Եկեղեցին նախանձախնդրության, ազգային ու հոգեւոր ինքնության պահպանման ջատագովության եւ հանուն հավիտենականի քրիստոնեական ճշմարիտ անձնազոհության:

Այսօր Սուրբ Ղեւոնդ Երեցի նախաձեռնած ազգային ինքնապաշտպանության հրամայականը չի վերացել: Փոխվել են ժամանակները, սակայն անփոփոխ են մարտահրավերները: Մեր ժողովուրդը կանգնած է նույնական մարտահրավերների առջեւ, առկա է նաեւ ճակատը, ուր պայքար է մղվում հանուն մեր ավանդական սրբազան արժեքների հարատեւության, մեր ինքնության պահպանության եւ մեր ապագայի: Եկեղեցին մեծ առաքելություն, ավելին՝ պատասխանատվություն ունի այդ արժեքների պաշտպանության ու զորացման գործում»:

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաեւ, որ այսօր էլ եկեղեցականության մեջ կան մերօրյա Ղեւոնդ երեցներ, որոնք նույն ոգին, հանձնառությունն ու գիտակցությունն են դրսեւորում հայ ժողովրդին մատուցած ամենօրյա սպասավորության ու խնամքի մեջ, ազգային-հայրենական անդաստանում հառնած լրջագույն մարտահրավերների պայմաններում:

«Իբրեւ Եկեղեցի՝ չենք կարող անտարբեր եւ անհաղորդ մնալ այս օրերին մեր ժողովրդի կյանքում տեղ գտնող տարատեսակ երեւույթների նկատմամբ, որովհետեւ մեր սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա խնդիրների հաղթահարման, այլեւ կրողը ծանր լծի, ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած հուսահատության եւ տրտմության: Մեզ պատուհասած պատերազմը, որ մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ ավարտված չէ: Այն շարունակվում է՝ ոչ մարտի դաշտում, սակայն ամենատարբեր ոլորտներում ու տիրույթներում: Չի դադարում հայատյացության եւ թշնամանքի սերմանման քարոզչությունը սահմանի մյուս կողմից, հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, վտանգված է մեր սրբազան ժառանգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, շարունակվում է ներքաղաքական կյանքում լարվածությունը, բեւեռացվածությունը, արտագաղթը, խորանում է ապագայի հանդեպ ժողովրդի մեջ տիրող անորոշությունը»,- ընդգծեց Հայոց Հովվապետը՝ կարեւոր համարելով, որ, նման բարդագույն իրադրության մեջ, առաջնային պետք է շարունակի նկատվել հովվական խնամքը, սոցիալական ծանր վիճակում հայտնված, արցախցիների, տեղահանվածների, զոհվածների, անհետ կորածների, գերության մեջ գտնվողների եւ վիրավորների ընտանիքների հետ:

Նորին Սրբությունը խնամատար ծառայության մեջ մեծապես կարեւորեց նաեւ քրիստոնեական դաստիարակության ու կրթության ծրագրերի խթանումը՝ հայորդիների հոգիներում զորացնելու հավատքն առ Աստված եւ սերն առ հայրենին ու մեր սրբազան արժեքները: Այս առումով Վեհափառ Հայրապետը թելադրեց, որ բոլոր ծխերում պետք է հնարավորինս ձեւավորվեն կիրակնօրյա դպրոցներ, հովվություններից ներս մասնավոր ուշադրություն պետք է դարձվի երիտասարդությանը, նրանց առավել գործուն ներգրավմանը եկեղեցական-ծխական կյանքում, ծխերից ու թեմերից ներս տարվող սոցիալական, կրթական աշխատանքներում:

Վերջում Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենի երկրի՝ Հայաստանի եւ Արցախի խաղաղության ու անվտանգության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակների բարեշեն կյանքի եւ Հայոց Եկեղեցու պայծառության համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները