Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

«ՎԻՃԱԿՔ ԵԼԻՆ ԻՆՁ ԸՆԴ ԸՆՏՐԵԼԻՍ, ԵՒ
ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ ԻՄ ՀԱՃՈՅ ԵՂԵՒ ԻՆՁ»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Թագաւորին երկնաւորի սուրբ զօրապետ եւ մենամարտիկ, Սիրով անմահին
խաչեալ յաշխարհի. Երագահաս սուրբդ Սարգիս խաչիւ պսակեալ.
Բարեխօս լեր առ Քրիստոս Վասն անձանց մերոց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

որրորդ դարից ի վեր հայ ժողովուրդն առանձնակի զգացումով է ոգեկոչում Ս. Սարգսի, նրա որդի Մարտիրոսի եւ նրանց հետ նահատակվածների հիշատակի օրը՝ Սրբին Աստծո առջեւ իրբրեւ բարեխոս, երիտասարդների արագահաս օգնական, բարի իղձերի կատարող եւ սիրո հովանավոր ճանաչելով: Նա իր օրինակով շատերին դարձի ու փրկության առիթ եղավ: Սուրբ Սարգսի ապրած կյանքն իսկապես օրինակ էր բոլորի համար: Հայ իրականության մեջ Սուրբն ընդունվել է նաեւ որպես քարոզիչ զորավար, ում մի ձեռքում շողացել է սուրը՝ պատրաստ խորտակել աներեւույթ եւ ընդդիմադիր գազանին, իսկ մյուս ձեռքում Ս. Ավետարանը՝ ի բժշկություն եւ ի մխիթարություն վշտահար ու ծարավի հոգիների: Նահատակությունից առաջ էլ Սուրբը խնդրում է Աստծուն կատարել իր անունը հիշողների եւ իր տոնը կատարողների իղձերը: Նա իր վարքով մեզ ուսուցանում է հնազանդություն, խոնարհություն, զորեղ ու անսասան հավատ առ Աստված, հանուն Աստծո նահատակության պատրաստակամության:

Ըստ հայոց «Հայսմավուրք»-ների՝ Սարգիս զորավարը, նրա որդի Մարտիրոսն ու տասնչորս զինվորները նահատակվել են Պարսկաստանի Մազանդարան նահանգի Դաղման քաղաքի մոտակայքում եւ թաղվել Համիան քաղաքի մոտ: Հետագայում Ս. Մաշտոցը նրա մասուքնները բերել է Հայաստան, ամփոփել Կարպի գյուղում, Ուշիում եւ Գագա դաշտում նրա անունով կառուցել եկեղեցիներ: Սուրբ Սարգսի ամբողջական պատմությունը, տակավին եպիսկոպոս եղած ժամանակ, գրել է Ներսես Շնորհալի Հայրապետը՝ Հաղպատի վանքի վանահայր Գեւորգ եպիսկոպոսի խնդրանքով:

Սարգիս զորավարը սրբացվել է Հայոց Եկեղեցու կողմից՝ իբրեւ քրիստոնեական կրոնի համար մարտնչող նահատակ:

ՏՈՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բարեպաշտ մամիկները, կանայք ու աղջիկները Սուրբ Սարգսի տոնին նախորդող առաջին երեք օրը, այսինքն՝ կիրակիի կես գիշերից սկսելով, մինչ չորեքշաբթի երեկո, ծոմ էին պահում եւ օրական երեք անգամ քառասուն ծունր աղոթք անում: Չորեքշաբթի երեկոյան, ամեն տուն ցորենի բոված ալյուրից եւ խաղողի ռուպից (դոշաբ) անուշեղեն էր շինում, որ կոչվում էր «ղայութ»: Այս ուտելիքը պատրաստում, շաղախում էր տան տիկինը: Այդ անուշեղենի խմորը ձեւավորում էին խաչի նշանով, որը պահվում էր ծրարված, մինչեւ Սուրբ Սարգիսը, որ հույն աղջկան, կռապաշտության ճիրաններից ազատելու համար, իր հրեղեն Սպիտակի գավակին առած, Բյուզանդիոնի պարիսպներով դեպի Մարմարայի անջրպետը ցատկելով, Քաղկեդոն է մտնում եւ, այնտեղի լեռների վրայով թռչելով, բարձրանում ճերմակափառ Մասիսի գագաթը՝ իր հակառակորդների երեսին փչելով բուքն ու քամին, աներեւութապես գա եւ իր ձիու պայտի նշանն այդ անուշեղենի զանգվածի վրա դնի:

Կույս աղջիկներն ու տղաները նույն օրը չոր բլիթներ էին պատրաստում եւ դնում տանիքներին, որպեսզի գուշակեն՝ որ կողմում է իրենց «ղսմեթ»-ն ըստ այն նշանի, թե ագռավը, այդ բլիթը կտցահարելով, դեպի ուր է տարել:

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Փետրվարի 11-ին, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, հավաքվել էին մեծաթիվ երիտասարդներ՝ ներկա գտնվելու երեկոյան ժամերգությանը, հավարտ որի Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանն օրհնեց բոլոր ներկաներին՝ ի մասնավորի շեշտելով, որ ոչ միայն այս առիթով, այլեւ մշտապես պետք է սեփական հոգին, սիրտը բաց պահել Ս. Ավետարանի եւ Տիրոջ պատգամների առջեւ՝ դրանք կյանքի կոչելով:

Ժողովրդական սովորույթ եւ սիրված ավանդույթ է տոնի երեկոյան աղաբլիթ ուտելը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի հետ ոչ մի կապ չունի: Անշուշտ, այստեղ էականն աղոթքն է առ Աստված՝ մանավանդ Ս. Սարգսի բարեխոսությամբ, որ, ինչպես գիտենք, հռչակված է երկնային արագահաս օգնական, քաջ սպառազեն, արիացյալ եւ մեծ «գերեհան». «Իսկ գերելոց այլասեռից, որք ի կապանս են յերկաթի, հան զնոսա ի չար կապից, մեծ գերեհան Սուրբդ Սարգիս»:

Ս. Յոթվերք եկեղեցու երիտասարադաց միության անդամները սոցիալ-կրթական կենտրոնի պատրաստած աղաբլիթները բաժանեցին նրանց, ովքեր այդ օրը ներկա գտնվեցին նախատոնակին ու երեկոյան ժամերգությանը:

Վերջում Ս. Յոթվերք եկեղեցու բակում ազգագրական պարերով հանդես եկավ հայորդյաց տան «Հրայրք» պարային համույթը:

ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ ԵՎ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 12-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ առավոտյան ժամերգության, մի խումբ երիտասարդներ խաչերթով ուղղվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ: Երթի մասնակիցների առջեւից տարվում էր խաչվառը: Հասնելով մատուռ՝ նրանք միացան բարեպաշտ հավատացյալներին եւ ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով տոնի խորհուրդը:

Սուրբ Պատարագի ընթացքում ներկա հավատացյալները հաղորդվեցին մեր Տիրոջ Սուրբ Մարմնին եւ Արյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սուրբ Սարգսի տոնը նվիրական է նաեւ երիտասարդների համար, քանզի տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիասրք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ու օրհնությամբ, այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այդ առիթով, հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի, պատարագիչ Տեր Հայրն իր բարեմաղթանքն ու օրհնությունը հղեց ներկա երիտասարդներին, ինչպես նաեւ ուխտավորներին:


ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները