Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

«ՔՐԻՍՏՈՍ՝ ՓԱՌԱՑ ԹԱԳԱՒՈՐՆ ԱՅՍՕՐ
ԵԿԵԱԼ ՅԸՆԾԱՅՈՒՄՆ»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Այս դուռը փակված պիտի մնա, չպիտի բացվի, նրանով ոչ ոք չպիտի մտնի,
որովհետեւ Տերը՝ Իսրայելի Աստվածը, մտավ նրանով… Նա դարպասի
նախասրահի ճանապարհով պիտի մտնի եւ նույն ճանապարհով դուրս գա»:
ԵԶԵԿԻԵԼ ԽԴ 2-3

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՎԱՆԴՈՒՄ Է

րուսաղեմում ապրում էր Սիմեոն անունեվ մի մարդ, ով արդար եւ աստվածապաշտ էր: Ավանդությունը Սիմեոն ծերունու մասին պատմում է, որ նա, Եգիպտոսի Պտղեմեոս թագավորի հրամանով, Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանողներից մեկն էր: Մի անգամ, թարգմանության ժամանակ, Սիմեոնը կարդում է Եսայու մարգարեության հատվածը, ուր խոսվում է կույսի հղիանալու եւ Որդի ունենալու մասին: Թարգմանիչը մտածում է, որ մարդիկ կարող են չհավատալ գրվածին եւ ջնջում է այդ տողերը: Շուտով քուն է իջնում Սիմեոնի աչքերին, եւ երբ արթնանում է, տեսնում է ոսկյա տառերով նորից գրված է. «Ահա կույսը կհղիանա եւ որդի կծնի»:

Ծերունին ուրախությամբ վեցնում է Սուրբ Գիրքը, համբուրում եւ երանի տալիս նրանց, ովքեր պիտի տեսնեն կույսից ծնված հրաշք Մանկանը եւ գրկեն Նրան: Տերը լսում է աստվածասեր ծերունու խնդրանքը եւ խոստանում. «Մահ չես տեսնի, մինչեւ տեսնես Տիրոջ Օծյալին»: Երբ Սիմեոնը, Ս. Հոգով առաջնորդված, տաճար է գնում ու տեսնում Մանուկ Հիսուսին, փառավորում է Աստծուն ու հենց տաճարում էլ ավանդում հոգին: Այստեղ Տիրոջը գոհություն է հայտնում նաեւ Աննա մարգարեուհին եւ, դուրս գալով քաղաք, բոլորին պատմում հրաշք Մանկան մասին:

Ըստ Եկեղեցու Հայրերի մեկնության՝ Սիմեոնն ու Աննան խորհրդանշում են Փրկչին ընդառաջ դուրս եկած Հին ուխտի ողջ մարդկությանը:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿ «ԱՍՏՎԱԾ ԼՈՒՅՍ Է, ԵՎ ՆՐԱ ՄԵՋ ԽԱՎԱՐ ՉԿԱ»

Եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին այսպես է բնութագրում Տյառնընդառաջը. «Այս ամենը հիշեցնում է Սիմեոնի՝ Հիսուսին տված «Լույս» անունը: Իսկ խարույկ վառելն ու նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը տոնի ժողովրդական ավանդույթներից են: Երբ Հիսուսին տաճար տարան, Երուսաղեմի ժողովուրդը Փրկչին դիմավորեց ջահերով ու կրակներով: Հենց դա է խորհրդանշում վառվող խարույկը: Եվ հեթանոսները, որպես Աստծո ստեղծագործություն, Աստծուն են մատուցում Նրան, Ով եկավ «երկրի վրա կրակ գցելու» (Ղուկ. ԺԲ 49), ի Քրիստոս մկրտվողներին մյուսներից բաժանելու»:

Տյառնընդառաջին նվիրված ծիսական արարողությունները Ս. Աստվածածին եկեղեցում սկսվեցին փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությամբ, հընթացս որի կատարվեց նախատոնակ: Հնչեց «Լոյս զուարթ» հոգեզմայլ շարականը: Այնուհետեւ հանդիսավոր թափորը, Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց անդաստան: Համապատասխան շարականների երգեցողությունից, սաղմոսասացությունից եւ Սուրբգրային ընթերցվածներից հետո օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Ապա արդեն վառված խարույկի շուրջը բոլորեց ուրախ շուրջպարը: Տոնախմբությունը շարունակվեց մինչեւ ուշ երեկո:

ԿԱՐԳ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ

Արդեն մի քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տոնի օրը հայոց բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից հետո, կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

Ս. Յոթվերք, Ս. Հակոբ, Ս. Նշան, Ս. Մինաս եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ այցելած բոլոր նորապսակ զույգերին եւս փոխանցվեց Տիրոջ օրհնությունը՝ ձեռամբ ծիսակատար քահանաների:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 14-ին՝ Տյառնընդառաջի լուսեղեն խորհրդով բացված այդ օրը, Ս. Յոթվերք, ինչպես նաեւ Շիրակի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սուրբ Յոթվերքում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները