Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

«ՄՏԷՔ ԸՆԴ ԴՐՈՒՆՍ ՆՈՐԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԵԱՄԲ
ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ Ի ՅԱՐԿՍ ՆՈՐԱ»
ՕԾՎԵՑ ՄԱՐՄԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ

«Երանի՛ ում Տէր Աստուած Յակովբայ օգնական է նմա, եւ յոյս նորա
ի Տէր Աստուած է»:
ՍԱՂՄՈՍ ԽՂԵ (ՃԽԶ) 5

կեղեցու հովանու ներքո մենք հաղորդակցվում ենք մեր հոգեւոր-ազգային դարավոր արժեքներին, մեր պատմությանը, հայոց ազգային ինքնությունը ձեւավորած անգին ժառանգությանը: Եկեղեցին Բարձրյալի ներկայությունն է մեր կյանքում, ուր ամեն հավատավոր խոնարհությամբ է մուտք գործում եւ իր հոգու հայցը բարձրացնում առ Աստված, գոհաբանություն մատուցում Տիրոջն անգին պարգեւների, հայրական խնամքի եւ օրհնությունների համար: Այս հավատքով ու համոզմունքով է ամեն անգամ իր օծյալ աջը բարձրացնում Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը՝ վերաօծելու կամ օծելու յուրաքանչյուր աղոթատուն: Բնականաբար այդ եկեղեցիների կամարների ներքո հավատացյալ հայորդիներն իրենց աղոթքն են բարձրացնում առ Աստված եւ իրենց հավատարմության ուխտը կատարում առ ազգային սրբությունները, շարունակում դարեր ձգվող անհատնում մեր ընթացքը՝ որպես ազգ ու ժողովուրդ, պետություն ու Եկեղեցի:

Փետրվարի 12-ը պատմական օր էր մարմաշենցիների համար: Մարդաշատ էր գյուղի նորակառույց Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակը: Տոնական տրամադրությամբ համակված ներկաներն ի մի էին եկել՝ ականատես լինելու նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը, որ կատարվեց ձեռամբ թեմակալ Առաջնորդի:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարմաշենն սկզբում եղել է Ախուրյանի ձորում, գետի ձախ ափին, հարթության վրա: Հետո տեղափոխվել է նախկին տեղից՝ մոտ երկու կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք եւ ծվարել սարահարթին: Գյուղը հիմնադրվել է 12-րդ դարի առաջին կեսին՝ Մարմաշենի վանական համալիրի շուրջը: Սակայն երկար չի գոյատեւել: 1225 թվականին Շիրակի գավառի հոգեւոր Առաջնորդ եւ Անի քաղաքի արքեպիսկոպոս Գրիգորը, գյուղից բնակիչներին հեռացնում է եւ նրանց հողերը հանձնում Մարմաշենի վանքին:

1930-ին այստեղ են հաստատվում Կարսից գաղթած հայերը՝ գյուղը վերանվանելով Ներքին Ղանլիջա: Ներկա Վահրամաբերդ անվանումը կապված է նրանից ոչ հեռու գտնվող, Վահրամ Պահլավունի իշխանի կողմից կառուցված, ամրոցի հետ, ինչպես նաեւ այստեղ են թաղված Վահրամ Պահլավունին, նրա որդիներն ու թոռները եւ տոհմի ուրիշ անդամներ:

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցու հողօրհնեքի արարողությունը, ձեռամբ Միքայել Սրբազանի, կատարվել է 2016-ի ապրիլի 23-ին, իսկ հիմնօրհնեքը՝ հուլիսի 18-ին: Եկեղեցու զանգերն ու խաչերն օծվեցին 2019 թ. նոյեմբերի 11-ին, դարձյալ ձեռամբ Սրբազան Հոր: Ճիշտ երեք տարի անց արդեն հավատավոր մարմաշենցիներին է ներկայանում ամբողջական կառույցը, որ արգասիքն է մարմաշենցի Հովհաննես Ասատրյանի նախաձեռնության ու ֆինանսական աջակցության:

Կարմիր սրբատաշ տուֆաքարերով շարված եկեղեցին ունի երկու դուռ՝ հարավային եւ արեւմտյան: Արեւմտյան դռան երկու կողմերում եւ ճակատային մասում ագուցված են խաչքարեր: Հյուսիսային եւ հարավային կողմերում կան կամարակապ երկու մեծ լուսամուտներ, իսկ դռան աջ եւ ձախ կողմերում են գտնվում եւս երկուսը, որոնք նեղ են ու երկարավուն: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով, երկու խորաններով եւ մեծ լուսամուտը՝ Սուրբ Սեղանը լուսավորելու համար: Երկայնական պատերի ներսից առկա են ուղղանկյուն հիմքով չորսական որմնասյուներ, որոնք իրար են կապել թաղակիր կամարներն ու գլխավոր մուտքն արեւմուտքից: Արեւմտյան կողմում գտնվում է զանգակատունը կամ ժամատունը, որի վրա բարձրանում է գեղեցկաշեն կաթողիկեն՝ ութ սյուներով, Ս. Խաչով ու զանգակով: Արեւմտյան պատին առկա է կառուցմանն առնչվող արձանագրություն:

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Առավոտյան մարդաշատ էր Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակը: Հավատավոր մարմաշենցիները եկել էին՝ ներկա գտնվելու նորոգ կառուցյալ եկեղեցու օծման հանդիսավոր արարողակարգին: Հավուր պատշաճի զգետավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի եւ ուղեկցությամբ Ս. Նշան եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Նշան քհն. Պանֆյորովի ու Տ. Փառեն քհն. Պետրոսյանի, մուտք գործեցեկեղեցի, ուր քիչ հետո սկսվելու էր սրբազան արարողակարգը:

«Հրաշափառ» շարականի երգեցողությամբ հանդիսավո թափորն առաջնորդվեց դեպի եկեղեցու դուռը: Հենց մուտքի մոտ՝ դրսի կողմից, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին Սուրբգրային հատվածներ ու համապատասխան սաղմոսներ: Դռան մոտ Սրբազան Հայրը, հոգեւորականաց դասը, ինչպես նաեւ ներկա մեծաթիվ բարեպաշտ մարմաշենցիներ ծնրադիր Տիրոջից հայցեցին՝ «բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան…»: Շարականի երգեցողությունից հետո, ներկաները ներս մտան Տիրոջ ողորմածությամբ բացված դռնից: Սկսվեց եկեղեցու լվացումը. սաղմոսների ու հոգեւոր շարականների երգեցողության ներքո լվացվեց ողջ աղոթատունը նախ սովորական ջրով, ապա գինով: Որից հետո հանդիսավորաբար կատարվեց օծումը: Աղոթքների երգեցողությամբ, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, սրբալույս Մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու չորս անկյունները, սյուները, սեղանը, մկրտության ավազանը: «Պահպանիչ» աղոթքից հետո ծիսակատար Առաջնորդ Սրբազանը, լուսաճառագ Սուրբ Սեղանից, ներկաներին ուղղեց իր հայրական պատգամ-հորդորը եւ գնահատանքի ու շնորհավորանքի ջերմ խոսքը…

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՊԱՏԳԱՄԻՑ

Սիրելինե՛ր, ահավասիկ գոհություն եւ փառեք ենք վերընծայում Աստծուն նախ եւ առաջ որ մեզ հնարավորություն տվեց մեկ անգամ եւս այս ուրախությունն ունենալ եկեղեցաշինության եւ օծման: Անցնող քսաներեք տարվա ընթացքում Տերը մեզ հնարավորություն տվեց լինել հովիվն ու Առաջնորդը Շիրակի թեմի, երբ մեծաթիվ եկեղեցիներ օծեցինք` վերակառուցված, վերանորոգված կամ լրիվ ի հիմանե նորոգ կառուցված: Եկեղեցի կառուցելն ու օծումը նման է զավակ ունենալուն: Թեմերի առաջնորդները, եթե չգիտեք՝ իմացեք, ընտանիք չունեն: Չեն ամուսնանում եւ զավակներ չեն ունենում: Նրանց զավակներն այն եկեղեցիներն են, որոնք կարողանում են կառուցել` բարերարների նվիրատվություններով, ջանքերով եւ դրանցում աղոթել այն ժողովրդի համար, որի հովիվը կոչված են լինել: Դուք, որ ամուսնացած անձիք եք եւ գիտեք, թե ինչ ուրախություն է, երբ զավակ եք ունենում, նաեւ կարող եք պատկերացնել, թե ինչ ուրախություն եմ ունենում ես, երբ եկեղեցի եմ օծում: Սրանք իմ զավակներն են, որոնք մնում են իբրեւ հիշատակ գալիք սերունդներին:

Փառք եւ գոհություն եմ վերընծայում Աստծուն, որ ինձ եւս մեկ անգամ հնարավորություն տվեց՝ Մարմաշեն գյուղում կատարել Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծումը: Բնականաբար, Աստծուն փառք եւ գոհություն տալուց հետո, պիտի դառնանք ու շնորհակալություն հայտնենք մեր սիրելի բարերարներին` Կարեն Ասատրյանին եւ իր զավակներին` Հովհաննեսին ու Ֆրունզին, որ կարողացան այս գործն ի գլուխ բերել: Ես շատ շնորհակալ եմ նաեւ, որ ժամանակին երբ խնդրեցի, նա չմերժեց: Կարո՞ղ եք երեւակայել, թե քսաներեք տարվա ընթացքում քանի-քանի մեծահարուստի, բարերարի դուռ ենք բախել եւ միշտ չէ, որ բացվել է, միշտ չէ, որ ընդառաջել, ականջալուր են եղել մեզ: Չկա ավելի հաճելի բան քան եկեղեցի կառուցելը: Եկեղեցին միայն շենք չէ, միայն աղոթքի տուն, մոմ վառելու տեղ չէ, եկեղեցին մեր անձնագիրն է, որովհետեւ մենք, իբրեւ հայ ժողովուրդ, եկեղեցիներով ենք կտրել մեր երկրի սահմանները: Հաճախ բանակը չի կարողացել պահել սահմանները, որովհետեւ բանակ, պետականություն չենք ունեցել, բայց եկեղեցիներն են ցույց տվել, որ այս հողը հայկական է: Շատ հաճախ ասում են, երբեմն նաեւ աղանդավորները, թե ինչ կարիք կա եկեղեցում փնտրել Աստծուն, Աստված ամենուրեք է: Այո՛, Աստված ամենուրեք է, բայց Նա գործում է նաեւ օծված եկեղեցիների միջոցով: Օծելով՝ Տիրոջ օրհնությունը, ներկայությունն ենք խնդրում եւ հավատում ենք, որ Նա այստեղ ներկա է: Մարմաշենի վանքըը, որ 1000 տարի կանգուն է, ինչի՞ մասին է վկայում: Նախ վկայում է, որ հայի հող է, երկրորդ՝ 1000 տարի առաջ ինչ մարդիկ են ապրել, ինչ իշխաններ են եղել, որ ադպիսի տաճար, վանք են կառուցել: Այսօր ո՞վ է հիշում, թե Վահրամ Պահլավունին ինչ է կերել, ինչ խմել, ինչ պալատներում ապրել: Չկան դրանք: Կա միայն նրա գերեզմանն այն վանքի բակում, որ ինքը կառուցել է:

Մեր ժողովուրդը պիտի կարողանա հավիտենականը ժամանակավորից տարբերել: Եկեղեցի կառուցողն է հիշվում 1000-2000 տարի հետո: Մնում է, որ իմաստություն ու կարողություն ունենանք այդ եկեղեցիով գծված սահմանը պահել եւ չհանձնել ոսոխին: Այսօր մեզանից խլած տարածքներում Ադրբեջանն ինչի դեմ է ուղղում առաջինն իր հարվածը` եկեղեցիների: Եկեղեցիներն է ուզում քանդել ու ոչնչացնել՝ ցույց տալու համար, որ այդ հողի տերը հայը չէ: Այնինչ երբ այդ եկեղեցիները կառուցել էինք, տեր պիտի կանգնեինք եւ պիտի կանգնենք, մեր սահմանը պահենք: Այսօր բանակը հանձնել է Դադիվանքը, բայց հայ քահանան չի հանձնել, եթե տեղյակ եք: Մի քանի վարդապետ, սարկավագ գնացել, ռուսների օգնությամբ փակվել են եւ պահում են այդ վանքը, թույլ չեն տալիս, որ թուրքը մտնի: Մինչդեռ, բոլորս՝ ե՛ւ բանակը, ե՛ւ պետությունը պիտի պահեինք այդ սահմանները, չպիտի թողնեինք այդ պարտականությունը սեւազգեստներին, շատ հաճախ արհամարհված տերտերներին: Տեսեք՝ մի եկեղեցու շինություն է, բայց ինչքան զգացումներ է ծնում, ինչքան մտածումներ, պատգամներ, թելադրություններ, հրամայականներ:

Շատերը կարող են մտածել՝ ինչ կարիք կա Մարմաշեն գյուղում եկեղեցի ունենալու, երբ վանքը մոտ է, Ս. Յոթվերքը կա, բայց այդպես չէ: Ամեն գյուղի ծննդյան, ապրելու վկայականն է իր եկեղեցին: Ուստի մենք ուրախ ենք, որ նոր Մարմաշեն գյուղը, որովհետեւ գիտենք՝ հնում ձեր գյուղը որտեղ է գտնվել, արդեն եկեղեցի ունի, որպեսզի երեխաներն այս մկրտության ավազանից քրիստոնյա դառնան, այս խորանի առջեւ պսակվեն եւ այս խորանի առջեւ էլ գնան հավիտենական հանգստի: Շատ շնորհակալ եմ Ասատրյան ընտանիքին՝ Կարենին եւ զավակներին եւ նրանց եմ բաշխում այն օրհնությունները, որոնց արժանի են: Մենք ընդամենը մի փոքրիկ հիշատակ կտանք նրանց` այս սրբապատկերը, որպեսզի հիշեն այսօրվա արարողությունը, մեզ: Շնորհակալ եմ ձեր գյուղի քահանային` Տ. Փառենին: Նա այս անցնող տարիներին շատ աշխույժ գործունեություն է ծավալում ոչ միայն Մարմաշենում, այլեւ մյուս գյուղերում, որոնց հովիվն է: Նրա աշխատանքի, աղոթքի շնորհիվ է նաեւ, որ այս եկեղեցին կառուցվեց: Մենք վստահ ենք, որ Տ. Փառենը նույն ուրախությունն է ապրում, ինչ մենք: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այստեղ եք, եկել եք աղոթելու: Շնորհակալ եմ ձեր լռության եւ ինձ հետեւելու համար: Շատ օրինակելի լռությամբ եւ կարգապահությամբ հետեւեցիք արարողությանը: Լինում են համայնքներ, ուր այդ կարգապահությունը չկա եւ ստիպված ես պարբերաբար դիտողություն անել, որպեսզի կարողանանք արարողությունը կատարել:

Այսօր Սուրբ Սարգիս է՝ տոնական օր նաեւ երիտասարդների համար: Մաղթենք, որ Ս. Սարգիսը բոլորիդ երազանքը կատարի: Աստծո ողորմությունն ու օրհնությունը բոլորիս վրա լինի, որ Ս. Հովհաննեսն իր անվան եկեղեցին նույնպես զորավոր ներկայությամբ լցնի եւ բարեխոս լինի մեզանից յուրաքանչյուրի, մանավանդ Մարմաշենղի բնակիչների համար: Աստված օրհնի ձեզ եւ մեզ. ամեն:

Ի ԴԵՊ

Վերջում, ի մոտո եկեղեցու գտնվող սրահում, Ասատրյանների կողմից տրվեց հյուրասիրություն եւ կատարվեց մատաղօրհնություն:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները