Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

«ՀՈՅԼՔ ՀՈԳԵՂԷՆՔ ԸՆԴ ՀՈՎԻՒՍՆ ՔԱՐՈԶԷԻՆ
Ի ՅԱՆԲԱՆԻՑ ՄՍՈՒՐ ԶԲԱՆՆ ԲԱԶՄԵԱԼ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Ամենայն ձորք լցցին, եւ ամենայն լերինք եւ բլուրք խոնարհեսցին,
եւ եղիցին ամենայն դժուարինք ի դիւրինս եւ առապարքն ի դաշտս»:
ԵՍԱՅԻ Խ 4-5

եր Աստծո Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնը եկեղեցական տոների սկիզբն ու հիմքն է: 2022 տարի առաջ մարդացած ծնվեց Լույսն անայլայլ, բացվեց երկինքը ու մարդացած ծնվեց Սերն անխորտակ: Ծնվեց Մանուկը երկրածին երկրի վրա: Բացվեց երկինքը, միացավ երկրին, հանդիպեց հավերժը ներկային: Շոշափելի դարձավ անտեսանելին: Ծնվեց Աստծո Որդին: Էությամբ անմայրն ու տեսչությամբ անհայրը եկավ՝ փրկելու արարածներին: Միացած, միավորված մարմնով եւ աստվածությամբ՝ Հոր կամքով ծնվեց Սուրբ Կույսից իբրեւ խոսք եւ միտք, հայտնվեց մարդկանց իբրեւ Տեր երկնքում եւ երկրում: Եվ ծնվեց գոհության, փառքի ու պատվի անձավում՝ վերաբացելու մարդկության առջեւ փակված Եդեմի դռները, վերահաստատելու երբեմնի կորսված ուխտի ճանապարհը:

Նրա երեւալն արդեն իսկ բավարար էր, որպեսզի լեռները շարժվեն, փոթորիկները սանձվեն ու խաղաղվեն, կույրը տեսնի, մութը վերանա: Մի՞թե երբեւէ որեւէ հրեշտակ կերեւակայեր, թե պիտի թողնի հավերժագնաց երկինքը, միանա հովիվներին՝ գովերգելու ոչ թե երկրի հեռագնաց ու սահմանաձեւ թվացող գեղեցկությունները, այլ մի մսուր, որ հետագայում պիտի դառնար լույս սրբարանը երկնի եւ երկրի Սքանչելիքի ու բոլորանվեր մեծ ուրախությունը, որ ըստ էության անուրանալի է, քանզի աշխարհ եկող յուրաքանչյուր ոք չունի լուսավառվելու այլ մի աղբյուր. «Բանն էր ճշմարիտ Լույսը, որ, աշխարհ գալով լուսավորում է ամբողջ մարդկությունը» (Հովհ. Ա 9):

Ուստի Աստված հայտնվեց մարդկանց, որ մարդն Աստծո տեսնի Իրեն ու հասկանա, որ տիեզերքում ստեղծված արեւն անգամ իր պես չունի գիտակցություն, բանական չէ, չունի պատկերն աստվածային, այն ինչ կոչում են հոգի, կամք, միտք: Թող, Փրկչի Հայտնությամբ ծնունդ առնող, խաղաղությունը որպես նորածին Մանուկ, Աստվածածնի հոգածությամբ խանձարուրվի բոլոր հարկերից ներս, եւ աշխարհի բոլոր անկյուններում տարածվի «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությունը:

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԵԳԱԿ, ՏԵՐ, ՓԱՌՔ ՔԵԶ»

Հունվարի 5-ին՝ երեկոյան ժամերգության ընթացքում, նախնյաց ավանդույթի համաձայն, հատուկ խորհրդակարգով վառվեցին հայոց բոլոր եկեղեցիների ջահերն ու կանթեղները՝ խորհրդանշելով մոգերին առաջնորդող բեթղեհեմյան լուսաշող աստղը: Սարկավագների կողմից ընթերցվեց Դանիել մարգարեի թղթերը, որ, որպես կանխասաց, վկայում ու ավետում է մեզ գալիքը:

Սուրբ Ծննդյան խորհուրդը թեմի հավատացյալները վերապրեցին Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագով, որ մատուցվեց Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Ս. Հակոբ եկեղեցիներում:

Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Մեկնելով օրվա խորհուրդը՝ Հայր Սուրբը նաեւ մաղթեց, որպեսզի ներկաները, բեթղեհեմյան երկնակամարում պայծառափայլող աստղի առաջնորդությամբ, վերակերտեն իրենց հայրենանվեր կյանքը, հոգիները վերածեն մի հոգեւոր քարայրի՝ այնտեղ ընդունելով աշխարհի Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: Ի լրումն օրվա խորհրդի, ներկաները հաղորդվեցին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ եւ կենարար Մարմնին ու Արյանը:

«ՄԵԾ Է ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ, ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՆՈՐԱ ՉԻՔ ՍԱՀՄԱՆ»

6-ը հունվարի: Հայոց աշխարհում, եկեղեցիների զանգերի ղողանջների հետ միաձույլ, ասես Աստված Ինքն էր իջնում ձեռակերտ տաճարներ՝ սեր, խաղաղություն եւ հաճություն բերելով ամենքին: Ավելի քան երկու հազար տարիների հեռվից անընդմեջ հնչում են, մեր Եկեղեցու հայրերի կողմից հորինված, շարականի սքանչելի խոսքերը. «Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ…»:

Սուրբ Աստվածածին եկեղեցում Աստվածահայտնության անմահ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տեր Միքայել Արքեպս. Աջապահյանը: Հընթացս Ս. Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը, որը կրկին բեթղեհեմյան անմար Աստղից ճառագող, սիրո մասին էր, ինչը հավատացյալ հայորդուն կոչում է, անձնականի սահմաններից վեր բարձրանալով, զգալ անանձնականի վեհ ու անմեկնելի գիտակցությունը:

«ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇՆՈՐՀՆԵՐԸ, ՍՐԲԵԼՈՎ ՋՐԵՐԸ,
ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԿԻՑ» ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ

Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող Ջրօրհնեքի արարողությունն սկսվում է Ս. Ծննդյան Պատարագից անմիջապես հետո: Այս արարողության հաստատումը վերագրում են Քրիստոսի առաքյալներին ու Նրա հետեւորդներին՝ Եկեղեցու սրբակից հայրերին: Սակայն առաջին մեծագույն օրինակը, որ տրվեց մարդկությանը, հենց Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից եղավ, որ Իր սուրբ մարմինն «ամփոփեաց զջուրն, այսինքն՝ հալեցոյց յԻնքն եւ զօրացոյց եւ սրբեաց զջուրն, զի նախ էր ջուրն սրբութիւն մարմնոյ. եղեւ սրբութիւն հոգւոյ» (Ս. Գրիգոր Տաթեւացի): Հիսուս Իր օրինակով լուսավորեց մկրտության խորհուրդը, որով մարդ պետք է մուտք գործեր քրիստոնեական Եկեղեցի: Ջրօրհնեքի արարողության ժամանակ Սուրբ Ավետարանից ընթերցումներ, աղոթքներ են մատուցվում: Այնուհետեւ հանդիսավորությամբ, շարականների ներքո, դուրս է բերվում մյուռոնաթափ աղավնին: Սա խորհրդանշում է, որ, մկրտությունից հետո, Քրիստոս դուրս եկավ Հորդանանի ջրերից, եւ այդ պահին երկինքը բացվեց ու Հովհաննեսը տեսավ Աստծո Հոգուն՝ աղավնու տեսքով, որ իջնում էր Հիսուսի վրա եւ լսեց Բարձրյալի ձայնը. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. Գ 17): Հավարտ Սուրբ Պատարագի՝ հանդիսապետությամբ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի, հոգեւորականաց թափորն ուղղվեց Վարդանանց հրապարակ: Ամանորյա տոնածառի հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի վրա կատարվեց Ջրօրհնեքի կարգ: Սրբազան Հայրը, «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգեցողությամբ, սրբալույս Մյուռոնը կաթեցրեց ջրով առլեցուն կաթսաների մեջ, ապա արդեն ջրում եղող Խաչը, «Պահպանիչ» աղոթքի ընթացքում, հանեց եւ տվեց Խաչի օրվա կնքահորը: Սրբազան արարողակարգի վերջում օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին:

Այս տարի Սուրբ Խաչի կնքահոր պատվին արժանացավ Թորոս Մեսելյանը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին եւս հնչեցին Գյումրու եկեղեցիների զանգերը՝ հավատացյալ հայորդիներին կանչելով հոգեհանգստյան Սուրբ Պատարագի:

Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները