Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

ՆՌՆՕՐՀՆԵՔ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Երկու սյուների համար պատրաստեց նռնաձեւ զարդեր, որպեսզի դրանք շարք-շարք
կախեն վանդակացանցի վրա: Երկու սյուների խոյակների վերեւից դրեց պսակներ,
իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարված երկու հարյուր նռնաձեւ զարդեր»:
Գ ԹԱԳ Է 18, 20

րդեն ութերորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ, Հայոց Եկեղեցու աստվածապաշտական համակարգում հաստատվել է եւս մի բարեպաշտական արարողություն՝ նռնօրհնեքը, որ կատարվում է հայոց բոլոր եկեղեցիներում տարեմտի գիշերը՝ գոհաբանական մաղթանքից հետո: Արարչաստեղծ պտղաբեր ծառերից նռնենու պտուղը եւս այն խորհրդանշաններից է, որ հիշատակվում է Աստվածաշունչ Մատյանում:

Նռնօրհնեքի գաղափարը ծագեց ոչ միայն հայոց աշխարհում նռան մշակման, Հայաստանի խորհրդանիշերից մեկը հանդիսանալու համար, այլ, առաջին հերթին, իր հոգեւոր խորհրդաբանությամբ: Հայկական ավանդության մեջ նուռը, իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան՝ խորհրդանշելով նախ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծո շնորհների բազմազանությունը:

Նուռն արեւելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլեւ նռան գլխամասում գտնվող թագանման հավելույթի պատճառով՝ այն ամենեւին պատահականություն չդիտարկվելով: Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»: Մերձավոր ու Միջին Արեւելքում նուռը հայտնի էր դեռեւս Ք.Ա. 12-17 դարերում: Մեծ համբավ ուներ կարթագենյան նուռը: Այս պատճառով էլ հին հռոմեացիները նուռը կոչեցին «կարթագենյան (փյունիկյան) խնձոր» եւ «հատիկավոր խնձոր» անվանումներով: Իսկ պարսկերենում, ինչպես նաեւ պարսկալեզու մյուս ժողովուրդների մոտ նուռը կոչվում է «անար», որ նշանակում է կարմրհատ, հրակերտ, հրահատ:

Ի դեպ կարծիք կա, որ նռան հայրենիքը հենց Պարսկաստանն է: Իսկ հայերեն «նուռն» բառը, ըստ Մագիստրոսի, առաջացել է «կուռ» բառից, ինչը Հ. Աճառյանը հավաստի չի համարում: Նուռը պտղաբերության, առատության, մեծահոգության, մաքրագործության ընդհանրական խորհրդանիշ է: Որպես հայկական հուշանվեր՝ մեծ տարածում ունեն փայտից եւ կերամիկայից պատրաստված նռան նմուշները: Քիչ չեն նաեւ արծաթե զարդանախշերը: Նռան եւ նռնենու պատկերազարդումները տարածված են նաեւ բուն եկեղեցական արվեստում:

Օրինակ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի Աջի «թեղանիքի» վրա փորագրված ծաղկազարդերը նռան տեսք ունեն: Ամենեւին էլ պատահական չէ, որ դրանց թերթերն ագուցված են ամբողջապես նռնաքարերով՝ թերեւս ընդգծելու համար Աջի հատւկ «իշխանություն» ունենալու հանգամանքը: Հայ Եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները նմանեցվում են մարգարեների խոսքին, որոնք, առակի նման, իրենց հաստ ու դառը կեղեւով ծածկում են քաղցրության Ավետիսը, անմահության Պտուղը՝ Քրիստոսին: Հայկական գինեգործության մեջ մշտապես իր ուրույն տեղն է ունեցել նռան գինին:

Դեկտեմբերի 31-ին, ճիշտ Ժամը 00:00-ին, Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի կարգ:

Տարեմտին Ս. Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում նռնօրհնեքի կարգ կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի: Բարեպաշտական արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները