Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ ու հավատավոր հայորդիք,

Շուտով հրաժեշտ կտանք հայ ժողովրդի համար փորձություններով լի եւս մեկ տարվա եւ կփորձենք բարի ու հուսառատ սպասումներով դիմավորել փրկչական 2022 թվականը: Տարեմուտն ազդարարող ղողանջները կփոխարինվեն Աստվածորդու Սուրբ Ծննդյան ավետիսով եւ յուրաքանչյուրիս հարկերից ներս կհնչի հրեշտակների՝ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությունը, որով եւ կսկսվի Նոր տարին, որ Երկիր մոլորակի ամեն մի բնակչի համար սկիզբ է հույսի` նորն արարելու, իղձերն ու ձգտումներն ի կատար ածելու, նաեւ կյանքի ընթացքն ի բարին փոխելու:

Պատմություն դարձող 2021 թվականը մեծ փորձությունների, սպասումների ու հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի հայրենասիրության, աննկուն կամքի, մարտական, բարոյական ու քաղաքացիական ոգու դրսեւորումների: Նաեւ զգացինք կորստյան, դառը կսկծի, հերոսացած ու անհետ կորած մեր զավակների ու նրանց ծնողների ծանր ապրումների ցավը: Ոչ ոք եւ ոչինչ չեն կարող ամոքել որդեկորույս մորը, բացի Ամենակարող Աստծուց, Ում գործերն անքննելի են:

Հայաստանն իրոք կարող է դառնալ լուսաշող երկիր՝ ամենքիս ջանքերի, միակամության, փորձությունները մի մարդու պես դիմակայելու, նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում մեր առաջընթացի ու նվիրումի շնորհիվ: Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու, քանի որ կան ու կլինեն դժվարություններ, որոնք պետք է հաղթահարենք մեր հավատի շնորհիվ, Ամենակարող Աստծո օգնությամբ ու հովանու ներքո:

Լինենք սթափ, կազմակերպված, դրսեւորենք առողջ դատողություն, պատասխանատվություն ու հանդուրժողականություն՝ որպես հաջողության հասնելու բանալիներ: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հոգ տանել մեր ինքնության հիմնասյուների՝ մշակույթի, կրթության, հոգեւոր ու ընտանեկան արժեքների մասին՝ հենվելով մեր Սուրբ Եկեղեցու եւ Սուրբ Հայրերի հարուստ փորձի ու մեզ կտակած ժառանգության վրա:

Սիրելինե՛ր, մշտապես բոլորիդ կողքին եմ եւ մաղթում եմ, որ գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջեւ բացվեն հաջողության դռները, ամոքվեն վշտացյալ սրտերը՝ նորածնունդ մանկան ճիչով, խաղաղությունը թեւածի ամեն հարկից ներս, անառիկ մնան մեր փառապանծ Հայրենիքի սահմանները, ամեն զինվոր անփորձանք տուն դառնա, եւ թող յուրաքանչյուր հայաստանցի զգա ու ապրի իրական երջանկությունը:

Թող, Ամենակալ Տիրոջ կամքով, մեր Հայրենիքը հասնի բաղձալի խաղաղության, ընտանեկան հարկերից ներս թեւածեն առողջությունը, հաջողությունն ու բարեկեցությունը: Նորոգ տարին նաեւ մեր Հայրենիքի համար թող լինի առաջընթացների ու համերաշխության տարի, հաղթահարվեն ներքաղաքական բոլոր տարաձայնությունները եւ թող, Աստծո գթառատությամբ ու շնորհներով, բարելավվի համայն հայության կյանքը:

Իսկ Սուրբ Ծննդյան հրեշտակաբարբառ ավետիսին սպասող մեր ժողովրդի համար 2022 թվականը թող դառնա բարօր ու բարգավաճ կյանքի կառուցման, ազգային իղձերի իրագործման, առ հայրենին ու Եկեղեցին անմնացորդ սիրո ու նվիրումի տարի, եւ թող առավել պայծառանա հոգեւոր ու ազգային մեր կյանքը, զորանա հավատքը:

Սիրելինե՛ր, տարեմտի սեմին մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված եւ հայցենք կարոտյալներին աջակցություն, վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինում, նաեւ նոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ մեր ժողովրդին: Դիմավորենք Ամանորը լավատեսությամբ, մեր հույսերն ու տեսիլքները իրագործելու հավատով:

Թող Հայր Աստծո սերը, Որդու շնորհներն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը լինեն Տիրախնամ մեր թեմի հավատավոր հոտի ու համայն հայության հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Օրհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները