Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

ՈԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

«…Ապրեցան ի բերանոյ սրոյ. զօրացան ի տկարութենէ, եղեն զօրաւորք
ի պատերազմի, առին զբանակս օտարաց»:
ԵԲՐ. ԺԱ 34

ոյեմբերի 27-ին, Աստծո օգնությամբ, թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, ինչպես նաեւ Զարիկ Իգիթյանի եւ ժաննա Խաչատյանի նախաձեռնությամբ, ի կատար ածվեց մի խումբ հավատացյալների իղձը:

Նրանք ուխտագնացության մեկնեցին Սարդարապատ, որը մարմնավորում է իր մեջ ժողովրդի հիշողությունը եւ պատմական իրադարձությունների՝ սերնդից սերունդ անցնող հայրենաշահ նշանակությունը…: Ասվածի մշտամնա վկայությունն է Սարդարապատի ճակատամարտի հերոսների հուշահամալիրը:

Կիսակլոր կենտրոնում՝ յոթը եզրերում, տասը մետր բարձրություն ունեցող եւ հիսունհինգ մետր երկարությամբ, պարսպաձեւ հուշապատի վրա քանդակված են հաղթանակի խորհրդանիշ հրեղեն ձիեր, որոնց սմբակների տակ օձերն են իրենց վերջին շունչը փչում:

Ոտքի ելած մանուկն ու խաղողի ողկույզներով զարդարված կինը խորհրդանշում են հայ ժողովրդի վերածնունդը: Հուշապատի վրա քանդակված են ճակատամարտի դրվագներ: Հոգեւորականների առաջնորդի ձեռքին Եղիշեի գիրքն է, որով ժողովրդին առաջնորդում եւ ոգեկոչում է նախնյաց ոգով ու Ավարայրի հերոսականությամբ: Զանգաշտարակը ճակատամարտում նահատակված հերոսների հիշատակին կառուցված շիրմարձան է: Ճակատամարտի օրերին զանգերն ազդարարել են՝ «հայրենիքի փրկության համար զոհված զավակներին հավերժ փառք»: Զանգերն այսօր մեր հաղթանակն են ավետում: Արծիվները պետականության, ուժի, հզորության խորհրդանիշ են եւ մարմնավորում են հայ նահատակ քաջորդիների ոգիները՝ մենք կանք, մենք ձեր մեջ ենք, ձեզ հետ: Որպես արթուն ժամապահներ՝ հսկում են հայ ժողովրդի ներկան ու ապագան: Ուխտավորները հուշահամալիրում մեր հերոսների շիրիմների մոտ խնկարկեցին, ի խորոց սրտի աղոթք առաքեցին Ամենագութ Աստված, որ հանգստություն ու երանություն շնորհի քաջաբար զոհված անմահ հոգիներին:

Այնուհետեւ ուխտագնացների խումբն առաջնորդվեց Արշալույսի 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցի: Այստեղ նրանք իրենց աղոթքն առաքեցին առ Բարձրյալը, ապա հնչեցրին հոգեւոր երգեր: Երրորդ կանգառն Արմավիրի, 2014 թվականին կառուցված, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին էր, իսկ չորրորդը՝ Դաշտադեմի 7-րդ դարի Քրիստափորի վանքը:

Հաջորդ ուխտավայրը Թալինի 1826 թ. Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, որի բակում գտնվում է նաեւ, 1830 թվականի կառույց, Կարմիր Ավետարան մատուռը: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց հավատի մոմերը, հնչեցրին շարականներ:

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ապա ուխտավորներն այցելեցին Մաստարայի 5-րդ դարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: 2016 թվականին այստեղ, ուսումնասիրություններ կատարելու ընթացքում, տեղ-տեղ հայտնաբերվեցին որմնանկարի մնացորդներ: Հայ ճարտարապետության գլուխգործոց Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, տվյալ ժամանակաշրջանի հայկական եկեղեցիների շարքում, մտահղացվել, նախագծվել եւ կառուցվել է՝ նկատի առնվելով լուսավորության խորհրդավորությունն ու որմնանկարների հիասքանչ պատկերագրությունը՝ որպես արվեստի կատարյալ պատկերի ամբողջական ու նախնական մտահղացմամբ կերտված գանձ, որն ավելի է արժեքավորում հայ վաղ քրիստոնեական գեղարվեստական աշխարհըմբռնումն ու տիեզերական մտահղացումը:

Միանշանակ, քրիստոնյա հայ մարդը ձգտել է դեպի գմբեթ, դեպի կատարյալ պատկերագրություն ու հավերժություն: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, վառեցին հավատի մոմեր, խնդրեցին Տիրոջը, որ բոլորի սրտերը լցնի համբերությամբ ու առաքինությամբ:

ՄԱՐԱԼԻԿԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Վերջին կանգառը Շիրակի մարզի Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Մարալիկի արեւմտյան կողմում, բարձր բլրի ստորոտին է գտնվում ԺԹ դարի Սուրբ Աստվածածինը, որ բավականին հետաքրքիր է իր կառուցվածքային ձեւերով ու լուծումներով եւ յուրօրինակ արժեք է ներկայացնում ճարտարապետական ուշ շրջանի համար:

Եկեղեցու շինությունն սկսվել է 1897-ին եւ ավարտվել 1903-ին: Մարալիկցիները Ս. Աստվածածնի հետ են կապում իրենց քաղաքի պատմությունը: 2019 թ., ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, վերաօծվեց եկեղեցին: Այստեղ ուխտավորները ծնրադիր, միաձայն եւ միահունչ երգեցին «Տեր ողորմյա»-ն, «Հայր մեր»-ը, «Սուրբ Աստված»-ը եւ աղոթք վերառաքեցին ի փառս Աստծո:

Ուշ երեկոյան ուխտավորները, հոգով զորացած, բռնեցին տունդարձի ճանապարհը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները