Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

«ԱՐԴ ԵՍ ՆՐԱՆՑ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԿՏԱՄ,
ԵՎ ՆՐԱՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ ՉԵՆ ԿՈՐՉԻ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Այնքան հայոց արյուն գնաց՝ արյուն մանկանց ու կտրիճի, Որ քիչ մնաց մանուշակն
էլ դաշտում փոխվեր ալ կակաչի, Մանուշակներն այն օրվանից թաքնվում են
թփերի տակ, Կարծում են, թե լուսնի մահիկն էլի թուրն է հայոց դահճի»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ատմությունը հաճախ է դաժան եղել մեր ազգի հանդեպ, ցավը մշտապես անբաժան է հայ ժողովրդից, բայց մենք, իբրեւ ժառանգներ մեր նախնիների, նույն ոգով եւ հավատով տոկացել ենք մեր ազգային հավաքականության համար ժամանակի դժվար քառուղիներում: Այդ տոկունության երաշխիքը մեզ համար եղել է միասնականությունը, մեր նախնյաց օրինակով՝ հավատի ու սիրո ճանապարհներով քայլելը: Եվ այսօր, իբրեւ ժողովուրդ, մենք հոգու պարտք ունենք անմեղ զոհերի եւ 44-օրյա Արցախյան պատերազմի նահատակված հերոսների առջեւ՝ իրականություն դարձնելու նրանց այն երազները, որոնք նրանք չհասցրին իրագործել: 1988-ի դեկտեմբերի 7-ը ժողովրդի պատմության սեւ էջերից մեկն է, բայց այն նաեւ մեր ժողովրդի անպարտելիության, ցավին ընդդիմանալու եւ վերստին հառնելու ապացույցն է:

Սակայն չդիմացավ, ծնկեց յոթը եկեղեցիների, արհեստների եւ արվեստների քաղաք Գյումրին: Վերապրողների համար թերեւս աննկարագրելի զգացում էր, իսկ այն սերունդը, որ այս տարիների ընթացքում ծնվեց, մեծացավ եւ արդեն ունի իր ընտանիքը, երկրաշարժը տեսնում է միայն տարեցների աչքերի մեջ: Հետեւաբար՝ վերապրողներիս համար երկրաշարժի խորհուրդը չի հնանում, չի աղոտանում, այլ, ընդհակառակը, որքան հեռանում ենք, այնքան ավելի ենք զգում կորստի մեծությունը, որովհետեւ այն նշանակում է նոր սերունդներ, որոնք չծնվեցին, նոր կառուցումներ, որ չիրականացան, նոր անելիքներ, որ չարվեցին:

Միանշանակ անվարան է մեր հավատը: Դարեր շարունակ բազում հոգս ու փորձություն հաղթահարած, մեծաթիվ մահեր ոտնակոխած եւ միշտ փյունիկի նման մոխիրներից վեր հառած ու կառուցող մեր ժողովուրդը կերտելու է իր վաղվա լուսառատ օրը, հայոց գալիքը, քանզի «մեր Տերն Ինքը՝ Հիսուս Քրիստոս եւ Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ, Իր շնորհով մնայուն մխիթարություն եւ հաստատուն հույս տվեց մեզ» (Բ Թեսաղ. Բ 16) եւ օրհնեց մեր ժողովրդի ջանքերն ու արդար հույսերը:

Արդեն երեսուներեքերորդ անգամ աշխարհի բոլոր ծագերում բնակվող համայն հայությունը վերստին ապրում է ծանրագին կորստի ցավը եւ հայոց եկեղեցիներից, ողորմածության ու գթության հայցով, խնկաբույր աղոթք առաքվում առ Աստված՝ երկրաշարժի բազմահազար զոհերի հոգիների խաղաղության համար:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ «ԱՂՈԹԵՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ…»

Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, օրվա առիթով, մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հավարտ սրբազան արարողակարգի, կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց եւ հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ Շիրակի թեմի մյուս եկեղեցիներում:

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՄՈՏ

Առավոտյան ժամը 11:41-ին՝ ճիշտ այն ժամին, երբ տեղի ունեցավ ահեղ երկրաշարժը, հոգեւորականաց սգո թափորը, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի գլխավորությամբ, նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի եւ ավագանու անդամների հետ, Ս. Աստվածածին մայր եկեղեցուց ուղղվեց, վերակառուցված Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող, «Անմեղ զոհերին եւ գթության սրտերին» հուշարձան-կոթող, որն աղետը հիշեցնող խոսուն վավերագիր է եւ ապագայի, հույսի, սիրո, հավատի մարմնացում, մահվան նկատմամբ կյանքի տարած հաղթանակի խորհրդանիշ:

Այո՛, անվարան է, դարերի հոլովույթում բազում փորձություններ հաղթահարած եւ բազում մահեր ոտնակոխած, մեր հավատը, անկոտրում՝ մեր ոգին եւ հավերժ՝ մեր հույսը:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ «ՀԻՇԱՏԱԿՆ
ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»

Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մտուցելու էին եկել նաեւ Ազգային Ժողովի պատգամավորներ, քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մեծաթիվ հյուրեր տարբեր երկրներից:

Հուշակոթողին ծաղկեպսակներ զետեղելուց եւ ծաղիկներ խոնարհելուց հետո, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազանի, կատարվեց հոգեհանգստյան հատուկ կարգ՝ զոհվածների հոգիների խաղաղության համար:

Խունկ, մշտահունչ աղոթք եւ հավերժական օրհնություն երկրաշարժի զոհերի անմահ հիշատակին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները