Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

ԵՎ ԱՂՈԹՔՆ ԷՐ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿԻՑԸ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ԹԵՄԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

րդարեւ, մարդու կյանքն արժեւորվում եւ իմաստ է ձեռք բերում, երբ անհատն այդ կյանքն ապրում է Աստծո հետ: Մենք մեր պատմությունից գիտենք բարի օրինակներ, թե ինչպես են մեր հայրերն ապրել՝ իրենց կյանքը դարձնելով ամբողջական նվիրում երկնային Տիրոջը, ապրել են Քրիստոսի սուրբ հավատքով՝ չզլանալով անգամ, հարկ եղած դեպքում, արյուն հեղել ի պաշտպանություն իրենց հավատքի ու սրբությունների:

ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ

Ուխտավորների առաջին հանգրվանն էր Եռաբլուրը, ուր ննջում են 44-օրյա Արցախյան գոյամարտի մեր հերոս, քաջարի տղաները: Այստեղ եկել էինք, որ լուռ խոնարհվենք…:

Հիրավի հերոսության գրավականն է անձնազոհությունը ներքին, ենթագիտակցական պայքարում ծնվող մղումը, երբ, հերոսության շեմին կանգնած, հայրենիքի զինվորը վերապրում է իր կյանքի լուսավոր պահերը եւ, նվիրական սրբություններով տոգորված, հոգով վեր է խոյանում դեպի անմահություն…: Ռազմահայրենասիրական գիտակցությունը սնվում է պատմական հիշողությունից: «Վայ այն ժողովրդին, որի անցյալն իր համար լոկ մի գերեզման է անխոս: Չկա ավելի մեծ ծառայություն իր ժողովրդին, քան պատմագրումը նրա անցյալ կյանքի» (Գարեգին Նժդեհ):

Հայոց բազում այլ հաղթանակներին իրենց կյանքը նվիրաբերած հերոսները, գիտակցված զոհաբերությամբ, մեր ազգի արիականության, արժանապատվության, անկախության գաղափարը կրող ջահակիրներն են: Ուխտավորները Եռաբլուրի Ս. Աստվածածին եկեղեցում վառեցին իրենց մոմերը, աղոթք առաքեցին առ Ամենակարող Տերը` մեր նահատակ սուրբ որդվոց հոգիների խաղաղության համար:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորները դարձյալ ճանապարհին են… Շարժվում են դեպի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հայ ժողովուրդն իր պատմության դժնդակ պահերին անգամ եկեղեցի է կառուցել: Այո, ինչպես դարեր առաջ, 642 թվականին, Ներսես Շինող Կաթողիկոսը, կառուցելով Զվարթնոց տաճարը, այնտեղ զետեղեց Սուրբ Լուսավորչի մասունքները, այնպես էլ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, շատ տարիներ անց, արդեն մեր օրերում, Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի հոբելյանական տարում, ավարտելով կառուցումը Երեւանի մայր եկեղեցու, սրբացրեց այն մեր հավատի հոր սրբազան մասունքներով:

Արդ, մայր եկեղեցին այսօր վեր է խոյացել իր ողջ վեհությամբ ու գեղեցկությամբ: Աստծո կամոք Գարեգին Բ Հայրապետին էր վերապահված պատմական մի առաքելություն եւս՝ նա էր տարագրությունից հայրենիք բերելու Լուսավորիչ Հայրապետի մասունքները եւ դրանք տեղադրելու մայր եկեղեցում: 2000 թվականի նոյեմբերի 13-ին Վեհափառի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Վատիկանից՝ իր հետ բերելով հայոց առաջին հայրապետի մասունքները, որոնք նրան էր հանձնել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանպետ Հովհաննես-Պողոս Բ Պապը:

Ուխտավորները խոնարհվեցին, գավթի կենտրոնական մասում զետեղված, մեր հավատքի հոր մասունքների առջեւ, քանզի «այսօր է, զոր արար Տէր, եկայք ցնծասցուք եւ ուրախ եղիցուք» (Սաղմ. 117:24), քանզի «ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:

ԶՈՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ըստ 17-րդ դարի պատմագիր Առաքել Դավրիժեցու՝ «ի վաղեմի ժամանակաց» գոյություն ուներ մատուռ, ուր ամփոփված են Ս. Անանիա Առաքյալի մասունքները: Հետագայում մատուռը դարձել է վանք՝ Մովսես Գ Տաթեւացու նախաձեռնությամբ 1629-32 թվականներին, եւ հաստատվել է միաբանություն: Անանիա Առաքյալը Քրիստոսի 72 աշակերտներից մեկն էր, որ համարվում էր նաեւ Սուրբ Առաքյալներ Պետրոսի եւ Անդրեասի աշակերտը: Հետագայում նրա սուրբ նշխարները բերվեցին Հայաստան եւ ամփոփվեցին Երեւանում: Անանիայի դամբարանը դարձավ ուխտատեղի, ապա վանք եւ կոչվեց Անանիայի անապատ:

Ինչպես գիտենք Սուրբ Գրքից՝ Տերն Անանիա Առաքյալին օժտել էր բազում շնորհներով, նաեւ հրաշագործությամբ: Նրա սրբասուն նշխարներն էլ իրենց մեջ կրում են սքանչելագործ զորություն: Ի մոտո Ս. Անանիա վանքի գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին: Այն կառուցվել է Նահապետ Ա Եդեսացի (1691-1705) Կաթողիկոսի օրոք, 1693 թվականին, խոջա Փանոսի միջոցներով: 1955-1994 թթ., Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի ժամանակ, եկեղեցին նորոգվել է եւ կառուցվել է Ս. Սեղանը, որի որմնանկարը պատկերել է Երվանդ Քոչարը:

Ուխտավորները խոնարհվեցին Սրբի մասունքների առջեւ՝ միանշանակ հավատալով, որ Սրբի զորավոր բարեխոսությունը Տիրոջ առջեւ ուժ ու կարողություն կտա խնդրողին՝ կյանքի բազում դժվարությունները դիմակայելու համար:

Հիրավի, երբ ոտք ես դնում Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցու շեմին, ներքուստ «լսում» ես Տիրոջ խոսքերը, որ ասաց Մովսեսին. «Կոշիկներդ հանիր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է» (Ելք Գ 5):

Տա Աստված, որ մեր ազգը նորից ճշմարտապես Քրիստոսին դառնա, եւ հողը սրբվի մեր ոտքերի տակ, եւ ամենուր հնչի Տիրոջ խոսքը. «Հանիր կոշիկներդ, այս հողը սուրբ է»:

ՆՈՐՔԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտագնացների նախավերջին հանգրվանը Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ, ըստ պատմածների, կատարվել են շատ հրաշքներ: Ընդհանրական աղոթքից եւ երկրպագությունից հետո, երանավետ երջանկությամբ եւ բազմախորհուրդ շարականների երգեցողությամբ, ուխտավորները շարժվեցին դեպի Ս. Աննա եւ Ս. Աստվածածին եկեղեցիներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները