Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

«ԶՍՐԲՈՅ ԽԱՉԻՆ ՄԵԾ ԵՒ ԿԱՐՕՂ ԶՕՐՈՒԹԻՒՆ
ԱՆՁԱՆՑ ՄԵՐՈՑ Ի ՏԵԱՌՆԷ ԽՆԴՐԵՍՑՈՒՔ»
ՕԾՎԵՑ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԻ ԽԱՉԸ

«Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս, յորժամ երեւիս փառօք Հ
օր ընդ ամպս լուսաւորս»:
ԺԱՄԱԳԻՐՔ

որ ժամանակները բոլորովին նոր մարտահրավերների առջեւ են կանգնեցրել մարդկությանը, հետեւաբար նաեւ քրիստոնյա ողջ աշխարհին: Սակայն հայ ժողովրդի աստվածասեր ոգին դարեր շարունակ արտացոլվում է եկեղեցաշեն հիանալի գործերում՝ որպես դրսեւորում աննկուն ու անպարտելի հավատքի, սրբազան արժեքների հանդեպ հավատարմության:

Անիի տարածաշրջանի Գուսանագյուղում նոյեմբերի 6-ը նշանավորվեց, գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվելիք, խաչի սրբալույս Մյուռոնով օծմամբ, որը կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Գուսանագյուղը (նախկինում՝ Ղափլի, որ նշանակում է քարե դարպաս) եւս Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է, որի անցյալը բոլորովին անհայտ է պատմությանը: Գտնվում է Գյումրիից 20 կմ հարավ-արեւմուտք:

Հարուստ պատմություն ենթադրող իշխանանիստ գյուղում այսօր ժամանակի թանձր քողով են ծածկված պատմական շատ հուշարձաններ: Մերօրյա բնակիչները ծանոթ են միայն 19-րդ դարավերջին եւ քսաներորդի սկզբներին, 1898-1912 թվականներին կառուցված, եկեղեցու պատմությանը: Այն, շինարարական ու կառուցողական բավականին հետաքրքիր առանձնահատկությունների շնորհիվ, որոշակի արժեք է ներկայացնում:

Սուրբ Խաչ եկեղեցին, ընդարձակ ուղղանկյուն դահլիճով, գմբեթակիր կառույց է: Ժամանակին գմբեթը հանգչում էր ներսում դրված ութակող մույթերի, վերջիններիս հանդեպ պատերին կից ձգվող կիսամույթերի եւ դրանք միմյանց միացնող կամարների վրա: Աղոթատունը կառուցված է սեւ տուֆի սրբատաշ քարերով, կրաշաղախով:

1926 թվականի երկրաշարժի ժամանակ քանդվել է եկեղեցու գմբեթը: Արեւելյան եւ հարավային ճակատը զարդարում են քանդակված խաչքարերը:

Ժամանակին քարերով շարվել եւ փակվել են հյուսիսային ու արեւմտյան դռները, բայց այժմ, բարերարների շնորհիվ, դրանք բացվել են, իսկ հարավային դուռը միշտ բաց է եղել: Եկեղեցու դահլիճն արեւելյան կողմից ավարտվում է կիսակլոր աբսիդով, ցածր բեմով, որի երկու կողմերում խորաններն են: Հարավային կողմում է գտնվում մկրտության ավազանը:

Վաղ առավոտից մարդաշատ էր եկեղեցու բակը: Ներկաներին հիշողությունները հեռուներն էին տանում: Ավագ սերնդակիցների դեմքին անպատմելի ու անասելի մի խաղաղություն էր իջել: Նրանց շուրթերն աղոթք էին մրմնջում: Բյուր աղոթք նրանց, ովքեր կերտեցին Աստծո այս տունը՝ պահպանությունն ավանդելով գալիք սերունդներին…

Մինչ օծման հանդիսավոր արարողակարգն սկսելը՝ հանդիսադիր Առաջնորդ Սրբազանը ներկաներին դիմեց պատգամով՝ առանձնակի հիշեցնելով օրվա խորհուրդն ու այցելության նպատակը:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՊԱՏԳԱՄԸ

Սիրելի՛ ներկաներ, այսօր ձեր գյուղում շատ կարեւոր արարողություն է: Նախկինում եկեղեցու գմբեթը չկար, բայց այժմ դրված է, թեպետ այն դեռ վերջնականը չէ: Տա Աստված, որ մի օր հնարավորություն ունենանք քարաշեն գմբեթը վերականգնել: Իսկ եթե մենք չհասցրեցինք, չկարողացանք, ուրեմն երեխաները, երիտասարդները թող մտածեն այդ ուղղությամբ, չհամարեն, որ սա վերջնականն է, այլ, հնարավորության դեպքում, քարաշեն, հայկական ավանդույթին համարժեք գմբեթ կառուցեն: Բայց հիմա համայնքապետի գլխավորությամբ, լիազորի մասնակցությամբ, մենք էլ մեր կողմից, սիրելի շինարարների, Սուրենի օգնությամբ, օժանդակությամբ եւ միջոցներով այս գմբեթի հարցն այսպես լուծեցինք, որպեսզի մնացած հարդարանքի աշխատանքն էլ կատարվի ու ավարտվի եւ ձեր եկեղեցին իր դռները բացի հավատավորների առջեւ եւ այստեղ արդեն նորմալ, բնականոն արարողություններ՝ այսինքն՝ մկրտություն, պսակադրություն, Ս. Պատարագ եւ մնացյալ բոլոր արարողությունները կատարվեն:

Եկեղեցին նրա համար է, որպեսզի մարդուն ուղեկցի ծննդից մինչեւ մահ: Մարդը ծնվում է, գալիս է եկեղեցի մկրտվելու, մեծանում է եկեղեցում, պսակադրվում է եկեղեցում, իր երեխաներին, թոռներին է մկրտում ու պսակում եկեղեցում: Իսկ երբ ժամանակը գալիս է եւ հանգչում է, դարձյալ բերվում է եկեղեցի եւ եկեղեցուց է տարվում հավիտյան հանգստի: Դրա համար է եկեղեցին: Դուք, ժողովուրդ, երբեմն շատ նեղացրել եք եկեղեցու իմաստը եւ նշանակությունը: Օգտագործում եք միայն մոմ վառելու համար: Մոմ վառելն իր տեղը, նշանակությունը, անհրաժեշտությունն ունի, բայց միայն մոմ վառելու հմար չէ եկեղեցին: Երեխաներին մկրտելու, պսակելու, կիրակի օրը եկեղեցի գալու, Ս. Պատարագին ներկա գտնվելու եւ մնացած արարողությունները կատարելու համար է: Եթե միայն մոմ վառելու համար լիներ, այսքան մեծ եկեղեցի պետք չէր լինի: Մի փոքրիկ բան կկառուցեինք, կգայիք, մոմ կվառեիք, դուրս կգայիք: Ինչո՞ւ է եկեղեցին այսքան մեծ. որպեսզի գյուղի բնակչությունը կարողանա տեղավորվել, հավատացյալ ժողովուրդը կարողանա այստեղ հավաքվել: Այնպես որ մենք շնորհակալություն ենք հայտնում համայնքապետին կամ երկու համայնքապետերին, հիմա այնքան բան փոխեցին, փոփոխեցին համայնքապետ հասկացողությունը, որ չենք հասցնում հետեւից:

Ուրեմն՝ մեծ համայնքապետին Անի համայնքի ու նաեւ գյուղապետին մեր շնորհակալությունը, որ իրենք նախաձեռնեցին այս եկեղեցու վերաշինությունը: Մեր մեծ շնորհակալությունն այս պահին մեր սիրելի Սուրենին եւ իր ընկերներին, որ մեր ցանկությամբ, մեր առաջարկով, մեր խնդրանքին ընդառաջ արեցին սա եւ բերեցին ու օժտեցին եկեղեցին այս գեղեցիկ գմբեթով: Մինչեւ եկեղեցու շինարարությունն ավարտվի, եւ մենք գանք եկեղեցին օծենք ու բացենք, այսօր եկել ենք, որպեսզի խաչն օծենք, բարձրացնենք, տեղը դնենք, որ այն պահապան լինի ձեր գյուղին, ժողովրդին, նպաստի ձեր ամեն լավ ու բարի նպատակներն իրագործելուն, նաեւ խթանի, որպեսզի, գարնան գալու հետ, եկեղեցու նորոգությունն սկսվի ներսից եւ դրսից ու ավարտին հասցվի: Կարեւոր չէ՝ նույն տարվա մեջ կավարտվի, երկու տարի կտեւի, քանի տարի կտեւի: Օրինակ՝ քսան տարի սպասեցինք, մինչեւ Մարալիկի եկեղեցին եղավ, բայց եղավ, փառք Աստծո: Ուրեմն՝ հավելյալ շտապողականություն պետք չէ, բայց պետք է հանգիստ շտապել եւ հանգիստ հասնել նպատակին: Դրա համար հիմա խաչի օծումն ենք կատարելու եւ խնդրում եմ, որ բոլորդ լուռ հետեւեք արարողությանը, որպեսզի տեսնեք, թե խաչն ինչպես պետք է օծենք: Օծելուց հետո կմոտենաք, կհամբուրեք, ապա կբարձրացվի եւ կտեղադրվի գմբեթին. շնորհակալություն:

ԽԱՉԻ ՕԾՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Հավատավոր գուսանագյուղցիների ներկայությամբ, հենց եկեղեցու բակում, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, ապա, համաձայն մեր հոգեշնորհ հայրապետների կողմից կանոնակարգված արարողության, տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը նախ ջրով, ապա գինով լվաց խաչը, այնուհետեւ, սուրբգրային համապատասխան ընթերցվածներից հետո, հանդիսադիր Սրբազան Հայրը սրբալույս Մյուռոնով տյառնագրեց «զակն», «զթագն», «աջ եւ ահեակ թեւսն եւ զբունն…»:

Հավարտ սրբազան արարողակարգի՝ «Խաչի քո Քրիստոս» շարականի երգեցողությամբ, հոգեւորականաց դասն ու ներկա բարեպաշտ գուսանագյուղցիները, ծիսակատար Սրբազան Հոր հորդորով, համբուրեցին նորաօծ խաչը եւ խոնարհվեցին նրա առջեւ: Ապա կրկին իր խրատ-հորդորով ներկաներին դիմեց Սրբազան Հայրը՝ ի մասնավորի նշելով. «Օծման արարողությունն ավարտվեց, խաչն օծեցինք. որեւիցե մի բան համարվում է սովորական իր, նյութ, քանի դեռ չի օծվել սրբալույս Մյուռոնով: Սրբալույս Մյուռոնով օծվելուց հետո ենք մենք ընդունում Աստծո շնորհները, երբ մկրտվում ենք: Սրբալույս Մյուռոնով օծվելով է քահանայական աստիճան ստանում հոգեւորականը, եպիսկոպոսական աստիճան է ստանում եպիսկոպոսը, կաթողիկոսական աստիճան՝ կաթողիկոսը: Նաեւ սրբալույս Մյուռոնի միջոցով է, որ ահավասիկ խաչը զորություն է ձեռք բերում, եկեղեցին զորություն է ձեռք բերում, քարը, որի վրա սրբալույս Մյուռոնն ենք դրոշմում, զորություն է ձեռք բերում` փոխանցելու համար մեզ աստվածային օրհնությունը: Ոչ թե օծված իրը դառնում է Աստված, այս մետաղն Աստված չէ, այլ երբ մենք սրբալույս Մյուռոնով օծում ենք, Աստված ներգործում է մետաղի միջոցով մեր կյանքում, եթե մենք այդ հավատքն ունենք:

Անհավատի համար ոչ մի բան էլ չի գործում, իսկ հավատացյալի համար կգործի, եթե նպատակը բարի է: Այնպես չէ, որ հավատացյալը կարող է ամեն ինչ խնդրել Տիրոջից, նաեւ վատ բաներ, եւ Տերը պիտի տա: Այդպես չէ: Տերը կատարում է մեր բոլոր այն խնդրանքները, որոնք բարի են եւ Իր կամքի մեջ են ու Իր կամքին համաձայն: Այնպես որ ահավասիկ առաջին քայլը կատարվեց եկեղեցվո վերականգնման գործի. խաչն օծվեց, հիմա կբարձրացվի, կդրվի եւ պահապան կլինի ձեր գյուղին, ձեր ընտանիքներին ու ձեր երեխաներին: Բայց, ինչպես ասացի, միայն այդպես չպիտի ապավինեք, այլ պիտի կատարեք այն, ինչ Տերը կամենում է, որ կատարեք: Ժամանակին ձեր երեխաներին մկրտեք. հիմա, որ հարցնեմ՝ այս երեխաներից քանիսն են մկրտված, պիտի ամաչեք դուք էլ, ես էլ: Դրա համար չեմ հարցնում: Այդ բանը պիտի դադարի եկեղեցու կառուցումից հետո: Երեխան ծնվեց, քահանան պիտի անպայման անմիջապես գյուղ հրավիրվի քառասուն օրվա ընթացքում` երեխային մկրտելու: Էլ չեմ ասում, որ պիտի գա օրը, երբ այն գաղափարն ունենաք, որ ձեր գյուղից մեկին ուղարկեք, գնա, հոգեւորական դառնա եւ վերադառնա ու ձեր գյուղի հոգեւորականը լինի, որ չմնաք եկող հոգեւորականների հույսին: Դրսի հոգեւորականների հույսին չպիտի մնաք: Ամեն գյուղ իր հոգեւորականը պետք է ունենա:

Երկար չխոսեմ, որովհետեւ գործ ունենք անելու: Բայց իմացեք, որ անելիք ունենք յուրաքանչյուրս` մեծ, թե փոքր, տղամարդ, թե կին: Աչքներդ լույս լինի, ուրախ եմ այս գործի համար: Դարձյալ շնորհակալություն համայնքապետերին, սիրելի Սուրենին, մեր լավ ընկերոջը` Հովհաննսին, որ վստահաբար կողքից օգնել է եւ բոլոր բոլորին, ովքեր փոքր-ինչ լումա են ունեցել: Ուրեմն՝ այս ընթացքում հիմա կմոտենաք, խաչը կհամբուրեք եւ հետո այն կբարձրացվի ու կդրվի գմբեթին, մինչեւ այդ ընթացքում համայնքապետը պատվոգրեր հանձնի նրանց, ում նկատի են ունեցել»:

Այնուհետեւ, ներկաների հայացքների ուղեկցությամբ, վեր բարձրացվեց նորոգ օծյալ խաչը եւ տեղադրվեց Սուրբ Խաչ եկեղեցու երկնաբարձ գմբեթին:

Ի դեպ՝ Անիի տարածաշրջանի համայնքապետ Արտակ Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց Առաջնորդ Սրբազան Հորը՝ հիշարժան նախաձեռնության համար եւ հանձնեց պատվոգիր:

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Սրբազան արարողակարգին ներկա էին բարերարներ Սուրիկ Թովմասյանը, Հովհաննես Տոնոյանը, գյուղապետ Վասակ Ղազարյանը, հանրակրթական դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը, աշակերտներ եւ մեծաթիվ գուսանագյուղցիներ:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները