Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին
հակառակ է:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

նդհանրական Եկեղեցու ամենանշանավոր եւ շնորհաշատ հայրապետներից մեկն է Հովհաննես Ոսկեբերանը: Ծնվել է 347-ին, Անտիոքում: Միամոր զավակն էր հռոմեական բանակում ծառայող զորավարի, որ, սակայն, վաղ մահանալով, որդու խնամքն ու դաստիարակությունը թողեց կնոջը՝ Անթուսային: Վերջինս թեեւ որդուն դաստիարակեց քրիստոնեական հավատքով, սակայն մկրտեց բավականին ուշ՝ չափահաս տարիքում, Անտիոքի եպիսկոպոս Սուրբ Մելիտոսի ձեռամբ:

Հովհաննեսն ուսում ստացավ Անտիոքում: Նախ օրենսդրություն եւ հռետորություն ուսանեց մեծ հռետոր Լիբանոսի մոտ, ապա աստվածաբանություն՝ Անտիոքյան դպրոցի մեծագույն ներկայացուցիչ Դիոդոր Տարսոնացու մոտ: Երիտասարդ տարիքից ընտրեց ճգնավորի կյանքը: Ճգնում էր սկզբում տանը, քանի որ մոր խնամքն իր ուսերին էր ծանրացած, ապա, նրա մահվանից հետո, քաշվեց անապատ (378-381 թթ.) ու ապրեց այնպիսի խստակյաց կյանքով, որ վնասեց առողջությունը եւ հարկադրված վերադարձավ Անտիոք: 381-ին Մելիտոսի ձեռամբ սարկավագ ձեռնադրվեց, իսկ 386-ին Մելիտոսին հաջորդած Փլաբիանոսը ձեռնադրեց քահանա: Իր գեղեցիկ ու պերճաշուք քարոզների համար ժողովրդի կողմից ստացավ «Ոսկեբերան» տիտղոսը, որ մնաց որպես մականուն:

398-ին, հակառակ իր կամքի, ընտրվեց Կ. Պոլսի պատրիարք՝ հաջորդելով Նեկտարիոսին: Այստեղ եւս նա վաստակեց բարի եւ սրբակենցաղ, ինչպես նաեւ անարդարությունների եւ ցոփ ու շվայտ կյանքի դեմ գնացող քաջ հովվապետի անուն: Այդ իսկ պատճառով 403-ին գահընկեց արվեց Կաղնյաց ժողովի կողմից եւ աքսորվեց Բյութանիա՝ դատապարտվելով 29 ամբաստանություններով, որոնցից միայն մեկն էր ճշմարիտ, այն է՝ Եվդոքսիա կայսրուհու հանդեպ ունեցած անպատշաճ ակնարկությունները: Ժողովը նախագահում էր Ոսկեբարանի հակառակորդը՝ Ալեքսանդրիայի պատրիարք Թեոփիլոսը, որ փափագում էր դառնալ Կ. Պոլսի պատրիարք: Մեկնումի գիշերը, սակայն, Կ. Պոլսում այնպիսի ահավոր երկրաշարժ եղավ, որ զարհուրած կայսրուհին ամուսնուց Սրբին ետ կանչելու արտոնություն ստացավ: Ոսկեբերանն այս անգամ առավել խստությամբ քարոզեց արքունիքի զեխությունների դեմ, ինչն ստիպեց թուլամորթ Արկադիոս կայսրին եւ Եվդոքսիա կայսրուհուն վերստին գահազուրկ անել նրան եւ այս անգամ արդեն աքսորել Հայաստան, ապա՝ Կոկիսոն, հետո՝ Պոնտոս, ուր տանող ողջ ճանապարհը Սուրբն անցավ ոտքով: Նահատակվեց Կոմանա քաղաքում, Ս. Բասիլիսկոսի վկայարանի մոտ, 407 թվականին:

Նրա մարմինը Կ. Պոլիս տեղափոխվեց 434-ին, իր աշակերտ Պրոկղի պատրիարքության օրոք եւ ամփոփվեց Ս. Առաքելոց եկեղեցում, ուր 404 թ. թաղվել էր նաեւ իր ոխերիմ հակառակորդը՝ Եվդոքսիա թագուհին:

Ոսկեբերանի մեզ կտակած աշխատություններում աչքի են ընկնում Ս. Պատարագը, որից շատ տարրեր անցել են նաեւ մեր Ս. Պատարագի արարողակարգ, քահանայության մասին գրած ճառը, մեծաթիվ աղոթքներ, բազմաթիվ անկրկնելի քարոզներ, Սուրբգրային մեկնություններ, որոնք մեծավ մասամբ Ե դարում թարգմանվել են հայերեն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները