Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին
հակառակ է:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  


 

       

«ՏԷՐ, ԵԹԷ ԶՇՐԹՈՒՆՍ ԻՄ ԲԱՆԱՍ, ԲԵՐԱՆ ԻՄ ԵՐԳԵՍՑԷ
ԶՕՐՀՆՈՒԹԻՒՆՍ ՔՈ»

պրել հայրենիքում եւ չիմանալ, նրա պատմության մի մասը կազմող, մշակութային արժեքների մասին, առնվազն ամոթալի է: Անշուշտ, յուրաքանչյուր ուխտագնացություն հավատքի հաստատում է ու մի նոր օրհնություն ուխտավորի կյանքի ճանապարհին, նաեւ միաձուլումն է մեր սուրբ հայրերի հավատքին, Քրիստոսին ապավինելու գիտակցության բարձրացման: Սեպտեմբերի 19-ին մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ստանալով Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, իրենց ուխտի հաստատման նպատակով եւ մեր Եկեղեցու մեծագույն Սրբերի բարեխոսության ակնկալիքով, մեկնեցին ուխտագնացության՝ առաջին կանգառն ընտրելով Տաթեւի վանական համալիրը: «Չորրորդ լուսավորիչ»,- այսպես են անվանում Ս. Գրիգոր Տաթեւացուն, ում ուսմունքը Հայ Եկեղեցու վարդապետության հիմքն է, իսկ մասունքներն ամուր հենարան են հավատացյալների համար:

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Անդնդախոր ձորի եզերքին վեր է խոյանում Տաթեւի հրաշք վանքը: Արդարեւ, հոյակերտ իր գեղեցկությամբ հայ ճարտարապետության բացառիկ արարումներից է, որ դարեր շարունակ եղել է հայոց հոգեւոր կյանքի, գիտության ու մշակութային պայծառ կենտրոն: Իր առաքելությամբ Տաթեւի վանքը հավատքի եւ դեպի Աստված ձգվող ուղու բարձունքն է: Այստեղ սրբեր են ապրել ու ամփոփվել: Այստեղ են առատ աղոթքն ու օրհնությունը: Նվիրական այս ուխտավայրում մեր հոգին նախնյաց հետ է, զորեղ՝ նրանց հավատքի օրինակով եւ հավատքի գործերով:

Ահա եւ հեռվում երեւաց գմբեթներից մեկը, հետո մյուսը: Մեր երազած սրբավայրում ենք: Սա միայն եկեղեցի չէ սովորական իմաստով: Սա նաեւ մեր նախնյաց սուրբ հավատի նորանորոգ ամրոցն է, այն ոգեղեն զրահը, որի դեմ այլեւս անզօր պիտի մնան շրջապատի տարանուն փորձիչները: Վանքը հիմնվել է 4-րդ դարում: Գլխավոր՝ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին ավելի քան հազար հարյուր տարի առաջ կառուցվել է Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ: Սուրբ Պողոս-Պետրոս է կոչվում, որովհետեւ գլխավոր սյուների տակ զետեղված են Հիսուսի Պողոս եւ Պետրոս Առաքյալների մասունքները: Տաճարի հարավային մուտքի առջեւ 18-րդ դարում Հովակիմ արքեպիսկոպոսը կառուցել է Տաթեւացու դամբարանը, որի առջեւ էլ հենց խոնարհվեցինք:

Այստեղ՝ հոգենորոգ վանքի կամարների ներքո, ուխտի աղոթք առաքեցինք առ Աստված՝ հայցելով Տիրոջ ամենազոր Ս. Աջի հովանավորությունը եւ եռամեծ վարդապետի բարեխոսությունը. «Տեր, ինչ լավ է, որ մենք այստեղ ենք: Ինչ լավ է, որ եկեղեցում ենք, Ս. Պատարագի ենք ներկա եւ հաղորդակից: Քո Սուրբ Հաղորդության բաժակի հետ հարաբերվելով՝ կարողանում ենք տեսնել Քո աստվածային փառքը»:

Վանական համալիրի բակում է գտնվում մտավոր սլացքի ու ճախրանքի գավազան-սյունը, որ գրականության մեջ հայտնի է «Գավազան զորության եւ արդարության» անվամբ: Ստեփանոս Գրելյանը գրում է. որ երբ կառուցվում է Տաթեւի վանքը՝ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին (906 թ.), նրա առջեւ կանգնեցվում է Սուրբ Երրորդությանը նվիրված սյունը: Հավելենք նաեւ, որ համանման սյուներից է նաեւ Տաթեւի սյունը, սակայն այն տարբերվում է չորս հատկանիշերով:

Աուրբ Տաթեւի սյունն ամենաբարձրն է՝ 7.89 մետր:

Բ. Այն միակն է, որ չի ավերվել եւ ավարտվում է սյունը պսակող ծակոտկեն խաչով: Շնորհիվ խաչի նման հորինվածքի՝ արեւի ճառագայթները թափանցում են խաչի միջով եւ, լուսեղեն գծագրմամբ, ընդգծում խաչի պատկերը: Թվում է, թե խաչը ճախրում է երկնային լույսերի մեջ:

Գ. Այն առկա սյուների մեջ միակ ճոճվողն է:

Դ. Միայն այս սյունն է, որ անվանվում է Գավազան-սյուն: Ցավոք, սյան ճոճվելու առանցքի եւ ճնշման հանդեպ զգայունությունը խախտվել է 1931 թ. երկրաշարժից հետո:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Տաթեւի վանական համալիրում ուխտավորները ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր վանքի վանահայր Տ. Միքայել վրդ. Գեւորգյանը: Հավարտ Սուրբ Պատարագի Հայր Սուրբը ներկաներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը:

Արդ, այսօր Սուրբը բարեխոսում է մեզ համար: Նրա նշխարները, իբրեւ ամուր հիմք, մեր ոտքերի տակ են, որպեսզի մեր հավատքն անսասան ու անհողդողդ լինի: Նրա հոգին սավառնում է երկնքի արքայության մեջ, տեսնում այստեղ հավաքվածներիս եւ պատրաստ է մեզ համար բարեխոսել:

Զորավոր վանքից ստացանք մեծ լիցքեր եւ, Հայր Սուրբի օրհնությունն ստանալով, շարժվեցինք գյուղի ծայրին գտնվող, 1646 թ. կառուցած, Ս. Մինաս եկեղեցի: Այստեղ երգեցինք հոգեթով շարականներ՝ Տիրոջից հայցելով խաղաղություն հայոց եւ համայն աշխարհին:

ՇԱՔԵԻ ՋՐՎԵԺԸ

Հաջորդ կանգառը, Սիսիան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող, Շաքեի ջրվեժն էր: Մոտ 18 մետր բարձրությունից թափվող հրաշք ջրվեժը համեմատում են Շաքեի ուսերից իջնող վարսերի հետ:

ՄԱՐՏԻՐՈՍ ԳՅՈՒՂԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Չորրորդ կանգառը Մարտիրոս գյուղի՝ 1866 թվականին կառուցված, Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Այն եղել է խոնարհված եւ վերակառուցվել է 1980-90 թթ.: Ունի երկու փոքր եւ մեկ մեծ խորան, երկու խորհրդարան: Կենտրոնում վեր է խոյանում նեղ ու սլացիկ գմբեթը, որի վրա քանդակված են սրբապատկերներ: Կառույցը հարուստ է նրբագործ քանդակներով, նախշերով: Գեղեցիկ քանդակներով զարդարված են նաեւ դռներն ու լուսամուտները: Եկեղեցու մուտքի մոտ կա մի խաչքար, որի վրա առկա է հետեւյալ արձանագրությունը. «Եկեղեցին կառուցվել է 1283 թ. Մխիթարի որդի Պռոշ իշխանի եւ նրա որդի Ամիրհասանի հրամանով», իսկ մուտքի դռան վերեւի մասում գրված է. «Յիսուս Քրիստոսի Ս. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»: Այստեղ է գտնվում Երուսաղեմից բերված Տիրոջ խաչելության պատկերը: Ուխտավորները Բարձրյալից խնդրեցին, որ Տերը խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր սրբազան երկիրն ու համայն ժողովրդին:

ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑԻՆ

Հրաժեշտ տալով Ս. Աստվածածին եկեղեցուն, ուղղվեցինք դեպի Վայք, ուր գտնվում է 2000 թվականին, Տեր եւ տիկին Գալուստ եւ Էմմա Սողոյանների բարերարությամբ կառուցված, Ս. Տրդատ եկեղեցին: Այստեղ եւս ուխտավորներս երգեցինք շարականներ, աղոթք բարձրացրինք առ Ամենակալ Տերը եւ գոհ սրտով տունդարձի ճանապարհը բռնեցինք ուշ գիշերին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները