Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին
հակառակ է:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  


 

       

ԽՆԿԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԳՅՈՒՄՐՈՒ
ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

զնվագույն գաղափարների հաղթանակին նիրված պայքարների մեջ ամենասուրբը հանուն քրիստոնեության և հայրենիքի մղված պայքարն է, իսկ ամենագովելի պայքարողը՝ քրիստոնյան: Անհերքելի ճշմարտություն է, որ հանուն հայրենիքի ազատագրության հերոսացած մարտիկները ժամանակի հոլովույթում չեն մոռացվում: Ժողովրդի կյանքում պայքարն ու պայքարողը հավերժանում են այն պարագայում միայն, երբ նրանց նպատակը ոչ թե երկիրն է իր տարածություններով, հարստություններով եւ անցողիկ փառքերով, այլ երկինքն իր օրհնություններով, սրբություններով ու հավիտենական կյանքով:

Անշուշտ, մարդկային կյանքի նպատակը երկրի վրա խավարի ուժերի դեմ պայքարն է՝ հանուն լույսի ու ճշմարտության հաղթանակի: Անկարելի է ատելությամբ սեր, հակառակությամբ միություն եւ պատերազմով խաղաղություն հաստատել մարդկանց ու ժողովուրդների կյանքում:

Սեպտեմբերի 27-ին՝ ճիշտ մեկ տարի անց, «Անմահության ճանապարհին» խորագրով հուշ-ցերեկույթ ու խնկարկում էր Գյումրու թիվ 15 դպրոցում՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսացած դպրոցի շրջանավարտ վեց սաների՝ Գրիգորյան Մերուժանի, Սանասարյան Շիրազի, Հովհաննիսյան Գառնիկի, Եղոյան Սամվելի, Ասատրյան Նվերի, Ասատրյան Հրանտի հիշատակին:

Բեմից հնչում էին դպրոցի երգչախմբի (խմբավար՝ Ջեմմա Մխոյան) հոգի այրող երգն ու խոսքը: Երգն ու լռությունը խիստ խորհրդանշական էին, որ, ներդաշնակելով միմյանց, դառնում էին մեր համազգային ու համաժողովրդական ցավի ու վշտի թարգմանը: Այո, դա հարգանքի ու սիրո, ծնրադիր խոնարհումի հոգեւոր տուրքն էր հերոս զավակների մաքրամաքուր հիշատակին: Արժանապատիվ լռությունն իր «խոսքերում» տարողունակ հզոր ուժ եւ լիցքեր ունի: Այդ լռության խորին խորհուրդն անբեկանելի է ու մեծապես պարտավորեցնող: Միանշանակ, Աստծո օրհնության ներքո, մեր բանակը պիտի շարունակի վերակազմավորվել եւ նույն քաջարի ոգով շարունակել երաշխավորը լինել մեր հայրենիքի պետականության ու ժողովրդի անվտանգության:

Բացվեց նաեւ հուշատախտակ հերոսների նկարներով, որի բացման պատիվը տրվեց դպրոցի սան, արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինվոր Արտյոմ Սարուխանյանին:

Հուշ-ցերեկույթին ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մարզի կրթության բաժնի պետ Հրայր Կարապետյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հերոս տղաների ծնողներ, տատիկներ ու պապիկներ:

Հանդիսույթի առիթով դպրոց այցելած հյուրերին իր սրտի խոսքը հղեց ուսհաստատության տնօրեն Սեդա Համբարձումյանը:

Այնուհետեւ դիմելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն առնձնակի նշեց. «Ո՛չ խոսքերը, ո՛չ որեւէ քայլ մեր ցավը չեն կարող մեղմել, առավել եւս ձեր ցավը, սիրելի՛ ծնողներ: Թեթեւացնել մեր վիշտը հեշտ չէ, բայց մենք պետք է շարունակենք ապրել հանուն մեր անմահացած հերոսների, այսօր, վաղը եւ ապագայում պետք է հավատարիմ մնանք նրանց հիշատակի առջեւ, սրբագրենք նրանց սխրագործությունները: Երանի նրանց, որ ընկան մարտում ու ընկան հանուն հայրենիքի, հավերժ փառք ու խոնարհում նրանց հիշատակին»:

Թիվ 15 դպրոցում բացվեցին նաեւ Մերուժան Գրիգորյանի ու Գառնիկ Հովհաննիսյանի անվան դասասենյակներ: Դպրոցի տնօրինությունը հերոսների ծնողներին նվիրեց ծաղիկներ: Այսուհետեւ անվանակոչված դասասենյակներում ուսումնառությունը կլինի խթան՝ Հայոց երկրի ապագայի կերտման ճանապարհին:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ձեռամբ Շիրակի թեմի ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն Տ. Նշան քհն. Պանֆյորովի օրհնվեցին, հերոսների անունները կրող, դասասենյակները եւ կատարվեց տնօրհնեքի կարգ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԼԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները