Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին
հակառակ է:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  


 

       

«ՍԱԿԱՅՆ ՔԱՎ ԼԻՑԻ ՈՐ ԵՍ ՊԱՐԾԵՆԱՄ ԱՅԼ ԲԱՆՈՎ,
ՔԱՆ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉՈՎ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ

«Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք եւ զսուրբ թաղումնդ Քո մեծացուցանեմք
եւ զսուրբ յարութիւնդ Քո փառաւորեմք… Փառք սուրբ խաչիդ, ալէլուիա…»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ոլոր ժամանակներում Աստված յուրաքանչյուր սերնդի մեջ Իր զորությունը ցույց է տալիս նյութական առարկաների միջոցով: Ճիշտ այդպես էլ աստվածային զորությունը խորհրդաբար բնակվում է նաեւ խաչի մեջ: Այո, Աստծո անսահման զորությունը խաչի մեջ բնակվում է այնպես, ինչպես, մտքի համար անըմբռնելի կերպով, բնակվում էր Հին Ուխտի այն տապանակում, որը ժողովուրդը երկրպագում էր երկյուղածությամբ եւ ջերմեռանդությամբ: Սակայն, ի տարբերություն Ուխտի տապանակի, խաչի եւ Խաչյալի խորին խորուրդը ներբողվում է աստվածաբանական ու դավանաբանական նուրբ ու մատչելի ընդհանրացումներով:

Փրկչական Խաչը խարիսխն ու վեմն է Եկեղեցու, այն սեղանն է սրբության եւ «զէնն յաղթութեան՝ ընդդէմ աներեւոյթ թշնամւոյն»: Քրիստոնեության ողջ պատմության ընթացքում խաչի իմաստը նույնը մնաց աշխարհի բոլոր քրիստոնյաների, ի մասնավորի հայ ժաղովրդի համար: Մեր պատմության ամենադժնի եւ անհուսալի պահերին ապավինեցինք Ս. Խաչի զարմանահրաշ զորությանը, քանզի խաչը ոչ միայն Հիսուսի կամավոր չարչարանքների, զոհաբերության ու մահվան խորհրդանիշն է, այլեւ խաչին հետեւող Հարության հավիտենական կնիքով դրոշմված մեր փրկությունը:

Հիսուսի Խաչը բարձրացավ, վերացավ, ի տես, նաեւ ի հեճուկս այս աշխարհի: Եվ որպես հակակշիռ Իրեն չընդունողների՝ Աստված «ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին եւ Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին»: Նրանք, ովքեր կվերցնեն իրենց խաչը եւ կհետեւեն Քրիստոսին, կարժանանան փառավորյալ ու լուսավոր վիճակի:

ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ «ԵԿԱՅՔ, ՀԱՒԱՏԱՑԵԱԼՔ,
ԵՐԿՐՊԱԳԵՍՑՈՒՔ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ Ս. ՆՇԱՆՍ»

Հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով արքայի հրամանով պարսկական զորքը, Խորյան զորավարի գլխավորությամբ, 610-ին հարձակվում է Հունաց երկրի վրա եւ մեծ ավերածություններ գործում: 614 թվականին մտնում է նաեւ Երուսաղեմ, ավերում այն, սրի քաշում բնակչության մեծ մասին, շատերին էլ գերեվարում:

Ի նախատինս Հերակլ կայսեր՝ գերեվարում է նաեւ փրկչական խաչափայտը եւ տանում Պարսկաստան: Հերակլ բարեպաշտ կայսրը, հաշտություն առաջարկելուց ու մերժվելուց հետո, մեծաթիվ զորքով շարժվում է Պարսից երկրի վրա՝ նպատակ ունենալով նաեւ վերադարձնել Փրկչի Խաչափայտը: Կայսրին իր ռազմական օժանդակությունն է բերում հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունի զորավարի գլխավորությամբ: Երբ Խոսրովը սպանվում է իր կավատ որդու ձեռքով, Հերակլ կայսրը գահն առաջարկում է Խորյանին, պայմանով, որ Խաչափայտը վերադարձվի: 629 թ. Խորյանն այն վերադարձնում է: Հաղթական Սուրբ Խաչը, հանդիսավոր թափորով, Հայոց Կարին քաղաքով տարվում է Կ. Պոլիս: Կայսրը, այդ սրբությունը երեք տարի Կ. Պոլսում պահելուց հետո, անձամբ, կառքի մեջ ծնկաչոք, ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում եւ, իր ուսերի վրա Գողգոթայի գագաթը հանելով, բարձրացնում Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից վերջնականապես հաստատվեց եւ մեծ հանդիսապետությամբ սկսեց տոնվել խաչի բարձրացման հիշատակը՝ ներբողելու եւ հավերժացնելու վերոնշյալ դեպքերը եւ խաչի զորությունն ու հաղթանակը:

Անշուշտ մենք խաչը դիտում ենք որպես Ամենակալի ներկայության մի վայր, Տիրոջ սրբարան ու Աստծո տնօրինական խորհուրդների շտեմարան: Արդ, այսուհետեւ արժանի լինենք հաղորդվել խաչի զորությանը՝ համբուրելով այն ոչ իբրեւ սոսկ խաչ, այլ իբրեւ խաչին գամված Աստծո զորություն, քանզի այսպես է ավանդում Սուրբ Գիրքը. «Այս է հաանգստավայրն իմ հավիտյանս հավիտենից, սրա վրա պիտի բնակվեմ, որովհետեւ հավանեցի սա» (Սաղմ. ՃԼԱ 14):

ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 12-ի կիրակի օրը՝ Խաչվերացի տոնին, մարդաշատ էր Ս. Նշան եկեղեցին: Արդեն քսանմեկ տարի է, ինչ Առաջնորդ Սրբազանի բարձր կարգադրությամբ, Խաչվերացի տոնը հայտարարված է Ս. Նշան եկեղեցու ուխտի օր:

Այստեղ, տոնի ուրախ առիթով եւ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում, ուխտավորաբար Ս. Նշան եկեղեցում գտնվող հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԹԱՓՈՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ «ԵԿԱՅՔ ՑՆԾԱՍՑՈՒՔ
ԵՒ ՈՒՐԱԽ ԵՂԻՑՈՒՔ Ի ՍՄԱ»

Համաձայն Հայ Եկեղեցու տոնացույցի՝ Խաչվերացի երեկոյան կատարվում է խաչի թափոր ու անդաստան: Այս հանդիսակարգը հաստատել է Սահակ Ձորափորցի (667-703) կաթողիկոսը:

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում հոգեւորականաց թափորը, շարականների երգեցողությամբ, դուրս բերեց հաղթական Սուրբ Նշանը՝ զարդարված ռեհանի թփերով ու ծաղիկներով, եւ, հանդիսապետ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի առաջնորդությամբ, ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր եւ կատարվեց անդաստան:

Թափորապետ Սրբազան Հայրը, բարձրացնելով խաչը, օրհնեց աշխարհի «արեւելյան կողմն ու հայոց հայրապետությունը», «արեւմտյան կողմն ու քրիստոնյաների թագավորությունը», «հարավային կողմն ու հողը, դաշտերը (անդաստանները) եւ տարվա պտղաբերությունը», «հյուսիսային կողմն ու վանքերը, քաղաքները, գյուղերը եւ այդտեղ բնակվող ժողովուրդներին»:

Յուրաքանչյուր կողմում կանգ առնելով՝ օրհնված վարդաջուր ցողեց թափորական ժողովրդի վրա: Անդաստանից հետո, դարձյալ թափորով մտնելով եկեղեցի, երգեցին «Խաչի Քո Քրիստոս երկիրպագանեմք» շարականը: Այնուհետեւ օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին:

Ի դեպ՝ որպեսզի Քրիստոսի Ս. Խաչը, պարսիկներից ետ վերադարձնելուց հետո, այլեւս վտանգի չենթարկվի, որոշվեց մանր կտորների վերածել եւ բաժանել Քրիստոնեական բոլոր Եկեղեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցուն տրված խաչափայտի մասունքը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Իջման Ս. Սեղանի վրա: Այն երկնային օրհնություն է հայ ժողովրդի համար:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սեպտեմբերի 13-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները