Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է, մեր ապագայ
գոյատեւման
երաշխիքն է:

 
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ
ՊԱՐԳԵՎԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

ուլիսի 15-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք՝ հայրենիքի խաղաղության եւ ապահովության համար, նաեւ տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից եկեղեցականների պարգեւաբաշխություն:

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության սպասավորները, թեմերից ժամանած քահանա հայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ փոխնախարար Արման Սարգսյանի:

Ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Հանրապետական մաղթանքից հետո, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը խորան բարձրացրեց Հայրապետական սրբատառ կոնդակները: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից «Ս. Ղեւոնդ Երեց» նորահաստատ շքանշանով պարգեւատրվեցին հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ. Պարգեւ արքեպս. Մարտիրոսյանը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Արցախի թեմի Առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը, Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը, Արագածոտնի թեմի Առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը, Ռումինիայի թեմի Առաջնորդ Տ. Տաթեւ եպս. Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր Առաջնորդ Տ. Մովսես վրդ. Սարգսյանը, Արցախի թեմից Տ. Սահակ վրդ. Շաքարյանը, Տ. Գեղարդ աբղ. Հովհաննիսյանը, Տ. Անդրեաս քհն. Թավադյանը եւ Տ. Հովհաննես քհն. Հովհաննիսյանը, Ս. Գեղարդավանքից՝ Տ. Արիս աբղ. Տոնոյանը, գնդերեցներ Հրաչյա սրկ. Ղազարյանը, Գոռ սրկ. Գյուրջյանը, Հովհաննես սրկ. Անդրյանը, Արտաշես սրկ. Ներսիսյանը, Մանավազդ սրկ. Մկրտչյանը, Վահե սրկ. Մկրտչյանը, Մկրտիչ սրկ. Տեր-Մկրտչյանը, Կարո սրկ. Ղարիբյանը եւ Հրայր սրկ. Լալայանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ վերջերս հաստատված «Ս. Ղեւոնդ Երեց» շքանշանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններից է, որը հայրապետական սրբատառ կոնդակով շնորհվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասին՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում դրսեւորած նվիրյալ ծառայության եւ գովարժան վաստակի: Այս առիթով Հայրապետական օրհնության գրեր շնորհվեցին նաեւ Մայր Աթոռում, թեմերում եւ ՀՀ ՊՆ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունում սպասավորող 38 եկեղեցականների:

Պարգեւաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:

«Սիրելինե՛ր, համախմբվել ենք Սուրբ Գայանե նվիրական վանքում՝ գնահատանքի եւ պարգեւի արժանացնելու արցախյան 44-օրյա պատերազմում մեր զինվորներին աղոթքով զորացրած, արիագործության քաջալերած եւ Աստծո խոսքով մխիթարած հոգեւորականներին:

Ցավով ենք վերհիշում Ադրբեջանի կողմից սանձազերծված աղետալի պատերազմի արհավիրքները: Թշնամու գերակշիռ ուժերի դեմ անձնուրաց պայքար մղեցին մեր հայրենյաց պաշտպանները: Քաջարի մեր զավակներից շատերն իրենց կյանքն ընծայեցին ազգին ու հայրենիքին՝ անմահանալով հերոսական սխրանքներով: Այսօր էլ մեր սրտերում եւ հոգիներում մշտահունչ աղոթք է զոհվածների անմար հիշատակի, անհայտ կորածների ու գերիների վերադարձի եւ վիրավորների ապաքինման համար: Մեր Սուրբ Եկեղեցին եւս ահավոր այդ պատերազմում ունեցավ ե՛ւ զոհված, ե՛ւ անհայտ կորած, ե՛ւ վիրավոր եկեղեցականներ:

Սիրելի՛ հոգեւոր սպասավորներ, հայոց բանակի արիասիրտ գնդերեցներ, դուք, որ անմիջական մասնակցություն եք ունեցել պատերազմում՝ զինվորներին քաջալերանքի ձեր խոսքն ուղղելով, նրանց մարտական ոգին ամուր պահելով, հայրենյայց պաշտպանության պայքարում սատար կանգնելով, ջուր ու հաց հասցնելով, ռազմի դաշտում շատերին մկրտելով ու Սուրբ Հաղորդություն տալով, այսօր ներկա եք այստեղ՝ արժանանալու բարձր գնահատանքի ձեր գովելի ծառայության համար: Գիտենք՝ պատերազմի ողբերգական տեսարանները տակավին ուղեկից են ձեզ, եւ ձեր սրտերում են նահատակ մեր երիտասարդ զինվորների կորստի ցավն ու կսկիծը: Ձեր հավատքի ու հույսի մեջ, գոհություն Աստծո, դուք զորություն եք գտել վերապրելու դժվարին այդ օրերը եւ ներկայիս շարունակում եք ձեր սպասավորությունը՝ հավատարմությամբ Տիրոջն ու մեր ժողովրդին: Ձեր հոգուց բխող այդ հույսն ու հավատը, սիրելինե՛ր, տարածյալ պահեք մեր ժողովրդի մեջ, որպեսզի, պատերազմի ծանր կորուստներից հետո, ազգովի ուժ գտնենք նորից ոտքի կանգնելու, հայրենական կյանքը նորոգելու եւ շենացնելու, Հայաստան եւ Արցախ մեր երկիրը վեր հանելու եւ ծաղկեցնելու, մեր պետականությունն ամուր ու անվտանգ պահպանելու:

Հայրական սիրով վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով ձեզ՝ հորդորում ենք, որ նույն խրոխտ ոգով արդյունավորեք ձեր ծառայությունը Զինված ուժերում՝ հայրենյաց պաշտպաններին հոգեւոր սնունդ մատուցելու, քաջալերելու եւ մարտական ոգին միշտ բարձր պահելու առաքելության մեջ: Դուք պիտի հարատեւորեն լինեք ոգին ու ներշնչանքը մեր ժողովրդի, հայոց բանակի, մեր հաղթանակների, մեր երկրի խաղաղության ու անվտանգության պաշտպանության: Այսօր, ի դեմս արարողությանը ներկա պատվարժան զորականների՝ գլխավորությամբ ՀՀ պաշտպանության փոխնախարարի, Մեր գնահատանքն ենք հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ հայոց բանակի հրամանատարական կազմին՝ պատերազմին մասնակցած եկեղեցականների եւ առհասարակ մեր գնդերեցների հանդեպ հոգածու վերաբերմունքի, նրանց ծառայությունն արժեւորելու, մարտական շքանշաններով պարգեւատրելու համար: Մաղթում ենք, սիրելի՛ հոգեւոր սպասավորներ, որ այլեւս խաղաղ երկնքի ներքո անցնի ձեր եւ հայոց բանակի զինվորների ու զորականների ծառայությունը: Զորացրեք մեր ժողովրդի լավատեսության ոգին, մեր կորուստները վերականգնելու հուսառատությունը, կենարար հավատքի շնորհիվ նոր հաղթանակների վճռականությունը՝ ըստ Առաքյալի խոսքի. «Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. Ե 4):

Աղոթենք միասնաբար երկրի խաղաղության, ժողովրդի բարօր, ապահով ու արժանապատիվ կյանքի համար: Թող Աստված պահի ու պահպանի մեր ազգն ու հայրենիքը, որպեսզի, Տիրոջ օգնությամբ, ազգովի միասնաբար կերտենք մեր կյանքի ու պատմության արշալույսը, մեր լուսավոր գալիքը: Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, խաղաղությունն ու շնորհները միշտ լինեն մեզ հետ եւ ամենքի. ամեն», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սուրբ Օծությունն ու ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հանդես եկան խոսքով՝ կարեւորելով հավատքի դերը մարդու կյանքում ու մասնավորապես զինվորական ծառայության մեջ եւ վերստին ընդգծելով բանակում սպասավորող հոգեւորականների կատարած ծառայության կարեւորությունը: Այս առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաեւ Տ. Պարգեւ արքեպս. Մարտիրոսյանը եւ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները