Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է,
մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

Տոնախոսական

ՏՈՆ ՇՈՂԱԿԱԹԻ

ողակաթի տոնը հիշատակն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, ըստ որի Աստծո Միածին Որդին, ոսկե ուռը ձեռքին, իջավ Վաղարշապատ քաղաք եւ Նրա իջման տեղում (որը կոչվեց Էջմիածին) կաթեց աստվածային շողը, եւ լուսեղեն տեսիլքով գծագրվեց Մայր եկեղեցու շինության ձեւը:

Նշվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը եւ հանդիսանում է Վերափոխման նավակատիքը: Քանի որ Քրիստոսի շնորհառատ մայրը՝ Սուրբ Եկեղեցին, ամեն օր ծնում է Քրիստոսին իր սրտում՝ Սուրբ Սեղանի վրա, այդ պատճառով էլ Սուրբ Գրիգորի կողմից Սուրբ Էջմիածնի տաճարի ավագ խորանն Աստվածածին է կոչվում: Դա է պատճառը, որ Աստվածածնի պատկերը դրվում է եկեղեցիների Սուրբ Սեղանների վրա:

Տոնի «Շողակաթ» անվանումը (լույսի շողի կաթելը) կապված է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես Էջմիածինը՝ Միածնի իջման պատկերի: Շողակաթ է կոչվում նաեւ Լուսավորչի կառուցած երեք տաճարներից այն մեկը, որի կառուցման տեղի վրա երեւացել էր լույսի առաջին ծագումը, նախքան Մայր Տաճարի տեղում լուսեղեն շինության գծագրումը:

Երբ Նոյը ելնում է տապանից, իջնում է Արարատյան դաշտ եւ այնտեղ, ուր հետագայում Վաղարշապատ քաղաքն էր կառուցվելու, սեղան է պատրաստում ու Աստծուն ողջակեզ մատուցում՝ որպես հաշտության պատարագ: Այնուհետեւ՝ Նոյից շատ տարիներ անց, Աստված ծագեցնում է տիեզերքի արփիական լույսը՝ Սուրբ Գրիգորին, որ ծաղկազարդելով պայծառացնում է մեր մարդկային հոգիները: Նա ելնելով Վիրապից՝ գալիս է Վաղարշապատ, ուր նախ ամփոփում է Հռիփսիմյանց Սուրբ կույսերի նշխարները (ովքեր տակավին անթաղ էին մնացել), ապա ուղղաշավիղ վարդապետությամբ լուսավորում հավատացյալներին եւ մշտամաքուր սրտով ու հրեշտակային վարքով, հորդառատ ու մարգարեական խոսքերով ժողովրդին ուսուցանում աստվածային պատգամները՝ նրանց խավարամած կռապաշտությունից դեպի աստվածպաշտության լույսը տանելով եւ, իր զվարթալույս խոսքերով նրանց փշոտ ու տատասկոտ ճանապարհներից հանելով, երկնքի ճանապարհին է մերձեցնում: Ինչպես հնում Մովսեսն արեց Իսրայելի համար, այնպես էլ նորում Գրիգորն է անում՝ բոլորիս Արարչին մեզ հետ հաշտեցնելով եւ զարմացնելով երկնային զորքերին: Նա ցերեկը վարդապետելով քարոզում էր, իսկ գիշերներն աղոթքով անցկացնում:

Վիրապից ելնելուց երեսուն օր անց տեսնում է հրաշալի ու սքանչելի, ահեղ ու զարմանալի մի տեսիլք, քանզի Տերը չէր կամենում անտեսել Իր ճշմարիտ ծառային, ով Իր անվան համար բազում չարչարանքներ կրեց:

Համաձայն Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի՝ «լույսը հոսելով վերեւից ներքեւ՝ մինչեւ երկիր էր հասնում» եւ այս համատարած լույսի մեջ «սիւն գործեաց լոյսն շողացեալ»՝ գծագրելով Ս. Էջմիածնի Մայր Տաճարը եւ նահատակված կույսերին նվիրված կառուցվելիք երեք վկայարանները. մեկը՝ Ս. Հռիփսիմյանց նահատակության վայրում, երկրորդը՝ Ս. Գայանյանց, երրորդն էլ՝ հնձանում, ուր նահատակվել էր հիվանդ կույսը: Ապա Հայրապետը մեծ պատվով ամփոփեց սրբուհիների նշխարներն այդ վկայարան-եկեղեցիներում, ուր եւ դրված են մինչ օրս, եւ որոնցով բազմաթիվ հրաշքներ ու բժշկություններ են կատարվել պատմության ընթացքում:

Շողակաթ անունը տրվեց Լուսավորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Ս. Գրիգորն առաջին անգամ տեսավ լույսի առաջին ծագումը, մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրված լուսեղեն շենքը: Եվ քանի որ Ս. Հռիփսիմյանց կույսերից հնձանում նահատակված հիվանդ կույսի՝ Սրբուհի Մարիանեի գերեզմանը գտնվում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրվեց նրան եւ հայերիս մեջ սկսվեց օգտագործվել որպես իգական անուն:

Ս. Շողակաթ վանքը կառուցվել է 18-րդ դարում՝ Նահապետ Ա Եդեսացի Կաթողիկոսի օրոք:

Դարեր շարունակ հայ ժողովրդի համար նվիրական ուխտատեղիներ են Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե, Ս. Շողակաթ եկեղեցիները, իսկ Ս. էջմիածնի Մայր Տաճարը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայոց հավատի օրրանն ու Սրբություն Սրբոցը: Այն գլուխն է Հայաստան աշխարհի եկեղեցիների, քանզի լուսո այս խորանով են պայծառանում հայոց եկեղեցիները, եւ Հայոց աշխարհը Միածնաէջ այս սրբավայրով է լուսավորվում աստվածգիտության լույսով:

Այս տարի Հայոց Եկեղեցին Շողակաթի տոնը նշում է օգոստոսի 14-ին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները