Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է,
մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՊԱՏՄԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

յն, որ դարեր ի վեր Եկեղեցու դերակատարումը հայապահպանության հարցում բացառիկ է եղել, վկայում է հայոց բազմադարյա պատմությունը: Մեր երկիրը, բիբլիական Արարատին թիկնած, Հայաստանն է, ուր, Աստծո կամքով, հայը կերտել է աղոթատներ՝ ակնածելով Նոր Ուխտի Քահանայապետի՝ Աստվածորդու պատգամների հավիտենականությունից: Ավանդել է իր կերտվածքները դարերին եւ պատգամել գալիք սերունդներին՝ նախանձախնդրությամբ ու երկյուղով ոտնակոխել յուրաքանչյուր ուխտատեղի:

Հուլիսի 16-ին առաջնորդանիստ Ս. Աստվածածին եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ ուխտավորներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, հոգիներում անթեղած ուխտի սուրբ խորհուրդը, ճանապարհ ընկան դեպի Գուգարած թեմի սրբավայրեր:

ԴՍԵՂ. ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Առաջին հանգրվանը Դսեղի Ս. Գրիգոր Լուսավորիչն էր: Եկեղեցին կառուցվել է 5-7-րդ դարերում, վերակառուցվել 1900 թվականին, իսկ 1999-ին վերակառուցվել է ամբողջովին եւ վերաօծվել՝ ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ուխտավորներս այստեղ մեր խնկաբույր աղոթքը բարձրացրինք առ Աստված, որպեսզի անսասան պահի Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Հայոց աշխարհը:

ՔՈԲԱՅՐ

Դեբեդի գեղատեսիլ կիրճից բարձրանալով՝ ուխտավորները հմայված կանգ առան աղոթատան առջեւ, որ, նստած ժայռի պռնկին, արթուն աչքով հսկում է չորս դին արդեն 900 տարի… Հսկա ապառաժից կախված այս եկեղեցու չորս կողմը քարանձավներ են կամ «քոբ»-եր, որի պատճառով էլ գուցե կնքվել է նրա անունը: Շուրջը դարավոր ընկուզենիներ են, այգիներ…պատկերն անչափ գեղեցիկ է: Ալավերդուց ոչ հեռու է գտնվում Քոբայրը՝ Թումանյան ավանի մոտ: Կառուցվել է 12-13-րդ դարերում՝ Բագրատունիներից Կյուրիկե թագավորի եւ Զաքարյանների իշխանական տոհմի կողմից: Վերջիններիս մի մասը քաղկեդոնիկ էին եւ իրենց տնօրինած որոշ վանքերում հաստատում էին քաղկեդոնական միաբանություններ:

Ժայռի եզրին կառուցված եկեղեցին Մարիամաշենն է: Կառուցվել է 1171 թ., Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից: Հանդիսացել է միջնադարի կարեւոր հայ գրչօջախներից եւ մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապված 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը:

13-րդ դարասկզբներին դարձել է քաղկեդոնական: Հարուստ ճարտարապետական համալիր է եղել Քոբայրը երեք եկեղեցիով, զանգակատուն-տապանատնով, սեղանատուն-մատուռներով, խաչքարերով եւ վանքը շրջապատող պարսպով: Այն հայտնի վանքերից է՝ հարուստ որմնանկարներով, որոնք, չնայած կիսավեր պատերին, այսօր էլ տեղ-տեղ պահպանել են իրենց թարմությունը: Խաչքարերից մեկի վրա զարմանքով նկատեցինք պատկերված կնոջ ուրվագծեր՝ ձեռքը կրծքին, երկար փեշերով, գոգնոցով: Ո՞ւմ գերեզմանաքարն էր… Ասում են վանքում սարկավագուհիներ էլ են եղել: Ցավոք օրըստօրե վտանգվում է Քոբայրը եւ այսօր էլ օգնության է կանչում: 900 տարի ի վեր կռիվ տալով բնության տարերքի ու մարդկանց անտարբերության դեմ՝ այն փնտրում է աստվածավախ սրտեր ու հոգատար ձեռքեր:

Այստեղ ուխտավորները վառեցին իրենց մոմերը, խնկարկեցին, գոհաբանական աղոթք առաքեցին առ Աստված:

ՀԱՂՊԱՏ ԵՎ ՍԱՆԱՀԻՆ

Քոբայրից ուխտավորներն ուղեւորվեցին դեպի Հաղպատավանք: Հայաստան աշխարհի երբեմնի նշանավոր հոգեւոր-մշակութային կենտրոնն ուխտավորներին ընդունեց գրկաբաց: Ամենահին եկեղեցին Ս. Նշանն է՝ կառուցված 911 թ., Խոսրովանույշ թագուհու կողմից: Ուխտավորները Հաղպատավանքի սուրբ կամարների տակ աղոթք առաքեցին առ Աստված եւ վառեցին իրենց հավատքի մոմերը:

Սանահինը միջնադարյան Հայաստանի խոշոր համալիրներից է, Կյուրիկյանների վարչական կենտրոնն ու տոհմական դամբարանը, Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ եպիսկոպոսների աթոռանիստը: Վանական համալիրի Ս. Ամենափրկիչ եկեղեցում եւս ուխտավորները փառաբանական աղոթք առաքեցին առ Ամենագութ Բարձրյալը: Համաձայն մեզ ավանդված պատմության՝ վանքը հիմնել է Աշոտ Ա Ողորմած արքան՝ 966 թվականին:

ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Ախթալայի վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին 5-րդ դարի կառույց է: Այն ժամանակին հայերից վերցնելով՝ Իվանե ամիրասպասալարը՝ Զաքարեի եղբայրը, վերաձեւել է եւ դարձրել վրացադավան: Սա կատարել է այն պատճառով, որ Իվանեի զորքում ծառայող հայերը, ովքեր դարձել էին վրացադավան, աղոթելու տեղ ունենան: Ս. Աստվածածին եկեղեցին իր հրաշալի կերտվածքով, մանրաքանդակ ու նրբահյուս բարավորներով ու դեկորատիվ զարդաքանդակներով հիացմունք է պատճառում: Անկախ միջամտություններից՝ վանքն այնուամենայնիվ պահպանել է իր բուն հայկականությունը, ճարտարապետական ոճն ու ձեւը: Մայր եկեղեցու աջակողմյան խորանում պահպանված է ոմն Մեսրոպ քահանայի տապանաքարը՝ փորագրված երկաթագիր հին հայերենով:

Ուխտավորներն այստեղ զմայլվեցին վանական համալիրի ճարտարապետական լուծումներով, որմնանկարներով եւ իրենց աղոթքներն ու շարականները հնչեցրին առ Աստված:

Ս. ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորների վերջին հանգրվանը Ալավերդու հոյակերտ Ս. Նարեկացի եկեղեցին էր: Այստեղ այցելուները վառեցին իրենց հավատքի մոմերը, աղոթեցին, երգեցին հոգեպարար շարականներ՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունն իր իսկ բառերը հեգելով. «Մարիր քաղցրութեամբ առ ուխտացեալս մեղաւք, քաւեա ի պարտեաց ամենակատար բաւականութիւն…»:

Ուշ երեկոյան ուխտավորները, զորացած հոգով, բռնեցին տունդարձի ճանապարհը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները