Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է,
մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

Տիրոջ կանչին ընդառաջ

«ԲԱՐԻ ՍՐՏԻ ՆՇԱՆԸ ԶՎԱՐԹ ԴԵՄՔՆ Է...»
ԳՆԴԵՐԵՑ ՍԱՐԳԻՍԸ

«Եւ իբրեւ այդ եղեւ կոչեաց զաշակերսն իւր, եւ ընտրեաց ի նոցանէ
երկոտասանսն, զորս եւ Առաքեալս անուանեաց»;
ՂՈՒԿ. Զ 13

ոլոր ժամանակներում, մարդկության պատմության մեջ եղել են անհատներ, ովքեր, լինելով հողեղեն եւ մահկանացու, ապրել են իրենց «պանդխտության ժամանակն» իբրեւ ճշմարիտ քրիստոնյաներ, «Աստծո ընտրյալ անոթներ»՝ նմանվելով բարության Աղբյուրին, իրենց Արարչին: Այսպիսինների գոյությունը մեզանում եւս մեկ անգամ փաստում է, որ Աստված մարդուն ուղղամիտ ու բարի է ստեղծել:

Ջանադիր, նվիրյալ ու համեստ անհատականություն է Սարգիս սրկ. Հարությունյանը, ում Շիրակի տիրախնամ թեմում սիրում են ոչ միայն բոլոր հավատացյալները, այլեւ հայոց բանակի N զորամասի սպայական կազմն ու զինվորները, քանի որ նա գնդերեց է: Հավատավոր եկեղեցական սպասավորը 2012-2016 թթ. ուսանեց Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում, ապա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր Ճեմարանում: 2016 թ., ձեռամբ Տ. Մուշեղ եպս. Բաբայանի, Մայր Տաճարում ձեռնադրվեց սարկավագ: 2018-ին՝ Ճեմարանն ավարտելուց հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, ծառայության անցավ Շիրակի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում: Անշուշտ, եկեղեցու սպասավորը, ոչ միայն գիտելիքներ պետք է ամբարի, այլեւ աղոթքի մեջ կերտի իր գործերը, զորացնի իր հավատքի ապրումն ու զգացումը, որպեսզի այդ հավատքով շենանա հայրենիքն ու պայծառանա Եկեղեցին: Պետք է կարողանա ոչ միայն Կենաց Բանի քարոզիչ, հոգեւոր բարոյական դաստիարակ լինել, այլեւ հավատք սերմանող, որպեսզի այն հրաշագործի մարդու էության մեջ, կարողանա կյանքն ապրումի ու գործի վերածել եւ այն գեղեցիկ իրագործումներով զարդարել: Գնդերեց Սարգիս սարկավագը սպայի համար եղբայր է, իսկ զինվորների համար՝ խորհրդատու:

Միաժամանակ տարակույս չունենք՝ ինչպես անցյալում, այնպես եւ այսօր ու ապագայում, հայ հոգեւորականը լինելու է զինվորի կողքին, լինելու է առաջնագծում, քանզի հոգեւոր աստիճանը փառքի, ինչքեր կուտակելու, հպարտության աստիճան չէ, այլ խոնարհության, ծառայության եւ նվիրումի: Սարգիս Սարկավագի հավատքն է զգեստավորում կյանքը գեղեցիկ արարումներով, հարստացնում աստվածահաճո գործերով եւ այն դարձնում հաճելի, ինչպես հասարակության յուրաքանչյուր անդամի, այնպես եւ երկնավոր մեր Տիրոջ համար:

ԳՆԴԵՐԵՑՆ ԻՐ ՄԱՍԻՆ

Ծնվել եմ Գյումրիում, զինվորականի ընտանիքում: Ավետիք Իսահակյանի անվան թիվ 26 դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էի ընդունվել Գեւորգյան հոգեւոր ճեմարան: Սակայն Աստծո նախախնամությունն այն էր, որ ես պետք է դառնամ ոչ թե հոգու, այլ մարմնի բժիշկ: Ընդունվեցի Գյումրու պետական բժշկական քոլեջ (2010-2012 թթ.): Երկու տարի անց ստացա դեղագործի մասնագիտություն: Բայց ճեմարան գնալու ցանկությունս առավել մեծացավ եւ 2012-ին ընդունվեցի Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց:

Ովքեր սովորել են Սեւանի դպրանոցում, կվկայեն, որ այն ճգնարան է: Ապում էինք ճգնավորի կյանքով: Առավոտյան վերկացից հետո սիրով սպասում էինք ժամերգությանը, նույնիսկ, մեր ցանկությամբ, ազատ ժամերին մի փոքր խմբով կատարում էինք ժամերգություն, իսկ երեկոյան՝ Խոկման արարողություն: Անհամբերությամբ էինք սպասում Հոգեգալստյան տոնին, որ նաեւ Սեւանավանքի ուխտի օրն է: Ողջ գիշեր ծաղիկներով զարդարում էինք եկեղեցին, կատարում հսկման արարողություն, որին մասնակցում էին նաեւ Սեւանի երիտասարդաց միության անդամները: Վազգենյան դպրանոցը մի մեծ ընտանիք է, ուր ուսանելու տարիներին եղել եմ լուսարար, որով առավելաբար եմ ծանոթացել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգին: Առաջին կուրսեցի էի եւ երբ Սրբերի վարքն էինք սովորում, իմացա, որ Ղուկաս Ավետարանիչը եւս եղել է բժիշկ: Մի պահ մտածեցի, որ Աստծո կամոք ես պետք է լինեմ ե՛ւ մարմնի, ե՛ւ հոգու բժիշկ: Լատիներենում կա մի ասացվածք. «El hombre y Dios despone», այսինքն՝ «մարդը ենթադրում է, Աստված՝ տնօրինում»:

Այնուհետեւ 2016 թվականին, պետական քննությունները բարեհաջող հանձնելուց հետո, ընդունվեցի Գեւորգյան հոգեւոր ճեմարան՝ հովվական աստվածաբանության հոսք: 2016 թ., ձեռամբ Տ. Մուշեղ եպս. Բաբայանի, Մայր Տաճարում ձեռնադրվեցի սարկավագ: 2018 թվականին, ճեմարանն ավարտելուց հետո, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, ծառայության անցա Շիրակի թեմի առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում՝ որպես լուսարար: Քանի որ ծնվել եմ զինվորականի ընտանիքում, Աստծո նախախնամությամբ, 2019-ից առ այսօր ծառայում եմ հայոց բանակում՝ որպես գնդերեց (կապելլան):

Ինչո՞ւ որոշեցի հոգեւորական դառնալ: Մի փոքր դժվար հարցադրում է. փոքրուց մեծ փափագ ունեի ճեմարան ընդունվելու եւ ազնիվ հոգեւորական դառնալու: Աստծո կանչին հետեւելով էլ հոգեւորականի ուղին ընտրեցի: Սիրում եմ բնությունը եւ առավելաբար բնության գրկում ստեղծագործելը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները