Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է,
մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Առաքեա, Տէր, զլոյս քո եւ զճշմարտութիւնս քո, ցոյց մեզ, Տէր, զողորմութիւն,
եւ քո ծառայիցս լեր օգնական, բարեխօսութեամբ սրբոց մարտիրոսացն,
որոց այսօր է յիշատակ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ռաքելահաստատ Հայոց Սուրբ Եկեղեցին այս տարի հուլիսի 17-ին ոգեկոչեց մեր առաջին լուսավորիչներից Ս. Թադեոս Առաքյալի եւ առաքելագործ Սանդուխտ կույսի հիշատակի օրը:

Հայոց Եկեղեցու հնագույն շրջանի պատմությանը վերաբերող տեղեկությունները հիմնականում փոխանցվել են սրբազան ավանդությամբ: Սա պայմանավորված է նրանով, որ մինչեւ Ե դարը, այսինքն՝ հայոց գրերի գյուտը, Եկեղեցու ձեւավորման հետ կապված իրադարձությունները սերնդից սերունդ ավանդվել են բանավոր եւ միայն Ե դարում են գրի առնվել հայ մատենագրության եւ պատմագրության մեջ: Սուրբ եւ սքանչելագործ Թադեոս Առաքյալի քարոզության վիճակը Հայսատան աշխարհն էր: Նա կյանքի խոսքի քարոզիչ էր եւ առաջին ընծայյալը՝ մարտիրոսության պսակի արժանացած նահատակների մեջ: Նրան վիճակվել էր գալ Հայաստան՝ քարոզելու հայ ազգին:

Սուրբը նախապես գալիս է ասորիների Միջագետք երկիրը՝ Տիրոջ խոսքը քարոզելու: Այնուհետեւ գնում է Եդեսիա քաղաքը եւ, մտնելով Տուբիա անունով հրեա բժշկի տունը, բուժում է բոլորի ախտերն ու հիվանդությունները եւ ամենքին լուսավորում երկնային լույսով:

Ագաթանգեղոսի՝ ասորերեն հայտնի մի գրության վկայությամբ, Թադեոսը Եդեսիայից գալիս է Հայաստան եւ Աբգարի քեռորդու՝ Սանատրուկի կողմից արքունիքում ընդունելության արժանանում:

Արքունիքից շատ-շատերը գալիս են Սուրբ Առաքյալի մոտ՝ լսելու նրանից քաղցրաբարբառ Ավետարանի քարոզությունը: Նրա մոտ է գալիս նաեւ Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտը, ով մանկահասակ էր, գեղեցիկ տեսքով, վայելուչ դեմքով: Սանդուխտը գիշերներն առաքյալից լսում է Ավետարանի խոսքը եւ բազում օրեր աշակերտում նրան: Թադեոսը տեսնելով Սանդուխտի ջերմեռանդ սերն առ Քրիստոս՝ նրան մկրտում է:

Նույն պահին սուրբ կույսի վրա իջնում է լուսեղեն մի նշան, որի միջից լսվում է երկնային հրեշտակների ձայնը: Այդ նշանը տեսնելով՝ շատերն են հավատում Քրիստոսին: Արքայադստերը դարձի բերելու բոլոր հորդորներն ու ձեռնարկումներն անցնում են ապարդյուն: Ի վերջո, Սանատրուկ թագավորի հրամանով, նահատակվում է Սանդուխտը, իսկ յոթն օր անց, Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում, մյուս քրիստոնյաների հետ, նաեւ Թադեոս Առաքյալը: Նրա մահից հետո Հայաստան եկան առաքյալներից Բարդուղիմեոսը, Հուդա Ղեբեոսը, Շմավոն Նախանձահույզը, նաեւ Թադեոսի աշակերտներից՝ Եղիշեն ու Եվսթադեոսը: Նրանք, բազմաթիվ մարդկանց քրիստոնեական հավատի դարձնելուց հետո, նահատակվում են Մեծ եւ Փոքր Հայքի տարբեր շրջաններում:

Ըստ ավանդության՝ Թադեոս Առաքյալն իր հետ Հայաստան էր բերել Ս. Գեղարդը (նիզակի այն ծայրակալը, որով հռոմեացի զինվորը խոցեց Քրիստոսի կողը, եւ որից ջուր եւ արյուն հոսեց), որ, երկար դեգերումներից հետո, մինչ օրս պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ լինելով Հայոց Եկեղեցու գլխավոր սրբություններից մեկը: Հետագայում Արտազում, Ս. Թադեոս Առաքյալի գերեզմանի վրա, կառուցվեց Ս. Թադեի վանքը:

Հուլիսի 17-ին՝ Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Ի լրումն օրվա խորհրդի կատարվեց խոստովանություն եւ բարեպաշտ հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները