Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

«Ի ՊԱՐԾԱՆՍ ՁԵՐ ԲԱՐՁՐԱՑԵԱԼ ՏՕՆԷ,
ՄԱՅՐ ՍԻՈՎՆ ԴՍՏԵՐՕՔՆ ԻՒՐՈՎՔ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Ցնծությամբ տօնեսցուք զյիշատակս նոցունց, Զի ու նոցին հաղորդեսցուք
փրկութեան, Խնդրելով յարարչէն զպարգեւս երկնաւորս, Եւ զդասիլն
ընդ նոսին ի յակսն լուսեղեն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ոգեգալստյանը հաջորդող կիրակիից հետո եկող յոթն օրերը կազմում են, այսպես կոչված, ազգային-եկեղեցական տոների շաբաթը: Այս ընթացքում հիշատակվող սրբերը թեեւ համաքրիստոնեական նշանակության գործ են կատարել, սակայն, լինելով մեր պետականացված Եկեղեցու հիմնադիրները, բնականաբար առավել սիրելի են հայ ժողովրդի համար: Այս նվիրյալ անունների հետ են կապված մեր պատմության առանցքային դեպքերը Դ եւ հետագա դարերում:

Չորրորդ դարի քրիստոնյաների համար մարտիրոսությունը համարվում էր գերագույն պատիվ եւ շնորհ: Բոլոր նահատակվողների մեջ իշխել է այն հաստատ համոզմունքը, թե Ամենակալ Աստված իրենց հետ է: Հավաստի այս փորձառությունը նրանց էր փոխանցել նաեւ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը, քանզի նրանք, հոգին ավանդելուց առաջ, տեսան Հիսուսին Հոր աջ կողմում: Ուստի նահատակ սրբերը, ինչպես Եկեղեցու հայրերի գրվածքներից ենք տեղեկանում, ուրախությամբ եւ հրճվանքով, երբեմն հիմներ երգելով էին մոտենում մահվան: Նրանք էին, որ, Տիրոջ անվան եւ սիրո համար նահատակվելով, պիտի իրենց վարձն ստանային Երկնքի Արքայության մեջ՝ ըստ այն խոսքի, թե «երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով…: Ցնծացեք եւ ուրախացեք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է…» (Մատթ. Ե 11): Հետագայում նրանց օրինակին հետեւեցին շատ ուրիշ սրբեր, որոնք իրենց նահատակությամբ դարձան այն ամուր հիմքը, անխորտակելի սյուները, որոնց վրա հենվեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցին:

Հայաստան եկած Հռիփսիմյան կույսերի խումբը փաստեց, որ քրիստոնեությունը խիզախների կրոն է, ուժն ու հեթանոսական խավարի բռնությունն ամեն ինչ չէ, որ կարող են հաղթահարել, իսկ հարստությունն ու փառքը ոչինչ են այն մեծագույն փառապսակի հանդեպ, որ Տերն է տալիս յուրայիններին: Գայանեի եւ նրա սանուհի դեռատի Հռիփսիմեի գլխավորությամբ նահատակված կույսերի վարքը թերեւս ընթերցողին քաջածանոթ է: Մեր Եկեղեցին այսօր ապրում է սուրբ նահատակաց մարտիրոսությամբ, որի քարեղեն վկայությունը նրանց արյամբ սրբված հողի վրա կառուցված եւ այսօր Վաղարշապատ քաղաքի զույգ մուտքերը պսակող Ս. Հռիփսիմե եւ Ս. Գայանե հոյաշեն վանքերն են:

Հարկ է նշել, որ շատ մեծ կարեւորություն ունի նաեւ սրբոց բարեխոսության վարդապետությունը, որն իր մեջ պարունակում է աստվածաբանական խոր հիմքեր եւ հրավեր է հավատացողներին, որպեսզի վերջիններս նրանց բարեխոսությամբ դիմեն մեր Փրկչին, նրանց միջնորդական աղոթքով մոտենան Աստծուն, Ով ճանապարհն է, ճշմարտությունը եւ կյանքը՝ ինչպես ներկայացնում է Հովհաննես Ավետարանիչը (Հովհ. ԺԴ 6): Թեպետեւ մեծության պսակը մեր աչքին ասես առավել ուժգին շողում է Հռիփսիմեի գլխին, սակայն չպետք է մոռանալ, որ այս կույսը «հավատքի կատարյալ հասկի» հասել էր Գայանեի շնչի տակ ու դաստիարակության շնորհիվ: Նաեւ էական է, անգամ մահվան սպառնալիքի տակ, թագավորի հրամանին չենթարկվելն ու համառելու քաջալերանքը Հռիփսիմեին: Հավելենք նաեւ, որ, կույերի հիշատակը հավերժացնելու համար, Սուրբ Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ, նրանց նահատակության վայրերում վկայարաններ կառուցվեցին եւ սահմանվեցին հատուկ տոներ:

Այս տարի նրանց խնկելի հիշատակը տոնախմբվեց հաջորդաբար մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մայիսի 31-ին, Գյումրու Ավստրիական թաղամասում գտնվող, Սուրբ Հռիփսիմե մատուռում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ Հռոմից Հայաստան փախած եւ այստեղ նահատակված Տիրոջ սիրասուն աղախինների: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Ս. Հռիփսիմե մատուռի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը:

Մատուռը լի էր ուխտավոր հավատացյալներով, ովքեր, իրենց աղոթքն առաքելով առ Աստված, հայցում էին երանելի Վկայուհու բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները