Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ
ԵՎ ԱՅԼ ԱՂՈԹԱՎԱՅՐԵՐ

մեն անգամ ուխտի գնալիս հավատացյալները մտքի, սրտի եւ հոգու ներդաշնակությամբ, Աստծուն «տեսնելու» ակնկալությամբ ու սպասումով, ճանապարհ են ընկնում՝ յուրաքանչյուրն իր սրտում ունենալով այն հույսը, թե Աստծո առջեւ պիտի բացի իր հոգին, զորություն ստանա սուրբ վայրից, որպեսզի կարողանա դիմակայել կյանքի փորձությունները, արժանանա Տիրոջ ողորմածությանն ու շնորհներին: Այս ի մտի ունենալով՝ Համբարձման տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալներ, բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, մայիսի 13-ին մեկնեցին Գեղարդավանք: Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Համբարձման տոնը (այս տարի մայիսի 13-ին) հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր:

ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Ուխտավորների առաջին հանգրվանը Գեղարդավանքն էր: Այն գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արեւելք, Ազատան գետի Գողթ վտակի ձորալանջին: Հիմնել է մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարասկզբին: Գեղարդի կիրճը, որի հատակում Կարմրագետի եւ Ազատի ջրերն աղմուկով միախառնվում են, հրաշքի պես է հայտնվում ուխտավորներին, իսկ կիրճի կենտրոնում, քարե վիթխարի խեցու մեջ, ամուր տեղավորված է 13-րդ դարի ճարտարապետության մարգարիտը՝ կաթողիկե մայր եկեղեցին, որը կառուցել է Երկայնաբազուկ իշխանը՝ Զաքարյանների տոհմի հիմնադիրը:

Պատմությունը վկայում է, որ Թադեոս Առաքյալն իր հետ Հայաստան է բերել հռոմեացի զինվորի այն գեղարդը, որով վերջինս խոցեց Խաչին բեւեռված Աստվածորդու կողը: Գեղարդը նախ պահվել է Այրիվանքում, ի պատիվ որի վանքը կոչվել է Գեղարդավանք:

Համբարձման տոնը Գեղարդավանքում սկսվեց առավոտյան ժամերգությամբ, ապա մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Գեղարդավանքի վանահայր Տ. Կյուրեղ վրդ. Դավթյանը: Ուխտավորները նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:

ԳԵՏԱՐԳԵԼԻ (ՁԱԳԱՎԱՆՔԻ) Ս. ՆՇԱՆԸ

Ուխտավորների փոքրիկ խումբը, հավատքով զորացած, շարժվեց դեպի Գետարգելի Ս. Նշան, որ 13-րդ դարի կառույց է: Այստեղ է հոգեւոր ծնունդ ստացել Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը: Ձագավանքը ոչ միայն հոգեւոր-կրոնական, այլեւ ազգային կարեւոր կենտրոն է եղել առավելապես 1293-ից հետո, երբ Կիլիկյան Հայաստանից՝ Սսից, Գրիգոր Անավարզեցի Կաթողիկոսի ջանքերով, այստեղ տեղափոխվեց Գետարգելի Ս. Նշանը՝ Խաչափայտի մասունքը, որով եւ մեծ հրաշքներ տեղի ունեցան 11-րդ դարում եւ որի պատճառով էլ կոչվեց Ս. Նշան: Այստեղ է գործել Սիմեոն Րաբբունապետը, ում շիրիմը հանգչում է եկեղեցուց դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, վառեցին իրենց հավատքի մոմերը:

ԱՌԻՆՋԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Հաջորդ հանգրվանն Առինջի՝ 1880 թ. կառուցված Ս. Հովհաննես եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները հնչեցրին շարականներ ու աղոթքներ, վառեցին հավատքի մոմեր եւ խնդրեցին Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը:

Ս. ՊՈՂՈՍ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ուխտավորները դարձյալ ճանապարհին են… Շարժվում են դեպի վերակառուցված 19-րդ դարի Ս. Պողոս եւ Ս. Պետրոս եկեղեցիներ: Այստեղ նրանք աղոթք առաքեցին առ Աստված՝ աշխարհի խաղաղության, Հայոց Եկեղեցու եւ երկրի շինության ու բարեկեցության համար:

Ուխտավորների վերջին կանգառը Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին էր: Այստեղ եւս բոլորը համատեղ աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով զորավիգ լինել հայոց հինավուրց աշխարհին եւ Եկեղեցուն, իսկ երեկոյան գոհ սրտով բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները