Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

Տիրոջ կանչին ընդառաջ

ԵՐԱՆԻ ԱՅՆ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ,
ՈՐՈՆՑ ԱՍՏՎԱԾ Է ԸՆՏՐԵԼ

ուրաքանչյուր մարդ մի անհատականություն է, աստվածային անկրկնելի ստեղծագործություն եւ ունի կյանքի իր յուրահատուկ մեկնաբանությունը: Համեստ, խոնարհ, ծառայասեր ու բարի անհատականություն է Արմեն սրկ. Իսահակյանը, ում Շիրակի տիրախնամ թեմում սիրում են բոլոր հավատացյալները:

Աստվածճանաչողությունը սրտում՝ բարեշնորհ սարկավագը 2014-17 թթ. ուսանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ Քահանայից լսարանում եւ, 2017-ին, ձեռամբ Տ. Վարդան եպս. Նավասարդյանի, Մայր Տաճարում ձեռնադրվեց սարկավագ: Այժմ Արմեն սարկավագն իր խոնարհ ծառայությունն է կատարում Շիրակի թեմի առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում: Նրա ծառայասիրությունը միայն Աստծո տուն գալով չի սահմանափակվում: Անհրաժեշտության դեպքում՝ իր կարողության չափով, օգնում է անօգնականին, խեղճին, բոլոր նրանց, ովքեր իրենից օգնություն են խնդրում կամ ակնկալում: Այո՛, սիրել Աստծուն նշանակում է սիրել Աստծո ստեղծած մյուս արարածներին՝ մարդկանց: Անշահախնդիր եւ բարի գործեր կատարելով, շրջապատին օգնության ձեռք մեկնելով, իրական եղբայրության քրիստոնեական սկզբունքներով ապրելով՝ Տիրոջ սպասավորը դրսեւորում է իր սերը, ինչն աստվածային է եւ հաճելի ու ընդունելի Աստծու համար, քանզի «Սեր ունեցողը համբերատար է, քաղցրաբարո, չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում… միշտ հույս է տածում, միշտ համբերում է» (Ա Կորնթ. ԺԳ 4-7): Արդ, թող Բարձրյալ Տերը միշտ Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի նվիրյալ Արմեն սարկավագին՝ ի բարօրություն Շիրակ աշխարհի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

ՍԱՐԿԱՎԱԳՆ ԻՐ ՄԱՍԻՆ

Ինչո՞ւ որոշեցի Տիրոջ սպասավորը դառնալ: Շատ հետաքրքիր եւ նույնիսկ զարմանալի հարցադրում է, երբ այն ինձ է ուղղված: Անդրադարձ կատարելով ապրածս կյանքին, վերհիշելով անցած ճանապարհս` կարող եմ ասել` Աստված մատնացույց արեց այդ ուղին: Երբեւէ եկեղեցու հետ կապ չեմ ունեցել, այն պատկերացրել եմ որպես Աստծո տաճար, ուր կարելի է մոմ վառել եւ անձնական աղոթք անել: Իսկ Աստվածաշունչն ինձ համար Սուրբ Գիրք էր, որն ուղղակի անհրաժետ էր տանն ունենալ: Այսպիսին էին իմ պատկերացումները եկեղեցու մասին:

Ասեմ, որ դեռահասության տարիներից երբեք վարքից չեմ փայլել: Ամենուր, լիներ դպրոց, բուհ, թե բանակ, իմ անհնազանդության պատճառով միշտ խնդիրներ էի ստեղծում: Բանակում ծառայության տարիներին, երբ ինձ սկսեցին հաճախակի կարգապահական մեկուսարան ուղարկել, մայրս, երեւի հույսը դրած Աստծո վրա, ինձ Նոր Կտակարան ու Նարեկ բերեց: Քանի որ ազատ ժամանակ սիրում էի ընթերցել, համարձակվեցի բացել Ավետարանը: Այն ինձ համար դարձավ կենարար աղբյուր, քանի որ բացահայտումն էր Աստծուն, Ում ներկայությունը միշտ զգացել էի: Ես ուղղակի զարմացած էի, չէի պատկերացնում, որ աշխարհում այնպիսի գիրք կա, որի միջոցով Աստված կարող է խոսել քեզ հետ: Պարզապես տեղին է հիշատակել աստվածաշնչյան այն մեջբերումը, ուր Տերն ասում է. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (Հովհ. Ը 31-32):

Մեր իրականությունում առկա այս խառնամբոխում ես մի պարզ բան հասկացա՝ Աստծո ներկայության մեջ բոլոր ինքնավստահ գաղափարները, մարդկային կարծեցյալ մեծությունները հօդս են ցնդում: Աստծո հետ հանդիպման ժամանակ զգում ես այն մեծագույն սերն ու իմաստությունը, զորությունը եւ, ամենակարեւորը, մտերմությունն ու ջերմությունը, որոնք հատուկ են միայն ծնողին ու Արարչին: Անշուշտ սա դեռ իմացական ճանաչողություն չէր, այլ որդիական գգվանք` դեպ Իրեն կանչող Հորը: Այն քեզ թույլ է տալիս մտորել, թե Ո՞վ է քո Տերը, Արարիչը, Ո՞ւմ պատկերով ու նմանությամբ ես ստեղծվել, որտե՞ղ են գտնվում քո ազատությունն ու երջանկությունը, ո՞ւմ պետք է ապավինես: Թող թյուր կարծիք չառաջանա, թե դրանից հետո անմիջապես ուղղվեցի, սկսեցի շիտակ քայլել... իհարկե ո՛չ: Կյանքում ամեն տեսակ փոփոխություն դեպի բարին, ճշմարիտը, Աստծո օգնականությամբ ձեռք է բերվում ձգտման, ջանասիրության, կյանքի փորձառության ընթացքում: Այլ պարագայում կարող է ճշմարտությունը ականջիդ հասու լինել, իսկ սրտիդ, մտքիդ ու էությանդ մեջ դրոշմելու համար հարկավոր է Աստծո հետ «ճանապարհ անցնել»:

Մի առիթով, երբ Միքայել Սրբազանին ասացի, թե պատերազմի ժամանակ առաջնագծում անհավատ մարդ չկար, Սրբազան Հայրը պատասխանեց՝ հավատալ դեռ չի նշանակում Աստծուն ճանաչել: Իրապես ես վստահ եմ, որ կյանքի տարբեր շրջափուլերում շատերը կարողանում են զգալ Աստծո ներկայությունը, բայց, սեփական աստվածճանաչողությամբ առաջնորդվելով, կարծելով, թե ճանաչում են Աստծուն եւ նույնիսկ միայն իրենք է, որ ճանաչում են, երբեմն հեռանում են ճշմարտությունից եւ տարբեր մոլորությունների գիրկը հայտնվում:

2009 թ.՝ բանակից զորացրվելուց հետո, ինձ հուզող մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ ի՞նչ է ադամական մեղքը, վերստին ծնունդը, իմանալու համար մոտեցա Տ. Նշան քհն. Պանֆյորովին: Վերջինս հարցրեց. «Դու ո՞ր կրոնական խմբից ես»: Ես ասացի, որ Ավետարան եմ կարդացել եւ լսել իմ շրջապատից՝ ինձ համար ոչ այդքան ընդունելի մեկնաբանություններով ու հիմա փորձում եմ քահանայից իմանալ: Տեր Նշանն ամեն շաբաթ Ավետարանական սերտողության դասեր էր կազմակերպում եւ ինձ հրավիրեց մասնակցել: Առաջին հանդիպմանն իմացա, որ գոյություն ունի Մատթեոսի Ավետարանի մեկնությունը` ըստ Ս. Ներսես Շնորհալու. զարմանահրաշ էր Ավետարանը «տեսնել» Սրբի աչքերով: Սկսեցի եկեղեցական արարողություններին մասնակցել, հաղորդ դառնալ այն հարուստ ժառանգությանը, որ մեր եկեղեցական հայրերը, մատենագիրները երկհազարամյա պատմության ընթացքում ավանդել են մեզ:

Եկավ մի պահ, երբ վճռեցի գնալ ճեմարան: Տարիներ անց այն ինձ համար դարձավ իրականություն: Կարծում եմ, դա իմ համառության հետեւանքը չէր, այլ՝ Աստծո նախախնամությունը: Իմ փափագն էր լինել այնտեղ, ուր Աստված էր: Եվ այդ վայրը ինձ համար դարձավ եկեղեցին: Երբ մեր սեփական կամքը հաղորդակից ենք դարձնում եկեղեցվո հազարամյա փորձառությանը, որում իր տնօրինական ընթացքով միշտ ներկա է Աստված, այդ պարագայում ենք պատվաստվում այն ճշմարիտ որթատունկի վրա, որ է Հիսուս Քրիստոս:

2017-ին ավարտելով Քահանայից լսարանը՝ դեկտեմբերի 25-ին` Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, ձեռնադրվեցի սարկավագ: Այժմ ծառայում եմ Շիրակի թեմում: Ինձ համար մեծագույն պատիվ, պատասխանատվություն եւ շնորհ է Հայ Եկեղեցվո իմաստուն ու նվիրյալ հոգեւորական Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի հովանու ներքո ծառայելը: Այո՛, դժվարին է հոգեւորականի կյանքը, որովհետեւ պայքարում ես աներեւույթ ուժերի, մեղքի, այս աշխարհին տիրացած չարի դեմ, բայց կարողանում ես հաղթահարել, երբ ինքդ քեզ չես ապավինում, այլ Աստծուն, ում առաջ ի զորու չեն դիմակայել որեւէ չար զորություն ու իշխանություն:

Անշուշտ կարելի է կյանքում շատ բաների ձգտել, փորձել, այսպես ասած, այս աշխարհի ըմբռնումով հաջողակ լինել, բայց այդ ամենը դատարկ կլինի առանց Աստծո: Ծառայելով Աստծուն՝ չես դադարում մեղավոր մարդ լինել, բայց հասկանում ես, թե որտեղ է սրբությունը, գիտակցում ես, որ ամենակարող չես եւ վստահում ես Տիրոջ զորությանը, իմաստուն չես, ուստի եւ հետեւում ես Աստծո իմաստությանը, գիտակցում ես, որ հակված ես դեպի մեղքն ընթանալու, բայց հասկանում ես, որ այնտեղ թաքնված է քո վախճանը, գիտես, որ անարժան ես, բայց չես դադարում Աստծո մեծառատ սիրուն ապավինել:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները