Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

«ՕՐՀՆՈՒԹԻՒՆ Ի ԲԱՐՁՈՒՆՍ, ԵՂՈՂԻՆ
Ի ՀՕՐԷ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ…»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

ուրբ Զատիկից հիսուն օր անց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենանշանակալից տոներից մեկը՝ Հոգեգալուստը: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Սուրբ Հոգին, այս նշանավոր տոնին իջավ, որպեսզի խաչելության Նրա անարգանքը տեսնողները տեսնեն եւ Նրա փառքը»: Դեպքը կատարվեց Երուսաղեմում այն նույն օրը, երբ հրեաները նշում էին Պենտեկոստեն: Նրանք հավաքվել էին Հրեաստանի բոլոր բնակավայրերից եւ հարակից շատ երկրներից: Սուրբ Հոգին իջավ Հիսուսի աշակերտների վրա իրենց նվիրական հավաքատեղիում՝ Վերնատանը: Սուրբ Հոգու գալուստը, որ զուտ արտաքին երեւույթ էր այլոց համար, ըստ աշակերտների, բնավ անսպասելի չէր, այլ խոստացված էր Տիրոջ կողմից:

Հիսուս պատվիրել էր աշակերտներին չմեկնել Երուսաղեմից, մինչեւ չկատարվի Հոգեգալուստը. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք Ա 8): Հոգին իջավ միայն նրանց վրա, ովքեր իրենց սրտերում կրում էին հավատն առ Հիսուս եւ չտրվեց անհավատներին՝ անհավատ աշխարհին: Սուրբ Հոգին տրվեց Սուրբ Եկեղեցուն, որովհետեւ նա է Հիսուսի Հարության վկան եւ խոստովանողը: Հոգեգալստյան տոնը կատարվել է դեռեւս առաքելական շրջանից եւ համարվել հրով մկրտություն, որով մկրտվեցին առաքյալները: Ս. Գրիգոր Տաթեւացին, նկատի ունենալով բոցեղեն լեզուները, գրում է, որ «այն կարծրերը հալեցնում է, իսկ թույլերը՝ պնդացնում»: Ինչպես մետաղը հալվում է հրից, իսկ կավը թրծվում, այնպես էլ Սուրբ Հոգին հալեցրեց անհավատների սրտերը եւ հավատքի բերեց, իսկ առաքյալներին կարծրացրեց, ամրացրեց իրենց հավատքի մեջ, որ ողջ աշխարհով աներկյուղ քարոզեն Ավետարանը:

Սուրբ Հոգին գործում է ամենուր եւ ամեն ժամ, բանական է, մտավոր, կենդանի եւ կենդանացնող: Նրա համար ժամանակի եւ տարածության մեջ սահմաններ գոյություն չունեն: Ըստ Սուրբ Հայրերի՝ յոթը շաբաթ անց Ս. Հոգու Էջքը խորհրդանշում է յոթնարփյա շնորհները, որոնք են՝ իմաստություն, գիտություն, զորություն, հանճար, խորհուրդ, աստվածապաշտություն եւ երկյուղ: Այս շնորհների միջոցով եւ մեղքերի թողությամբ է մարդը ձերբազատվում մեղքի ծառայությունից եւ ստանում ճշմարիտ ազատություն. «Ոչ թե ծառայության հոգին ստացանք, որ դարձյալ վախենանք, այլ որդեգրության եւ ազատության» (Հռոմ. Ը 15): Սուրբ Հոգով է միայն մխիթարվում Եկեղեցին: Աղոթքի պահին Նա է օգնում հավատացյալին՝ վկայելով եւ բարեխոսելով նրա համար: Վերջապես Սուրբ Հոգին է սրբացնում մարդուն՝ պատրաստելով նրան Երկնքի Արքայության համար: Եվ, ի վերջո, Աստծո Խոսքը, մարգարեների եւ առաքյալների միջոցով, մեզ հայտնի դարձավ հենց Սուրբ Հոգու օգնությամբ: Այն ամուր կնիք է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր անդամի վրա: Ս. Հոգին մեզ ուսուցանող Վարդապետ է. «Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի» (Հովհ. ԺԴ 26): Ողջ Աստվածաշունչ Մատյանը գրված է Սուրբ Հոգու ներշնչանքով, ինչն էլ վկայված է մեր Եկեղեցու Հավատո Հանգանակում: Սուրբ Հոգին խոսեց «յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս»: Արդ, ծագեցրու Քո շնորհների նշույլները մեր խավարամած հոգում եւ մտքում եւ հրեղեն լեզուների միջոցով տուր մեզ միտք եւ իմաստություն, որովհետեւ Քեզանից եւ Քո միջոցով կարողացանք իմանալ Քո խոսքերը, որ ասում են Քո մասին. «Աստված Հոգի է, եւ Նրան պետք է երկրպագել հոգով եւ ճշմարտությամբ» ( Հովհ. Դ 24):

Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով՝ մայիսի 23-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շահեն քհն. Ղեւոնդյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով տոնի խորհուրդն ու նշանակությունը:

Սուրբ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ կենարար Մարմնին ու Արյանը հաղորդվեցին մեծաթիվ հավատացյալներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀՈՎՍԵՓ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները