Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

«ԾԱՓՍ ՀԱՐԷ՛Ք, ԱՄԵՆԱՅՆ ՀԵԹԱՆՈՍՔ, ԱՂԱՂԱԿԵՑԷ՛Ք
ԱՌ ԱՍՏՈՒԱԾ Ի ՁԱՅՆ ՑՆԾՈՒԹԵԱՆ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Որ համբարձաւն այսօր աստուածային իշխանութեամբ ի հայրական ի կառս,
սպասաւորելով ի հրեշտակական դասուցն, որք նուագէին ասելով. համբարձէք,
իշխանք, զդրունս ձեր ի վեր, եւ մտցէ թագաւոր փառաց»:
ԺԱՄԱԳԻՐՔ

ամբարձման տոնը հարուցյալ Հիսուսի՝ մարմնով երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու հիշատակն է: «Համբարձում» նշանակում է բարձրացում:

Քրիստոսի Համբարձումը բոլոր տերունական տոների եւ տնօրինական խորհուրդների ամբողջացումն է, հիրավի «Խորհուրդ մեծ եւ սքանչելի»: Առնելով մարդկայինը՝ մեր բնությունը, Քրիստոս Իր գալստյամբ մաքրեց ու օրհնեց անեծքով դատապարտված արարածներին. շրջելով երկրի վրա, մկրտվելով ջրում եւ թաղվելով գերեզմանում՝ մաքրեց հողն ու ջուրը, իսկ հարությունից հետո՝ օդն ու կրակը: Նա մարդկային բնությունը միավորեց Աստծո Խոսքին: Իր երկինք համբառնալով՝ մարդկային անպատիվ բնությունը բարձրացրեց վեր՝ արժանացնելով անզուգական պատվի ու փառքի եւ ցույց տվեց դեպի երկինք մարդուն խոստացված ճանապարհը:

Եթե Համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե, Սուրբ Հարությունից հետո, Քրիստոսի հետ ինչ տեղի ունեցավ, ինչպես վերամիավորվեց Հայր Աստծո հետ: Այդ կատարյալ վերամիավորման պատկերը մեզ համար ինչ է, եթե ոչ կատարյալ հույս՝ մեր իսկ Աստծո հետ միավորման: Թեեւ, Փրկիչը մարմնով բաժանվեց մարդկանցից, սակայն մշտապես նրանց հետ է Հոգու միջոցով: Ուստի Փրկչի Համբարձումը Հոգեգալստյան նախապատրաստումն է նաեւ, որի շնորհիվ Առաքյալները երկրե-երկիր Ավետարանը քարոզեցին բոլոր մյուս ժողովուրդներին:

Առաքելագործության տեսիլքով է, որ Քրիստոսի երկու Առաքյալները՝ Ս. Թադեոսը եւ Ս. Բարդուղիմեոսը, եկան Հայաստան եւ Քրիստոսի՝ «Գնացե՛ք, աշակերտեցե՛ք, մկրտեցե՛ք» ավետիսն ու պատգամը բերեցին նաեւ հայոց աշխարհ: Սուրբ Գրիգոր Տաթեւացին ասում է. «Քրիստոսի համբարձմամբ երկնքի ճանապարհը բացվեց մարդկանց համար եւ տրվեց «Մեզ յամարձակութիւն յուսալոյ ի նոյն եւ մտանել մարմնով ի յաւիտենական ժառանգութիւն», քանի որ մինչ այդ մարդիկ կարող էին միայն դժոխք իջնել, բայց ոչ երբեք վեր ելնել»:

ԱՎԱՆԴՈՒՅԹ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ

Համբարձման տոնը ժողովրդական մշակույթում հայտնի է «Վիճակ», «Ջանգյուլում» եւ «Կաթնապուրի տոն» անվանումներով: Համաձայն ժողովրդական հավատալիքների՝ Համբարձման գիշերը բոլոր ծաղիկներն ու խոտերն սկսում են միմյանց ասել, թե իրենք ինչ ցավի դեղ են կամ իրենց արմատների մոտ ինչ է պահված: Եվ ով այդ ժամանակ «շահմար» օձին խփի ու հավասար կիսի եւ ուտի պոչը, նա ծաղիկների լեզուն հասկանալու շնորհ կստանա: Միաժամանակ ընդունված էր այդ օրերին առաջին անգամ ուրց հավաքելը, ինչը եւս արգելված էր մինչ Համբարձման տոնը: Այդ օրն ուրցը չորացնում էին եւ, որպես ապաքինող միջոց, օգտագործում միայն հիվանդությունների ժամանակ՝ հավատալով դրա ծիսականացված զորությանը: Նաեւ այդ օրն աղջիկները ծաղիկներ էին հավաքում եւ յոթն աղբյուրից ջուր լցնում մի ամանի մեջ: Գիշերը սափորը դնում էին դրսում, բաց երկնքի տակ, որ այն ծածկվի համբարձման գիշերվա ցողով: Հաջորդ օրը՝ Համբարձման տոնին, նստում էին բոլորակ եւ սկսում վիճակահանությունը:

Հավելենք, որ վիճակ գցելու սովորույթն Առաքյալների՝ Քրիստոսի Համբարձումից հետո Երուսաղեմ վերադառնալու եւ Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ տիրադավ Հուդա Իսկարիովտացու փոխարեն, տասներկուերորդ Առաքյալ ընտրվեց Մադաթիան:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ

Մայիսի 13-ին՝ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում վերստին հնչեղ ղողանջեցին զանգերը: Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս հավաքվել էին մեծաթիվ հավատացյալներ՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ «ԷՋ ՄԻԱԾԻՆ Ի ՀՕՐԷ ԵՒ ԼՈՅՍ ՓԱՌԱՑ ԸՆԴ ՆՄԱ»

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, տոնախմբելով Համբարձումը, իր տիրավանդ խորհրդին միախառնել է նաեւ Հայոց Հայրապետական Աթոռը 1441 թվականին Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: XV դարում տեղի ունեցած այս իրողությունը պատմական է ոչ թե այն իմաստով, որ Սուրբ Աթոռը վերադարձել է իր առաջին եւ օրինական վայրը, այլ նրանով, որ պատմության դառը փորձությունների մեջ, երկար դարերի դեգերումներից հետո, ի վերջո Լուսավորչի տեսիլքը մեկընդմիշտ գտել է իր պատմական արդարացումն ու իրականացումը:

Միանշանակ, Սուրբ էջմիածինը հայորդիների Սիոնն է, հոգեւոր կենտրոնը, որտեղից, ըստ մեր պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը հոգեւոր իմաստով ծնել եւ մկրտել է հայ ժողովրդին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հենց Հիսուսի ոտնահետքն է այս աշխարհում: Եթե մենք կամենում ենք ծնրադիր համբուրել այդ ոտնահետքերը, բավական է, որ մենք խոնարհվենք Սուրբ Էջմիածնի սրբացած քարերի առջեւ: Որքան էլ հայ քրիստոնեկան քաղաքակրթական միտքը զարգանա, միեւնույնն է, այն երբեք չի բարձրանալու Սուրբ Էջմիածնի գմբեթից ավելի, որովհետեւ Էջմիածինը մեզ համար երկիր է երկրի եւ երկինք՝ երկնքի մեջ:

Ի հիշատակություն պատմական այդ օրվա եւ ի հավերժություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի՝ հընթացս սրբազան արարողակարգի, կատարվեց գոհաբանական մաղթանք:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները