Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

«ԽԱՉՆ ԿԵՆԱՐԱՐ ՈՐ ԵՂԵՒ ՄԵԶ ՓՐԿՈՒԹԻՒՆ…»
ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԵՐԵՎՄԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

ստվածային բոլոր հրաշքներն էլ ինքնանպատակ չեն, այլ ծառայում են որոշակի նպատակի, որ ուղղված է մարդու փրկությանը:

Երբ Աստված կամենում է անհավատներին դարձի բերել, իսկ թերահավատներին հաստատել հավատքի մեջ, Իր ամենակարող զորությամբ, որպես երկնային ողորմություն ու պարգեւ, հրաշագործում է: Այդ սքանչելիքներն ու հրաշքները դառնում են այն արտաքին ազդակները, որոնք մարդկանց մղում են ապաշխարության եւ դարձի բերում առ Աստված: Նման լուսավոր մի ազդակ էր նաեւ սուրբ քաղաքի երկնակամարում երեւացող Խաչի լուսեղեն տեսիլքը, որ պատճառ դարձավ մեծաթիվ հեթանոսների ու հրեաների քրիստոնյա դառնալուն եւ բազում քրիստոնյաների՝ իրենց հավատքի մեջ անսասան լինելուն ու ամրապնդվելուն: Խաչի երեւման այս տոնի մեջ նշանակալին այն է, որ աստվածային Ս. Նշանը ձգվում էր Գողգոթայից մինչեւ Ձիթենյաց լեռը: Գողգոթան Հիսուս Քրիստոսի Խաչի ճանապարհի գագաթն ու վերջակետն է, իսկ Ձիթենյացն այն լեռը, որտեղից երկինք՝ Հոր մոտ, փառքով եւ փառավորյալ մարմնով բարձրացավ մեր Երկնային Վարդապետը:

Ինչպես Ս. Կյուրեղն է նշում իր նամակում՝ այս երկնային աստվածատեսությունն արժանի էր ոչ թե լռության, այլ ավետարանվելու համայն տիեզերքին, որպեսզի բոլորն էլ քաջալերվելով ընդունեն քրիստոնեական ճշմարիտ եւ ուղղափառ հավատքը՝ հաստատապես շինված անսասան Վեմի՝ Հիսուս Քրիստոսի կենդանարար խոսքի վրա: Լուսապայծառ Խաչի երեւումը Երուսաղեմի երկնքում ցերեկվա ժամին խորհրդանշում է Քրիստոնեական Եկեղեցու հրաշափառ հաղթանակը խավարի դեմ: Հետեւաբար՝ Խաչը մեզ համար հույսի, սիրո, հաղթանակի եւ փրկության նշան է, որի վրա Աստվածորդին պարտության մատնեց սատանային՝ մեր առաջ վերաբացելով դրախտի դուռը: Տերն Իր փրկագործության խորհրդով Խաչը վերածեց հաղթության նշանի: Այս գիտակցությամբ ու համոզմամբ է, որ քրիստոնեության մունետիկ Պողոսն ի լուր ամենքի ազդարարում է. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով» (Գաղ. Զ 14):

Արդ՝ այսօր, երբ Հայ Եկեղեցին տոնախմբում է երկնքում Խաչի երեւման տոնի հիշատակությունը, մի կոչ եւ հորդոր ունի Քրիստոսի փրկարար Խաչը դավանողներիս ուղղված՝ Խաչն է մեր միակ ապավենը, եւ Տերն Իր ամենահաղթ Ս. Խաչի նշանով է մեզ տալիս այն վստահությունը, թե ինչպես Ինքը հաղթեց մահվանն ու դժողքին, նույնպես եւ մենք, սրբազան Խաչի միջոցով, կարող ենք հաղթել սատանային:

Հայոց Եկեղեցին Ս. Խաչի երեւման տոնը նշում է Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը: Մեր պատմության մեջ քիչ չեն Խաչի երեւումները: Կորյունը եւ Խորենացին, Մաշտոցի մահն ու թաղումը նկարագրելիս, հիշում են, որ Վաղարշապատում լուսավոր Խաչանշանը մի քանի օր շարունակ փայլել է երկնքում՝ այն տան վերեւում, ուր Սուրբն ավանդել է հոգին, ինչպես նաեւ ուղեկցել թաղման թափորը մինչեւ հուղարկավորության վայր եւ անհետացել միայն Սրբի մարմինը գերեզման իջեցնելուց հետո: Խաչի լուսապայծառ երեւումներից է նաեւ Վարագ լեռան վրա երկու ճգնավորների տեսիլքը:

Ինչպես հայոց բոլոր եկեղեցիներում, Գյումրու Ս. Հակոբ, Ս. Յոթվերք, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Նշան եկեղեցիներում նույնպես մայիսի 2-ին, Երեւման Սուրբ Խաչի տոնի առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները