Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

ՔԱՀԱՆԱՅԻՑ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՎԱՔ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

«Սերը, համերաշխությունը եւ ազգի միաբանությունն են,
որ կարող են բարիք պարգեւել ազգային ու հայրենական մեր կյանքին»
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

այիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանները, Հայաստանի եւ Արցախի թեմերում սպասավորող շուրջ 184 եկեղեցականներ:

Մինչ հավաքը հոգեւոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Արեւագալի ժամերգությանը: Այնուհետեւ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ժողովն սկսեց իր աշխատանքը:

Հավաքը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի ողջույնի խոսքով, որից հետո Սրբազան Հայրը հանդես եկավ «Հանրապետությունում առկա իրավիճակի վերլուծում. մարտահրավերներ» եւ «Եկեղեցու անելիքները ներկա իրավիճակում» թեմաների շուրջ միացյալ բանախոսությամբ: Ներկայացված նյութերի շուրջ ծավալվեցին քննարկումներ: Եկեղեցականները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ անդրադառնալով երկրում ստեղծված ծանր իրավիճակին եւ դրա հաղթահարման գործում հոգեւորականության առաքելությանը, ինչպես նաեւ ռազմագերիների, զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների ու տեղահանվածների ընտանիքներին ցուցաբերվելիք առանձնակի հոգեւոր խնամքին, ներկա պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, հովվական ծառայությանը, առկա մարտահրավերներին:

Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով: «Աստծո կամոք հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի եւ Արցախի թեմերում ծառայող քահանաների ամենամյա հանդիպումը, թեեւ մարդկությանը պատուհասած համավարակը դեռ չի հաղթահարվել: Նման հավաքի անհրաժեշտությունն առավել հրամայական է ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդն ու հայրենիքը, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետեւանքով, կրեցին ցավալի կորուստներ, մեր պետության առջեւ հառնեցին լրջագույն նոր մարտահրավերներ: Արցախյան պատերազմը մեր առջեւ պարզեց շատ ճշմարտություններ՝ թե՛ աշխարհաքաղաքական իրողությունների եւ թե՛ ներքաղաքական, հասարակական կյանքի սխալ ընթացքների, բացթողումների ու թերությունների առումով: Ժամանակի ընթացքում, վստահ ենք, դեռ ամբողջական գնահատական պիտի տրվի բոլոր երեւույթներին», - ասաց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ այս ժողովը նաեւ պատեհ առիթ է՝ դժվարին իրադրության մեջ քննարկել եւ սահմանել հովվական, հոգեխնամ ու սոցիալական առաջնահերթությունները, նաեւ, ըստ հարկի, վերատեսության ենթարկել, ներկա բարդ հանգամանքներում, հովվական առաքելության իրականացման կերպերը:

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց համավարակի, ապա Արցախյան պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին, արտաքին մարտահրավերներին: «Մտահոգիչ է այսօր նաեւ, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների պատճառով, հայրենիքի սահմաններին տիրող իրավիճակը, Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ շրջաններում բնակվող մեր ժողովրդի անվտանգության հարցը, որը լուրջ անհանգստություններ է առաջ բերել ամբողջ երկրում: Երեկ տակավին ցավով տեղեկացանք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել է հայ զինվորական: Խստորեն դատապարտելով Հայաստանի ինքնիշխանության եւ մեր ժողովրդի իրավունքների հանդեպ ոտնձգությունները՝ Եկեղեցին, իր բոլոր հնարավոր միջոցներով, աշխատանք պիտի տանի այս ոտնձգությունների կանխարգելման, գերիների ազատության, հոգեւոր մեր սրբությունների պաշտպանության համար», - նշեց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ հարյուր տարի անց՝ մեր օրերում էլ դեռ հառնած է մեր ժողովրդի ինքնապաշտպանության հրամայականը, եւ հայրենի մեր երկիրը կանգնած է նույնական մարտահրավերների առջեւ՝ պայքարելով հանուն մեր ինքնության ու պատմական հայրենիքի այս փոքրիկ հողակտորի վրա անվտանգ գոյատեւման իրավունքի:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցու սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա մարտահրավերների հաղթահարման աշխատանքների, այլեւ լինել ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած անհուսության եւ տրտմության: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձավ, պատերազմի ծանր օրերին եւ հետագա ամիսներին, եկեղեցականների կողմից իրականացված աջակցության բազմաբնույթ ծրագրերին: Խոսելով պատերազմի բերած աղետալի հետեւանքների, դրանց պատճառած քաղաքական վայրիվերումների եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Եկեղեցու սրբազան պարտքն է ցույց տալ ծառացած մարտահրավերների իրական վտանգը, ահազանգել հայրենիքում տեղ գտնող անցանկալի զարգացումների մասին, հոգ տանել ազգային համախմբմանը՝ ի խնդիր անընդունելի իրավիճակների եւ ատելության ու անհանդուրժողության մթնոլորտի հաղթահարման:

«Առաջիկա ամիսը վճռորոշ է լինելու մեր երկրի եւ մեր ժողովրդի համար: Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի նախընտրական այս շրջանում մեր ժողովուրդը չկանգնի նոր պառակտումների եւ եղբայրատյացության դրսեւորումների առջեւ: Մեր ժողովրդի զավակներին հորդորենք իրենց ընտրության մեջ առաջնորդվել ազգի ու հայրենիքի գերագույն շահով, լինել արդարամիտ ու անաչառ: Եկեղեցին քաղաքականության մեջ միջամուխ լինելու հավակնություն չի դրսեւորել եւ չի դրսեւորում: Ձեռնարկվող քայլերը պայմանավորված են սոսկ ճգնաժամային բարդագույն իրավիճակով, որի դիմագրավման հարցում հապաղումն այլեւս հղի է նոր արհավիրքներով: Հայրենի երկրի ապագայի տեսլականից մղված պետք է արվի անհրաժեշտը՝ հայրենիքը զորացնելու եւ մեր ժողովրդին հույսի ապրում փոխանցելու համար: Եկեղեցին ունի կարեւոր առաքելություն՝ վերապրած պատերազմի, կրած կորուստների եւ ապագայի անորոշության պատճառով առաջացած անկումային հոգեվիճակը հաղթահարելու, վաղվա օրվա հանդեպ լավատեսությունն ամրապնդելու, երկրից արտագաղթը կասեցնելու: Այս նպատակով խիստ անհրաժեշտ է եւ կարեւոր նաեւ յուրաքանչյուր եկեղեցականի ջանադիր աշխատանքը, նախանձախնդրությունը եւ անձնական օրինակը»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ առաջիկայում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձեւավորվի հայրենանվեր, ազգասեր եւ արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով եւ աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերել հայրենի երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորել հայրենիքի անվտանգությունը, հետապնդել ազգային մեր իրավունքները եւ ապահովել արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում եւ Արցախում: Հայրենիքի լուսավոր գալիքի կերտման գործում Նորին Սրբությունը կարեւոր նկատեց նաեւ սփյուռքի դերակատարությունը՝ իր հսկա ներուժով:

Վերջում Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց համայն մեր ժողովրդի բարօրության, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության եւ անվտանգության համար՝ վերստին պատգամելով հոգեւոր դասին նախանձախնդիր լինել հավատավոր ժողովրդի հոգեւոր խնամքի իրականացման առաքելության մեջ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. էՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները