Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

«ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ
ՈՒ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԱՐԻՍԽԸ»
ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՍԻԱՅՈՒՄ

Եկեղեցին փրկության տապանն է, որն այս կյանքի խռովահույզ ծովում մեզ
առաջնորդում է դեպի խաղաղության հանգրվան, դեպի բաղձալի նավահանգիստը
փրկության, որն Աստված է պարգեւում: Քրիստոնյայի երկրավոր կյանքի ճանապարհն
ուղեւորություն է դեպի այդ օրհնյալ հանգրվանը, որին առանց Եկեղեցու
առաջնորդության անհնար է հասնել. «Չիք փրկութիւն յարտաքոյ եկեղեցւոյ»
(Ս. Կիպրիանոս):

կեղեցաշինության գեղեցիկ սովորույթը դարեր շարունակ հայ հավատավորի համար եղել է կենսատու մի ավիշ, որից սնվել ու ճյուղարձակել են սերունդներ՝ պապերից ավանդվածը փոխանցելով որդուց որդի: Այն նաեւ մեր օրերն է հասել ու առավել կենսավորվել, քանզի հայի համար «ոչ միայն հացիւ»-ը նույնքան արդիական է այսօր եւս: Իսկ ավանդույթները, որոնցով ապրում ենք ցայսօր, մեր ամրության ու տոկունության խարիսխներն են: Երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասում էր. «Հանեցէ՛ք աւանդոյթները ժողովուրդներու կեանքէն, ազգերը կը տատանին անարատ եղէգներու պէս եւ կը թափին ճիւղերէն փրթած տերեւներու նման»: Եկեղեցասեր ու կառուցող պապերից ժառանգած սովորույթի կանչով՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ցանկություն հայտնեց Ամասիայում կառուցել եկեղեցի՝ այս կերպ հավերժին պարզելով սեփական գոյության անժամկետ անձնագիրը: Եվ որպեսզի իրականությամբ զգեստավորվի խոնարհ հայի երազանքը, մայսի 15-ին Ամասիա էր այցելել Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանը՝ կատարելու նոր կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որից առաջ Սրբազան Հայրը նախ համառոտ անդրադարձ կատարեց հիմնարկեքի դերին ու նշանակությանը:

ՀԻՄՆԱՐԿԵՔ ԸՍՏ ՆԱԽՆՅԱՑ ԿԱՐԳԻ

Հանդիսավոր արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Այնուհետեւ, համապատասխան սուրբգրային ընթերցվածներով, աղոթքներով ու սաղմոսերգությամբ, Ամասիայի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Գարեգին քհն. Սարգսյանը նախ ջրով, ապա գինով լվաց նոր կառուցվելիք եկեղեցու՝ արդեն փորված հիմքերի մեջ տեղադրվելիք տասնվեց վեմ քարերը: Որից հետո Սրբազան Հայրը Սրբալույս Մյուռոնով օծեց դրանք, իսկ ներկաները տեղադրեցին հիմքերում:

Օծված տասնվեց վեմ քարերից տասներկուսը խորհրդանշում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալներին, երկուսը՝ Մարկոս եւ Ղուկաս Ավետարանիչներին, իսկ հաջորդ երկուսը՝ Պողոս Առաքյալին եւ մեր հավատո հորը՝ Ս. Գրիգոր Լուսավորչին: Այնուհետեւ Առաջնորդ Սրբազանը, իր հայրական օրհնանքն ու բարեմաղթանքներն ուղղելով ներկա հավատացյալ ժողովրդին, վերջիններիս հորդորեց նույնպես մասնակից լինել եկեղեցու կառուցմանը, ինչպես նաեւ կարեւորեց աղոթատան դերը համայնքի հոգեւոր կյանքում:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ

Սիրելինե՛ր, ահա կատարեցինք Ամասիայի եկեղեցվո հիմնարկեքը: Տարիների երազանքն այսօր իրականանում է: Անշուշտ, սա աշխատանքի ավարտը չէ, որ լիարժեք ուրախանանք, բայց աշխատանքի սկիզբն էլ ուրախության առիթ է նամանավանդ Ամասիայի բնակիչների համար կարծում եմ, համոզված եմ, նաեւ ինձ համար, որ այս անցնող քսան եւ ավել տարիների ընթացքում միշտ ցանկանալով ցանկացանք, երազեցինք, դիմեցինք, տարբեր դռներ բախեցինք, խոստումներ ստացանք, խոստուները կորսվեցին, մերժվեցին կամ չմերժվեցին եւ ահա եկանք այս հանգրվանին: Երբ մենք անակնկալ ցանկություն հայտնեցինք այստեղ եկեղեցի կառուցել, պրն. Վահե Հակոբյանը, տեղեկանալով Ամասիայի համառոտ պատմությանը, ընդառաջեց մեր ցանկությանը, ինչի համար շնորհակալ ենք: Իմ շնորհակալությունը մեծանում է նաեւ նրանով, որ արդեն շատերին դիմել էինք այդ խնդրանքով, բայց ոչինչ չէր ստացվել, իրեն չդիմեցինք, բայց եղավ: Ուրեմն՝ սա նման է աստվածաշնչյան այն առակին, ուր պատմվում է հոր եւ որդիների մասին: Երբ հայրը խնդրանքով դիմում է որդիներից մեկին, նա խոստանում է կատարել հոր խնդրանքը, սակայն չի անում, իսկ երկրորդ որդին չի խոստանում անել, բայց անում է: Աստվածաշունչն ասում է. «Ո՞վ Տիրոջ կամքը կատարեց. նա, ով ասաց այո, բայց չարեց, թե նա, ով այո չասաց, բայց արեց»: Բնականաբար աստվածաշնչական եզրակացությունը մեկն է՝ «այո» ասելով չէ, որ Աստծո կամքը կատարում ենք, այլ նրանով, երբ կատարում ենք այն գործը, որ Աստված հնարավորություն է տվել մեզ կատարելու:

Եկեղեցի կառուցելը շնորհ է, որ Աստված ամեն մեկին թույլ չի տալիս: Շատերս դա չենք հասկանում հաճախ, ամեն մարդ չէ, որ կարող է մտնել այդ վաստակի մեջ, ասել՝ ես եկեղեցի կառուցեցի: Ամեն մարդու չի տրված դա: Եթե մարդն ինքնաբուխ է կամենում եկեղեցին կառուցել, դա նշանակում է, որ շնորհը գործում է առավել, քան սովորական պայմաններում: Ինձ համար մեծագույն անակնկալ էր իմանալ, որ պատրաստակամություն կա Ամասիայում եկեղեցի կառուցելու, որովհետեւ անցած քսաներկու տարիներին, կարող եք ենթադրել, թե քանի դուռ եմ բախել, որպեսզի այս շրջանն իր կենտրոնով եկեղեցի ունենա: Թեեւ որոշ եկեղեցիներ կարողացել ենք գյուղերում կառուցել կամ վերակառուցել, բայց մեր փափագը, առաջնահերթությունը միշտ մնում էր Ամասիայում եկեղեցի կառուցելը: Ես ուրիշ անգամներ նույնիսկ գյումրեցիներին եմ ասել, որ Ամասիայում եկեղեցի կառուցելն ավելի կարեւոր է, քան Ամենափրկչի վերակառուցումը: Գյումրեցիք հաճախ վիրավորվել են իմ այս խոսքերից, բայց այսօր էլ ասում եմ` Ամասիայում եկեղեցին ավելի առաջնահերթ է, քան Ամենափրկչի վերակառուցումը: Գյումրին այլ եկեղեցիներ ունի, բայց Ամասիան չունի: Մենք տարիներ շարունակ համակերպվել ենք այս շենքում տեղավորված փոքրիկ աղոթատան մեջ ծեսեր կատարելու հետ: Այստեղ է հավաքվել Ամասիայի հավատացյալ ժողովուրդը, աղոթել, աղոթել նաեւ երազանքով, որ մի օր եկեղեցի կկառուցվի եւ իրենք եկեղեցում կաղոթեն: Այդ աղոթողները նույնպես վաստակ ունեն, եթե մենք հավատացյալ ենք, հավատում ենք Աստծո գործունեությանը, միջամտությանն ու ներգործությանը: Ուրեմն՝ աղոթքի զորությունն այստեղ գործում է եւ նրանց աղոթքների զորությամբ է, որ պրն. Հակոբյանն անդրադարձել է առ Աստված եւ եկեղեցի կառուցելու ցանկություն ունեցել:

Ինչպես Տերն է ասում՝ «ծարավ մարդուն եթե մի բաժակ սառը ջուր տվեցիք, ինձ տված եղաք»: Բնական է, որ կենաց աղբյուր Աստված ոչ ջրի կարիք ունի, ոչ էլ՝ ծարավելու: Բայց Իրեն ծառայում ենք միշտ` մեր նմաններին ծառայելու միջոցով: Հետեւաբար՝ այսօր այդ ծառայության առաջին փուլն է: Ավետարանն ասում է, երբ մաճկալը` հողագործը, ձեռքը դնում է մաճին, որպեսզի վարի, այլեւս հետ չի նայում, այլ նայում է առաջ: Մենք էլ հիմա ձեռքներս դրեցինք մաճին եւ նայում ենք առաջ, թե ինչպես պիտի բարձրանա այս եկեղեցին, երկինք սլանա գմբեթը: Հաջորդ անգամ, որ հավաքվենք, պիտի գմբեթի խաչերն օծենք ու տեղադրենք, որից հետո եկեղեցին օծենք եւ բացենք մեր սիրելի հավատացյալների առջեւ, որպեսզի այստեղ աղոթեն, եւ եկեղեցին դառնա այն առհավատչյան, որ այստեղ ապրում է հայը, սա հայկական հող է: Ինչու է թշնամին առաջին հերթին մեր եկեղեցիները ոչնչացնում. որովհետեւ, ուրիշ անգամներ եւս ասել եմ, թեպետ ոմանք չեն հասկանում եւ ավել-պակաս խոսում են եկեղեցաշինության հասցեին, մեր երկրի սահմանները գծված են եկեղեցիներով: Մեր բանակը չէ ցավոք, որ մեր երկրի սահմանները գծել է, այլ մեր եկեղեցիներն են գծել եւ այսօր էլ ցավոք ի վիճակի չենք ո՛չ պետականությամբ, ո՛չ բանակով այդ եկեղեցական սահմանները պահելու: Բայց ամեն մի եկեղեցաշինությամբ պետք է նաեւ հասկանանք, որ եթե սարքում ենք այս եկեղեցին, չպիտի հանձնենք թուրքին, չպիտի հանձնենք, մենք հանձնելիք չունենք, չենք ունեցել եւ չպիտի հանձնեինք: Մեր հայրենիքը, ամասիացու հայրենիքն այստեղ չի սկսվում եւ այստեղ վերջանում: Մեր հայրենիքը շատ հեռուներից է սկսվում եւ ամասիացու համար ընդամենը վերջանում է այստեղ, ոչ թե սկսվում է այստեղից եւ չգիտես որտեղ, անէության մեջ վերջանում:

Մեր եկեղեցիները միայն աղոթքի վայր չեն, այլ մեր հայ լինելու առհավատչյան, վկայականը, անձնագիրը, այս հողը մեզ պատկանած լինելու փաստը. սա է իրականությունը: Այս մտածումով պետք է եկեղեցիներ կառուցենք: Այո՛, մենք եկեղեցիներ ենք կառուցում բարերարների օժանդակությամբ եւ նվիրատվությամբ: Մենք մեր գործն ենք անում: Թող ամեն մեկն իր գործն անի՝ դպրոց կառուցողը դպրոց կառուցի, հիվանդանոց կառուցողը` հիվանդանոց, առողջապահությամբ զբաղվողը` առողջապահությամբ զբաղվի, կրթությամբ զբաղվողը` կրթությամբ: Մենք էլ զբաղվում ենք մեր գործով եւ լավ ենք զբաղվում: Թող ամեն մի ասպարեզի մարդ այնքան նվիրում, այնքան նախանձախնդրություն ունենա, որքան հաճախ այս ժողովրդի կողմից արհամարհված, այսպես կոչված, տերտերներն ունեն, թող այդքան նախանձախնդրություն ունենան: Պետական գործիչները թող ունենան այնքան սեր երկրի նկատմամբ, որքան արհամարհված տերտերներն ունեն: Ես մի քիչ հուզվում եմ, բայց այս իրավիճակում, որի մեջ ապրում ենք, չհուզվել կնշանակեր հոգի չունենալ:

Ես նկատեցի, որ հասուն տղամարդկանցից ոմանք, նույնիսկ կարող եմ ասել շատերը, երբ մոտենում էին քարն օծելիս, դողում էին: Դա ի՞նչ էր՝ վախի դո՞ղ, վախենո՞ւմ էին: Ո՛չ, դա երկյուղ էր Աստծո, սրբության եւ այս խորհրդի նկատմամբ, որ իրենց էր տրված, իրենց էր վերապահված մասնակից լինել: Այդ երկյուղի դողը յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր մեջ, որպեսզի թուրքից վախը հաղթահարի: Այդ երկյուղը, այդ սրբազան դողը, որ մարդու մեջ կա, նշանակում է, թե ինքը «փչացած» չէ, փուչ ընկույզ չէ, իր մեջ հոգի կա եւ այդ հոգու մեջ, եւ այդ հոգով Աստված է խոսում: Մի օր այդ խոսքը, այդ սերմը պիտի պտուղ տա եւ պիտի պտղաբերի մեկի դիմաց երեսուն, մեկի դիմաց վաթսուն, մեկի դիմաց հարյուր` ինչպես ասում է Ավետարանը: Շատ գլուխներդ չցավեցնեմ, սիրելինե՛ր, արեւի տակ երկար կանգնելը շատերի համար հաճելի չէ, մենք դեռ կհանդիպենք:

Շնորհակալություն մեր սիրելի պրն. Հակոբյանին: Հուսանք, որ Աստված կտա բոլոր հնարավորությունները, որպեսզի այս եկեղեցին բարձրանա, ավարտվի եւ հասնի իր նպատակին: Առանց քաշվելու էլ հաջողություն ենք մաղթում իրենց բռնած գործին մյուս ասպարեզներում, որի մեջ կան եւ ուզում են լինել՝ մեր երկրի, հայոց աշխարհի շենության համար: Աստված օրհնի ամենքիդ:

Ի ԴԵՊ

Շարունակելով խոսքը՝ Սրբազան Հայրը հավելեց, որ եթե քայլեր չձեռնարկվեն, գյուղերում եւ համայնքներում աղանդները կշատանան: Փառք եւ գոհություն ենք բարձրացնում, որ մեր կյանքի այս դժվարին ժամանակներում Աստված Իր ողորմության դռները լայն բացել է մեր ժողովրդի առջեւ եւ պարգեւում է եկեղեցի կառուցելու, աղոթքի տները շենացնելու եւ մեր զավակներին նվիրական հայրերի սրբազան ժառանգության ու սուրբ հավատքի շուրջ համախմբելու շնորհը:

Թեմակալ Առաջնորդն այնուհետ աղոթք առաքեց առ Աստված՝ Հակոբյան գերդաստանի առավել պայծառության, քաջառողջ ու արեւշատ օրերի, ինչպես նաեւ ննջեցյալների հոգիների խաղաղության համար:

Հիմնարկեքի արարողակարգն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով, որին ներկա էին մեծաթիվ ամասիացիներ, Երեւանից ժամանած հյուրեր:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները