Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

ՀԱՎԱՏՔԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀ

«Ուխտ նշանակում է հավատարմություն Աստծո եւ ազգիդ հանդեպ:
Ուխտել իմացող եւ ուխտը կատարել կարողացող ժողովուրդը չի մեռնի»:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

ուրաքանչյուր ուխտագնացություն մի նոր կապ է անցյալի ու ներկայի միջեւ եւ մի նոր կնիք՝ Քրիստոսի հանդեպ հավատքի ուխտին:

Նոր Կիրակին կամ Կրկնազատիկն իր մեջ ներառում է վերջին օրվա խորհուրդը եւ նոր է կոչվում, որովհետեւ Աստված այս օրն է ստեղծելու «Նոր երկինքն ու նոր երկիրը»: Կրկնազատիկ է, որովհետեւ այն նաեւ ազատության ու հարության օր է:

Ապրիլի 11-ին՝ Կրկնազատկի տոնի ուրախ առիթով, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ ժաննայի նախաձեռնությամբ, Սուրբ Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալներ ուխտավորաբար այցելեցին Արագածոտնի մարզի հինգ նշանավոր եկեղեցիներ՝ Մուղնու Ս. Գեւորգ, Կարպիի Ս. Աստվածածին, Հովհանավանք, Սաղմոսավանք եւ Ապարանի Ս. Խաչ:

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորների առաջին հանգրվանը Մուղնու 14-րդ դարի Ս. Գեւորգ եկեղեցին էր: Այստեղ նրանք ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Գարեգին քհն. Արսենյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն ի մասնավորի նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Կրկնազատկին եկեղեցի է բերվում Շուրիշկանի 15-րդ դարի ձեռագիր մատյանը, որը պահվում է Մատենադարանում: Այն պատկանում է Բարսեղ Վարդապետի գրչին եւ գրվել է Վասպուրականում: Սակայն այս վերջին երկու տարին, համավարակի պատճառով, այն չի թույլատրվում դուրս բերել Մատենադարանից:

Սուրբ Պատարագի ընթացքում ներկա ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը եւ մաքրված ու զորացած թողեցին աղոթատունը:

ԿԱՐՊԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

Երկրորդ սրբավայրը Կարպի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Գողտրիկ աղոթատունն իր պարզությամբ ու գեղեցկությամբ մեզ է հասել 14-15-րդ դարերից: Վերանորոգվել է 1999 թվականին, վերաօծվել երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ:

Եկեղեցու կամարների տակ ուխտավորների շուրթերից հնչեցին շարականներ ու աղոթքներ, վառվեցին հավատքի մոմեր:

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Երրորդ հանգրվանը Սաղմոսավանքի համալիրն էր, որի բաղկացուցիչ մասերն են Ս. Աստվածածին եւ Ս. Սիոն եկեղեցիները: Ըստ ավանդության՝ վանական համալիրը հիմնել է մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը: 13-րդ դարի այս կառույցը, ինչպես տեղաբնակների, այնպես եւ Հայաստանի մյուս շրջանների հավատացյալների համար, եղել է սիրելի ուխտավայր:

Այցելուներն աղոթեցին շքեղ տաճարի հոյակերտ կամարների ներքո՝ հայցելով Տիրոջ Ս. Աջի հովանավորությունը:

ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔ

Ուխտավորները դարձյալ ճանապարհին էին… Հաջորդ կանգառը Հովհանավանքն էր: Հովհաննես Մկրտիչն առանձնակի ժողովրդականություն եւ ակնածանք է վայելել հայության մեջ: Հովհանավանքը, հայ ճարտարապետության փայլուն կոթող լինելուց զատ, եղել է նաեւ հոգեւոր- մշակութային խոշոր կենտրոն: Ըստ ավանդության՝ սրբավայրը հիմնել է Գրիգոր լուսավորիչը՝ այստեղ բերելով Հովհաննես Մկրտչի նշխարների մի մասը: Վանական համալիրն ուխտավորներին դիմավորեց իր ողջ վեհությամբ՝ բազմած Քասախի կիրճին: Եկեղեցու փայտե տանիքը քարե կերտվածքով փոխարինվել է 554 թ.-ին եւ հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ.: Զաքարիա սարկավագի գրառած մի արձանագրության համաձայն՝ պարիսպը կառուցել է 1222 թ., Կյուրիկյան Աբաս թագավորի այրի, Զաքարե Բ եւ Իվանե Ա Զաքարյանների քույր, Վանենին (Նանան):

Ուխտավորներիս խմբին այստեղ դիմավորեց տեղի հոգեւոր հովիվ Տեր Օշինը, ով իր օրհնության խոսքը հղեց բոլորիս, ապա միասին աղոթք առաքեցինք առ Բարձրյալը: Վառած մոմերն ու աղոթքներն առ Աստված միայն մեկ աղերս ունեին՝ երկրի զարգացման ուղին անշեղ լինի, իսկ բանակը՝ զորեղ:

ԱՊԱՐԱՆԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին հանգրվանը Ապարանի Ս. Խաչ եկեղեցին էր: Այստեղ եւս երգեցինք մի քանի շարականներ, մեր հոգու աղոթքն առաքեցինք առ Տերը՝ խնդրելով խաղաղություն աշխարհին, առողջություն հիվանդներին, արքայություն ննջեցյալներին եւ բարօրություն հայ ժողովրդին:

Երեկոյան, զորացած հոգիներով, շարժվեցինք Գյումրի: Բոլորի սրտերում, կարծեք, լույսի, հույսի նոր բոց էր առկայծում, եւ խորհում էին արդեն հաջորդ ուխտագնացության մասին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները