Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

ՏԻՐԱՄԱՅՐԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԱՂԵՐՈՒՄ

«Ծունր խոնարհեցո առ իմ հաշտութիւն, ծնողդ Աստուծոյ, Ընդ իմում թշուառիս հոգա,
խորան բարձրելոյդ Ձեռն տուր անկելոյս, տաճար երկնային»:
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

րիգոր Նարեկացու գրական հռչակն սկիզբ է առել դեռ ողջության օրոք եւ տարածվել ժամանակի ընթացքում: Վաղ տարիքից սկսյալ՝ Նարեկացին գրել է քսանից ավելի տաղեր՝ հոգեւոր երեւույթներին շնորհելով աշխարհիկ մեկնություններ: Հանճարեղ բանաստեղծն ամենագեղեցիկ գույներով է ներկայացրել Աստվածորդուն: Իսկ ինչպիսի՞ն է «Բարեբանյալի» մայրը: Նա Նարեկացու մոտ համերամ խորհուրդ է, «երամից զարդ», հասակը նոճի, իսկ հոնքերը նրբորեն միմյանց կցված կամարներ՝ կարծեք «միջօրեի ժամն է բացվում»: Իսկ աչքերը...

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն՝
Երկու փայլակնաձեւ արեգական նման.
Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս:


Գեղեցիկ կույսի մազերը «եռահուսակ» բոլորվել են նռնանման այտերի երկու կողմերը: «Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր, լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն… Ծոցն լուսափայլ կարմիր վարդով լցեալ: Ծղիքն ծիրանի՝ մանուշակի հոյլք»: Նարեկացին Տիրամորը տեսնում է «մերձ գերազանց լույս եռյակին» եւ նրան համարում «տաճար Բանին»: Այս ամենը վերաբերում է մարդ-կերպարի բարեմասնություններին, իսկ խոհերին ու ապրումներին անդրադառնում է «Մատյան ողբերգության» աղոթագրքի մեջ: Այստեղ նա Տիրամորը դիմում է ոչ որպես կին-գեղեցկուհի, այլ երկնային արքայուհի, կյանքի «փրկանակ»՝ թվարկելով նրա բարեմասնությունները: Մեծ աղոթասացն Աստվածամորն է դիմում որպես բարեխոսի, հաշտարարի, ապավինում նրա մայրական սրտի անսահման բարությանը. «Արցունքով օգնիր դու վտանգվածիս, գովյալդ կանանց մեջ, ծնկաչոք խնդրիր հաշտության համար, ծնողդ Աստծո. Հոգատար եղիր թշվառիս հանդեպ՝ խորան Բարձրյալի. Ձեռք տուր ընկածիս, տաճար երկնային»: Իզուր չէ բանաստեղծի թախանձանքը: Նա հավատում է, որ Տիրամոր խոսքը լսելի է եւ ընդունելի Աստծո մոտ, քանզի նա մաքրության մարմնացում է, «կյանքի տունկ՝ օրհնված պտղի»: Շնորհիվ աղոթամատյանի տողերի, մեզ են փոխանցվում Մեծ Վանականի հավատն ու վստահությունն առ այն, որ Աստվածորդին ընկածին անգամ աստվածորեն կփառավորի, եթե միջնորդն ու բարեխոսն «Աստծուց մեծարված», «անեծքի լուծիչ», «մահվան նահանջիչ» Տիրամայրն է:

Ե դարից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին ոգեկոչում է Ավետման սքանչելի ու մեծախորհուրդ տոնը՝ ի հիշատակ Գաբրիել հրեշտակապետի՝ շնորհընկալ Կույս Մարիամին բերած ավետիսի. «Ուրախ լեր բերկրեալդ. Տէր ընդ քեզ» (Ղուկ. Ա 28):

ԱՎԵՏՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 7-ին՝ գիշերային եւ առավոտյան ժամերգություններից հետո, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, Ավետման տոնի ուրախ առիթով, մտուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Ախուրյան համայնքի հոգեւոր հովիվ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը հռչակվել է, մայրության բերկրանքին սպասող, կանանց օրհնության օր: Այդ օրը Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում, Սուրբ եւ անմահ Պատարագից հետո, կատարվեց ապագա մայրերի օրհնության հատուկ կարգ:

Հավարտ Սուրբ Պատարագի Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն իր հայրական օրհնությունը բաշխեց ներկա գտնվող կանանց եւ մայրերին:

Օրհնության կարգ կատարվեց նաեւ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները