Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահվանը:
Սա է
քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 4 (256), ապրիլ 2021 թ.  


 

       

«ԱՆԿԱՐԵԼԻՆ ԵՂԱՒ ԿԱՐԵԼԻ, ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻՆ
ՄԱՐՄԻՆ ԶԳԵՑԱՒ, ՅԻՍՈՒՍ ՅԱՐԵԱՒ»
ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

իսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, քանզի այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարեւոր շրջանը՝ վերջին յոթն օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր եւս կրում է «ավագ» անվանումը եւ ունի իր այլաբանական խորհուրդը: Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդով՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով:

29 ՄԱՐՏԻ. ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆՈՒ ՉՈՐԱՑՈՒՄ

վիրված է աշխարհի՝ երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք Հիսուսի անեծքով չորացած անպտուղ թզենին եւ Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը: Քաղցած Հիսուս, ճանապարհին մի թզենի տեսնելով, մոտենում է եւ, տերեւներից բացի ոչինչ չգտնելով, թզենուն ասում է. «Այսուհետեւ քեզնից հավիտյան պտուղ թող չլինի» (Մատթ. ԻԱ 19): Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերեւներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգեւոր պտուղը` բարի գործերն ու ողորմածությունը: Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով:

Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուս մտավ տաճար եւ, շրջելով աղավնեվաճառների ու լումայափոխների սեղանները, դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առեւտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել» (Ես. ԾԶ 7): Իր այս արարքով Տերը մեզ ուսուցանում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:

30 ՄԱՐՏԻ. ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿԸ

Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես եւ երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման:

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին՝ իրենց ձեռքին պահելով հինգ վառվող եւ հինգ հանգած մոմեր: Վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծո պատվիրաններն աչքի առաջ ունենալը եւ գործելը` ըստ այս խոսքի. «Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար» (Սաղմ. ՃԺԸ 105): Օրվա ավետարանական պատգամն է. «Արթուն կացեք, որովհետեւ չգիտեք Տիրոջ գալստյան եւ ձեր բարի կամ չար գործերի քննության ո՛չ օրը, եւ ո՛չ էլ ժամը» (Մատթ. ԻԵ 13):

31 ՄԱՐՏԻ. ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕԾՈՒՄ ԵՎ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: «Երբ Հիսուս եկավ Բեթանիա՝ բորոտ Սիմոնի տուն, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, եւ թափեց այն Նրա գլխին, մինչ Նա սեղան էր նստել» (Մատթ. ԻԶ 6-7): Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց» (Մատթ. ԻԶ 6-12): Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի՝ Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետերի մոտ եւ ասաց. «Ի՞նչ կտաք ինձ, եթե Հիսուսին ձեզ հանձնեմ»: Նրանք երեսուն արծաթ դահեկան տվեցին նրան» (Մատթ. ԻԶ 14-15):

1 ԱՊՐԻԼԻ. ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔ, ՈՏՆԼՎԱ

Այդ օրը մատուցվում է Ս. Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց եւ տվեց տասներու աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար» (Մատթ. ԻԶ 17-30):

Առավոտյան ժամերգությունից հետո Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Ս. Պատարագ՝ հավուր պատշաճի եւ ամենայն հանդիսավորությամբ: Ս. Յոթվերքում օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ընթերցեց Ս. Բարսեղ Կեսարացու թուղթը Ս. Հաղորդության խորհրդի մասին եւ հանգամանալից մեկնեց այն: Ս. Հաղորդություն ստացան մեծաթիվ հավատացյալներ:

ԿԱՐԳ ՈՏՆԼՎԱՅԻ

Նույն օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի, կատարվեց Ոտնլվայի կարգը: Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցվածներից հետո, Սրբազան Հայրն օրհնեց Խորանի վրա դրված ջուրն ու յուղը եւ ապա, հոգեպարար շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով ծնկի գալով, լվաց եւ օծեց տասներկու անձանց ոտքերը: Վերջում ներկաներին բաժանվեց օրհնված յուղը:

Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից Սուրբ Եփրեմ Խուրի Ասորին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը ԺԱ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն եւ ներմուծել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաեւ զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են «Սիրտ իմ սասանի» եւ «Ուր ես, մայր իմ» գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ խրատը:

ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ

Ավագ հինգշաբթի երեկոյան՝ գիշերային ժամերգության ընթացքում, կատարվում է Խավարման կարգը, որը վերբերվում է Ավագ ուրբաթին: Խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր եւ մեկ հատ մեծը՝ Տիրոջը խորհրդանշողը, դրանց միջեւ: «Խավարման» ընթացքում ավետարաններից ընթերցվում են յոթը հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայից մատնվելը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի եւ Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ եւ Սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, եւ երգվում է «Փառք ի բարձունս»-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն, եւ հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս երգի վերջին խոսքերից հետո՝ «Ծագեա»-ի ժամանակ, դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելն ու փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, որ մնացել էր միայնակ:

2 ԱՊՐԻԼԻ. ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
ԿԱՐԳ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ

Խաչելության արարողությունը, որ սովորաբար կատարվում է կեսօրին, հիշատակում է Տիրոջ չարչարանքը, Խաչելությունը եւ մահը: Այն Ս. Յոթվերքում կատարվեց ժամը 10:00-ին՝ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ:

Ավագ ուրբաթ, Խաչն ուսին, Տերը բարձրանում է Գողգոթա: Աշակերտները կողքին չէին, միայն Հովհաննեսն էր եւ Աստվածամայրը: Հիսուս յոթն անգամ խոսեց Խաչի վրա եւ ամենակարեւոր խոսքը, որ արտաբերեց, հետեւյալն էր. «Հայր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում»: Սա գերմարդկային հատկություն է, եւ քրիստոնյա հայրերն այն համարում են Քրիստոսի ողջ վարդապետության պսակը:

Երեկոյան՝ ժամը 17:00-ին, Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի հանդիսապետությամբ, կատարվեց թաղման կարգ, որի ընթացքում Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով պտտեցվեց մայր եկեղեցու շուրջը:

3 ԱՊՐԻԼԻ. ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
ԴԺՈԽՔԻ ԱՎԵՐՈՒՄ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ

Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը եւ գերեզմանի կնքմանը: Քրիստոս, Հովսեփ Արեմաթացու ձեռքով, իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մեծ քարով: Քանի որ, ըստ հրեական օրենքի, հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն եւ կօծեն Հիսուսի մարմինը: Քրիստոս գերեզման դրվելով՝ իջնում է դժոխք եւ ավերում այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին:

Ավագ շաբաթ օրը, երեկոյան, հանդիսապետությամբ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Մինչ Ս. Պատարագը՝ կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո ընթերցվեցին Դանիել մարգարեի թղթերը: Երեք ընթերցողները խորհրդանշում էին բոցավառ հնոց նետված երեք երիտասարդներին: Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը, որ սակայն չապականվեց: Գագաթնակետը Քրիստոսի հաղթանակն է մահվան դեմ՝ հարությամբ: Հավարտ ժամը 22:00-ին սկսված Ճրագալույցի խթման Ս. Պատարագի, կատարվեց Ս. Հարության նախատոնակ: Գիշերվա խորհրդավոր լռութան մեջ հաղթականորեն հնչեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ :

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները