Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

Տոնախոսական

ՏՆՕՐՀՆԵՔ

նօրհնեքի արարողությունը հաստատողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Երբ Նա Իր աշակերներին առաքում էր քարոզելու երկնքի արքայությունը, ասաց. «Որ տունը որ մտնեք, նախ ասացեք. խաղաղություն այս տանը» (Ղուկ. Ժ 5):

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐՀՆԵՔԻ

Արարողակարգը գալիս է դեռեւս առաքելական ժամանակներից, երբ առաքյալները, Քրիստոսի Համբարձումից հետո, շրջում էին տները՝ բոլորին տանելով Նրա Ծննդյան, Աստվածահայտնության եւ Սուրբ Հարության ավետիսը:

Հոգեւոր բարեպաշտական աստվածահաստատ այս արարողությունն Առաքելական Ս. Եկեղեցին շարունակական է դարձրել տնօրհնեքի միջոցով: Առաքյալների հետեւորդները՝ քահանաները, տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան ութօրյակին (հունվարի 6-13) եւ Սուրբ Հարությունից մինչեւ Հոգեգալուստ, այցելում են իրենց վիճակված համայնքների հավատացյալների տները:

ՏՆՕՐՀՆՅԱՑ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ ՏՆՕՐՀՆԵՔԻ ԻՄԱՍՏԸ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սահմանված է կատարել տնօրհնեքի երեք արարողակարգ` Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո, ինչպես նաեւ կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն: Քահանայի այցելության իմաստը, օրհնությունից առավել, Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսն ընտանիքներում սփռելն է:

Սուրբ Ծննդյան տոներից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ քահանան, տուն մտնելով, տալիս է Փրկչի Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու` Սուրբ Ծննդյանը նվիրված, «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» շարականը եւ ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը (Ղուկ. Բ 8-20):

Տնօրհնեքի ժամանակ օրհնվում են ոչ միայն բնակիչները, այլեւ տան բարիքները. օրհնվում են ջուրը (մկրտության խորհրդանիշը), հացը եւ աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշերը), ինչպես Քրիստոս, աշխարհ գալով, օրհնեց ջուրը, երկիրը եւ նրա պտուղները: Քահանան օրհնված ջուրը խաչաձեւ ցողում է տան պատերին եւ խնկարկում: Այնուհետեւ օրհնում է տան անդամներին՝ Աստծուց նրանց համար պահպանություն հայցելով: Որպես օրհնության համար տեսանելի եւ մնայուն նշանակ՝ քահանան սեղանին թողնում է տնօրինական պատկերով Նշխար, որը պահվում է ալյուրի կամ ձավարեղենի մեջ՝ իբրեւ տվյալ տան ունեցվածքի առատության, բերրիության ու հաջողության նշան:

Սուրբ Հարության տոնից հետո կատարվող տնօրհնեքի կարգը նույնն է, սակայն երգվում է Ներսես Լամբրոնացու «Այսօր յարեաւ ի մեռելոց» զատկական շարականը եւ ընթերցվում Մատթեոսի Ավետարանից հարուցյալ Քրիստոսի ու Նրա աշակերտների՝ Գալիլիայում հանդիպման հատվածը (Մատթ. ԻԸ 16-20):

Նորակառույց տան օրհնության ժամանակ երգվում է Սահակ Պարթեւի` հոգեգալստյան «Այսօր երկնայինքն ուրախացան» շարականը, եւ ընթերցվում Ղուկասի Ավետարանից Հիսուսի՝ Զակքեոս մաքսապետի տուն այցելելու հատվածը (Ղուկ. ԺԹ 1-10):

ՏՆՕՐՀՆԵՔԸ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ ԲՆՈՐՈՇՄԱՄԲ

Գրիգոր Տաթեւացու բնորոշմամբ՝ տնօրհնեքի արարողությունը հարուցյալ Հիսուս է հաստատել, երբ Զատկի երեկոյան, փակ դռների միջով, մտավ Վերնատուն եւ օրհնեց Իր աշակերտներին (տե՛ս Հովհ. Ի 19-20), ինչի համար նույն Խաչն ու Ավետարանը, որ «խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին, տանելով տուն՝ օրհնում ենք մեր բնակարանները»:

Տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների տները, Սուրբ Ծննդյան խորհրդով, վերածվում են Բեթղեհեմյան այրի, Սուրբ Հարության խորհրդով՝ Վերնատան, եւ նորակառույց տան օրհնությամբ՝ փրկության արժանացած մաքսավոր Զակքեոսի տան, որովհետեւ Աստված այցելեց այնտեղ:

Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, ինչպես Բեթղեհեմի քարայրն էր մտել: Ամենակալ Տերն այցելում է մեզ ու մեր բնակարան, եւ ինչպես Իր ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այդպես էլ Եկեղեցու հովիվները մտնում են մարդկանց բնակարանները` իրենց հետ բերելով Աստծո օրհնությունները:

Տնօրհնեք է կատարվում նաեւ ցանկացած ժամանակ, երբ խախտվում է տան խաղաղությունը, եւ ընտանիքը կարիք է զգում այն վերականգնել ու Աստծո շնորհի մեջ վերահաստատվել: Տնօրհնեքի կատարման նպատակն ու իմաստը լիարժեք ընդգծվում է բնակարանամուտի ժամանակ ընթերցվող ավետարանական հատվածում. «Այսօր այս տան համար փրկություն եղավ…, որովհետեւ Մարդու Որդին եկավ փնտրելու եւ փրկելու կորածին» (Ղուկ. ԺԹ 9-10):

Տնօրհնեքի արարողությամբ Հայ Եկեղեցին նաեւ արժեւորում է ընտանիքի նվիրականությունն ու կարեւորությունը: Քանի որ այս արարողությունը կարեւոր է մեր ընտանեկան համերաշխության, ամրության ու խաղաղության համար, ուստի անհրաժեշտ է եւ պատշաճ, որ բանիմաց քրիստոնյան ինքը գնա եկեղեցի եւ քահանային հրավիրի տնօրհնեքի: Հիրավի, «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմ. ՃԻԶ 1):

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները