Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ…

«Հրաշալի զարմացմամբ երանելին սուրբ Գրիգոր Զանտանելի զչարչարանս ի յանձն
էառ. Եվ երիւք հնգօք ամօք ի մեջ թունաւորացն բնակէր Անդնդային տանջանօք
ի վիրապին, վասն որոյ բարեխօսութեամբ սորա, Փրկիչ,
Կեցո զմեզ այժմ եւ ի քո յահաւոր գալստեանն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի, Ռիմա Բարինյանի ու Ժաննայի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների իղձը: Նրանք մարտի 20-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, ուխտագնացության մեկնեցին Լուսավորչի վիրապ կամ Խորվիրապ, ուր հազարամյակներ առաջ, սրբազան լեռ Արարատից իջնելով, Նոյը զոհասեղան էր կանգնեցրել՝ փառաբանելով Աստծուն իր եւ ընտանիքի փրկության համար:

Դեպի Խոր Վիրապ տանող ոլորապտույտները համահունչ էին ուխտավորի հոգուն, որ, ճանապարհի նման, ձգվում էր դեպի վեր, դեպի բարձրում գտնվող սրբատեղին: Որքան մոտենում էինք հռչակավոր վանքին, մեզանից յուրաքանչյուրը խորասուզվում էր խոհերի մեջ, մտովի առաձնանում իր ուխտի հետ:

ԽՈՐ ՎԻՐԱՊ

Ահա եւ մեր երազած սրբավայրը՝ Խոր Վիրապը, որի պատերը պահպանել եւ մեզ են փոխանցում հայոց հայրապետի աղերսող աղոթքի մրմունջները: Խաչված մի երթ ձգվում է առաջ՝ հաղորդվելու անմեկնելիին եւ զգալու մեծ խորհուրդը: Երկյուղով իջնում ենք գուբը… Կարծես դողում է լույսը, որ աղոթք է հիշեցնում: Թվում է, թե Խորանից ժպտում է Սուրբը՝ հանդարտորեն ու վեհությամբ: Լուսավորիչը տասներկու կամ ավելի ձիգ տարիներ անցկացրեց այստեղ, ում շնորհիվ եւ այսօր քրիստոնյա ենք: Աչքներիս առջեւով անցնում են 4-րդ դարի դեպքերը, եւ վեր է հառնում մեր հավատի հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի պատկառելի կերպարը, որն իր մեջ ամփոփում էր աստվածային ողջ սերն ու բարությունը, եւ ինքն իսկ դառնում այդ սիրո ու բարության ճառագողը՝ լույսի ճանապարհով տանելով դեպի վեհը, ճշմարիտը, հավիտենականն ու անեղծելին, հաստատակամորեն ու անշեղորեն առաջնորդելով Քրիստոսի մատնանշած հավատի իրական ճանապարհով:

Շիրակցի ուխտավորները տեղ հասնելով՝ ներկա գտնվեցին, օրվա առիթով, ձեռամբ վանքի վանահայր Տ. Իսահակ վրդ. Պողոսյանի, մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին, վառեցին իրենց հավատի մոմերը եւ, անչար սրտով ձայնակից լինելով Սրբի աղոթքին, Բարձրյալից ծնրադիր հայցեցին. «Քո անպատում խոնարհութեամբ եւ կամաւոր խաչելութեամբ հաշտեաց ընդ մեզ Տէր գթութեամբ եւ թող զմեզ ողորմութեամբ»:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Ի ԴԵՊ

Հավարտ մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագի՝ եկեղեցու բակում, Լուսավորչի մասունքակիր Ս. Աջով, վանորեից տեսուչ Տ. Արտակ եպսկ. Տիգրանյանի ձեռամբ, կատարվեց ջրօրհնյաց կարգ: Ապա օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին:

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցին էր, որ կառուցվել է 2015 թվականին, մեկենասությամբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի: Այստեղ եւս վերջիններս վառեցին իրենց հավատի մոմերը՝ Բարձրյալից հայցելով բարերար շնորհներով գթալ Իր արարածներին: Ուխտավորները եղան նաեւ Մասիսի Ս. Գեւորգ եւ Արմավիրի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցիներում:

Արդարեւ, Հայաստանն իր եկեղեցիներով եղել ու մնալու է այն անձեռակերտ լուսեղեն տաճարը, ուր պատարագիչն Արարիչն Ինքն է, իսկ Սուրբ նշխարը՝ արեւահացը… Արդ, արժանի լինենք մեր հայրենիքին ու մեր կոչմանը:

Ուշ երեկոյան ուխտավորները բռնեցին տունդարձի ճամփան՝ հոգիներում անթեղած օրվա խորհուրդը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները