Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

Տիրոջ կանչին ընդառաջ

ՍԱՐԿԱՎԱԳԸ՝ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ ՁԵՌՔԻՆ

ի կողմից ներկապնակով` հարուստ գույների աշխարհի ներկայացուցիչ, իսկ մյուս կողմից` սեւազգեստ հոգեւորական. այս երկուսն ամբողջանում են մեկ մարդու` Արտաշես սարկավագ Աջապահյանի մեջ:

«Սեւը եւ մնացած գույները չեն խանգարե իրար, այլ մեկը մյուսին կլրացնեն»,- ասում է բարեշնորհ սարկավագը եւ պատմում, որ գեղանկարչությունից դեպի հոգեւոր աշխարհ անցումը պատճառաբանված է ներքին ցանկությամբ: Այն գալիս է մանկուց, ստացած դաստիարակությունից: Մայրը, քնելուց առաջ, հեքիաթի փոխարեն Աստվածաշունչ է կարդացել իր համար: Վաղ տարիքից Իսկուհի տատիկին միշտ ուղեկցել է եկեղեցի` ժամերգություններին եւ Սուրբ Պատարագներին ներկա գտնվելու համար: Եվ, իհարկե, հոգեւորականի ուղին ընտրելիս, մեծ դեր ուներ նաեւ հորեղբայրը` Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ինձ համար դժվար չէ լինել Աջապահյան,- ասում է Արտաշեսը,- քանի որ, իմ կարծիքով, չպետք է մարդկանց մեջ տարբերություն դնել: Շատ չեմ խորացել տոհմիս ծագումնաբանության եւ պատմության մեջ: Երեւի կգա ժամանակը, եւ ես ավելի խորը կուսումնասիրեմ այն: Միայն կարող եմ ասել, որ Կիլիկյան Հայաստանի Հեթում թագավորի շառավիղն ենք եղել, սերնդե-սերունդ սրբերի մասունքներն ենք պահել, մեծ թվով քահանաներ, կուսակրոն հոգեւորականներ ու կաթողիկոսներ ենք ունեցել տոհմում»:

Մեծ եղեռնի տարիներին Աջապահյանների տոհմը եւս ենթարկվեց ջարդի ու տեղահանության:Հատկապես հիշատակության է արժանի, նորօրյա սրբերի շարքը դասված, նահատակ Տ. Միքայել Ծ. վարդապետ Աջապահյանը, ում անունն է կրում Շիրակի թեմի Առաջնորդը: Ողջ մնացածները նախ հաստատվեցին Լիբանանում, ապա սփռվեցին աշխարհով մեկ:

Գյումրու Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո Արտաշես սարկավագը երեք տարի ուսանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից լսարանում: Նրան հետաքրքրում էր նաեւ երգեհոնը, ինչն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի հինգ ամիս Լատվիայում ծանոթանա երգեհոնի նրբություններին: Դեռ վերջնական չի որոշել՝ կուսակրոն հոգեւորականի ուղին է ընտրելու, թե՞ ամուսնացյալ քահանայինը: Չի հերքում նաեւ, որ միգուցե ողջ կյանքում մնա սարկավագ: Կարճ է կապում խոսքը. «Ապրում եմ այսօրով»: Բազմազբաղ է Արտաշես սարկավագը: Շատ է սիրում երաժշտություն լսել. դասականի եւ շարականի միջեւ տարբերություն չի դնում, երբեմն փորձում է դաշնամուր նվագել, երգել, հաճախում է «Հրայրք» ազգագրական պարի խմբի պարափորձերին: Ամառային արձակուրդներին Շիրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբար է գնում` Աստվածաշունչն ու ներկերը կողք-կողքի խնամքով դասավորելով պայուսակի մեջ:

Ճամբարականների համար բարեշնորհն արշավներ է կազմակերպում, հոգեւոր դասեր անցկացնում: «Երեխաները դեռ մանկուց Աստծո խոսքը պետք է լսեն: Այդ դեպքում նրանց մեջ այլ աշխարհայացք կձեւավորվի, քրիստոնյային վայել կյանքի փորձ կունենան: Ճիշտ քրիստոնեական դաստիարակությունը մխրճվում է մարդու հոգու մեջ»,- բացատրում է սարկավագը եւ հիշում Իսկուհի տատիկի խորհուրդները, որոնք միշտ առկա են իր կյանքում` զիջել եւ սիրել միմյանց, խոնարհ լինել:

«Այսօր մենք շատ խնդիրներ ունենք`գիտելիք առանց դաստիարակության, խորը հավատք չունենք»,- ցավով ասում է Արտաշես սարկավագը եւ նշում, որ մեզ կյանքում պետք է առաջնորդեն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետեւյալ խոսքերը. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքով: ... Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես: Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքները եւ մարգարեությունները» (Մատթ. ԻԲ 37-40): Ճիշտ է՝ կատարյալ չենք կարող լինել, բայց գոնե կարող ենք փորձել ապրել աստվածաշնչյան պատգամներով»,- եզրափակում է խոսքը բարեշնորհ սարկավագը:

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները