Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

ԱՆՄԻՏ ՄԱՐԴԸ

իկահեր տղան թռչկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով՝ փորձելով բռնել նրա ձեռքը: Իսկ նա սաստում էր նրան՝ քթի տակ փնթփնթալով.

- Ի՞նչ պատիժ է գլխիս: Ծնվել է, որպեսզի խանգարի ինձ ապրել:

- Մամ, իսկ երբ վերադառնանք, մորեխի մասին հեքիաթը կկարդա՞ս:

- Խեղճ երեխա,- վշտանում էին մարդիկ,- հիմարիկը չգիտի, որ իրեն մանկատուն է տանում:

Երբ տղան մեծացավ եւ կարողացավ մորն այցելել, աշխատում էր հնարավորինս երկար ժամանակ նրա հետ անցկացնել: Պատանին հաճախ էր մորը սաստիկ հարբած վիճակում գտնում, շտապ օգնություն էր կանչում եւ, մինչ բժիշկների գալը, քնքշությամբ շոյում էր նրա ձեռքն ու համբուրում կեղտոտ այտը.

- Ախր ինչո՞ւ ես այսպես անում, մայրի՛կ: Համբերիր, ամեն ինչ լավ կլինի:

- Աննորմալ երեխա, ուղղակի անմիտ: Սեփական անձի հանդեպ ոչ մի հարգանք չունի: Մայրը նրան չի սիրում, իսկ նա վազում է, փրկում,- զարմանում էին ծանոթները:

Արագ անցան դպրոցական տարիները, թռավ ուսանողական ժամանակը: Երիտասարդը գերազանցությամբ ավարտեց ուսումը, եւ բոլորը նրա համար լավ ապագա էին գուշակում: Սակայն, ի զարմանս ամենքի, նա գնաց դպրոցում աշխատելու:

- Կարմիր դիպլոմն էլ չօգնեց: Հիմարը կործանեց իր ապագան, գնաց օտար անբաններին դաստիարակելու,- վրդովվում էին ծանոթները:

Մայրը մահացավ: Հոգատար որդին չէր մոռանում դեպի գերեզման տանող ճանապարհը, բայց այժմ իր կնոջ հետ միասին, ով հարեւան մուտքից էր: «Անմիտ,- քննադատում էին բակի տատիկները,- ինչպիսի գեղեցկատես տղա է, քանի աղջիկ էր պատրաստ նրա հետ ամուսնանալ: Իսկ նա տգեղ ու կաղ մեկին ընտրեց»:

Նրանք ի զորու չէին հասկանալ, որ գլխավորն աչքով չես տեսնի: Իսկ երիտասարդները սիրով ու համերաշխ էին ապրում: Միայն երեխաներ չունեին: Սակայն շուտով հարեւանները նրանց երկու փոքրիկների՝ մի աղջկա ու մի տղայի հետ այգում զբոսնելիս տեսան: Ինչ-որ մեկի կողմից լքված երեխաները հարազատ էին դարձել այդ զույգի համար:

- Անմիտ,- եզրակացրեցին շրջապատի մարդիկ,- այդ կինը երեխա ունենալ չի կարող, իսկ նա խենթանում է նրա համար: Դե հիմա թող ուրիշների երեխաներին մեծացնի:

Բայց դա ամենեւին էլ չէր անհանգստացնում երջանիկ ընտանիքին: Տարիներն անցնում էին: Երեխաները մեծացան, լավ ուսում ստացան, իրենց ընտանիքները կազմեցին եւ ոչ մի օր չմոռացան ծնողների մասին:

Մի անգամ ձմռանը հայրը զբոսնում էր գետափին: Նա մոտեցավ հավաքված մարդկանց, ովքեր հետեւում էին սառույցի պոկված կտորին հայտնված շանը: Կենդանին աղիողորմ վնգստում էր՝ մարդկանցից օգնություն հայցելով: Սակայն դա ոչ մի կերպ չէր ազդում մարդկանց սրտերի վրա: Միայն տարեց տղամարդը, առանց երկար-բարակ մտածելու, սառցե ջուրը նետվեց…

- Ի՞նչ անմիտ մարդ,- ասում էին հարեւանները,- Վերջերս տարած ինֆարկտից հետո այդպես վարվե՞լ: Խելք չուներ եւ չավելացավ էլ: Հիմար ծնվել էր, հիմար էլ մեռավ:

Իսկ վերջինս դրախտի դարպասների մոտ իր հերթին էր սպասում:

- Անունդ ի՞նչ է,- հարցրեց մուտքի մոտ կանգնած հրեշտակը:

- Ինքս էլ մոռացա, թե ինչ է անունս,- պատասխանեց մարդը,- բայց շրջապատիս մարդիկ ինձ Անմիտ էին անվանում:

- Ներս արի,- ասաց հրեշտակը,- անունդ գրված է Կյանքի Գրքում, սակայն այն այլ կերպ է հնչում՝ Սեր:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները