Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

«ՍԷՐ ՈՉ ԵՐԲԵՔ ԱՆԿԱՆԻ...ԶՀԵՏ ԵՐԹԱՅՔ ՍԻՐՈՅ ԵՒ
ՆԱԽԱՆՁԱՒՈՐ ԼԵՐՈՒՔ ՀՈԳԵՒՈՐԱՑՆ ԱՌԱՒԵԼ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

«Որդյակ, ես երթամ անկանիմ
առ ոտս սրբոյ Նշանին,
որ յանուն սրբոյն Սարգսի,
խնդրել նովաւ ի Տեառնէ
վասն քո եւ այլ եղբայրցն
որք կան ի ձեռս անօրինաց,
զի թերեւս զերձուսցէ եւ զքեզ
Աստուած գթութեամբն իւրով»:
                  ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ

ին օրենքի վերջին եւ Նորի առաջին Սրբից՝ Հովհաննես Մկրտչից հետո, իր առավել ժողովրդականության եւ մեծության շնորհիվ, ոգեկոչվում է Սուրբ Սարգսի հիշատակը, ով ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս Սուրբ, նրանց համար սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող, հողմերն ու քամիները սաստող, ով օգնում է բոլոր նրանց, ովքեր, աղոթքով եւ աներեր հավատքով, դիմում են նրա բարեխոսությանը: «Պատրաստ եմ իմ անձը բանտերի ու կապանքների եւ ամենայն կտտանքների հանձնելու, որպեսզի ապրեմ ու մեռնեմ հանուն Նրա անվան». հենց այդպիսին էր Ս. Սարգիսը: Անմնացորդ նվիրված լինելով իր հավատքին՝ պատրաստ էր կյանքն էլ զոհաբերել եւ դիմանալ այն բոլոր արհավիրքներին ու հալածանքներին, որոնք տանում է յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա: Անուրանալի է նրա հավատը, քանզի գիտեր, որ, նեղություններ, տառապանքներ կրելով այս կյանքում, հանգստի կարժանանա հավիտենականում: Զորավարի կյանքը նվիրագործման եւ սրբագործության օրինակ է, հավատքը՝ հեղափոխիչ ու կենսագործող, իսկ արիաշունչ ոգին եւ քրիստոսասիրությունը ներշնչող ու ներգործուն:

Հիրավի հոգու փրկությունն առավել է, քան աշխարհի բոլոր գանձերն ու մարմնական կյանքը: Մի հոգու փրկության հետ աշխարհի ոչ մի գանձ եւ ոչ մի մարմնական կյանք չի կարող փոխանակվել: Չէ՞ որ ոչ թե հոգին է ունեցվածքի ու մարմնի համար սահմանված Աստծուց, այլ ունեցվածքն ու մարմինը՝ հոգու համար: «Մի երկնչեք յայնցմանէ, որ սպանանեն զմարմին եւ զհոգի ոչ կարեն սպանանել…» (ՄՏԹ. Ժ 28): Ճերմակ ձիավոր Սուրբը, իր արագավազ նժույգով, դարեր շարունակ սլանում է երկնքից երկիր, իրականություն դարձնում մեր երազներն ու իղձերը: Նրա ձիու սմբակի հաստատուն ձայնն ու հետքը լսում եւ տեսնում են արժանավորներն ու հատկապես սիրահար զույգերը, ովքեր հավատում են Աստծո ամենազորությանը եւ իրենց խնդրանքներով դիմում Սուրբ Սարգսի բարեխոսությանը:

ՏՈՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համաժողովրդական սիրո արժանացած Ս. Սարգսի անվան շուրջ հայ ժողովուրդը հյուսել է բազմաթիվ գեղեցիկ ավանդույթներ ու զրույցներ, որոնք ոչ մի աղերս չունեն նրա բուն վարքի հետ: Ահա մեծ Զորավարին վերաբերող հրաշապատում զրույցներից առավել տարածվածները: Ասում են, թե իբր Սուրբ Սարգիսը կռվում է ջրարգել վիշապի հետ, նիզակով սպանում եւ երախից ազատում, նրան ի կեր մատուցված, երկու որբերի՝ քույր ու եղբոր: Մեկ այլ ավանդության համաձայն, Ս. Սարգսի տոնի գիշերն աղի բլիթ են պատրաստում եւ տալիս չամուսնացած աղջիկներին պայմանով, որ քնելուց առաջ ջուր չխմեն, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա ընտրյալին՝ նրա ձեռքից ստանալով պապակը հագեցնող ջուրը:

Ըստ «Յայսմավուրք»-ի՝ 5-րդ դարում լուսահոգի Ս. Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանի Դաղման (այժմ Համիազ) քաղաքից Ուշի է տեղափոխել եւ ամփոփել Սարգիս զորավարի նշխարները, որոնց վրա կառուցվել է եկեղեցի:

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Հունվարի 29-ին առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, հավաքվել էին մեծաթիվ երիտասարդներ ներկա գտնվելու երեկոյան ժամերգությանը: Հավարտ ժամերգության Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանն օրհնեց բոլոր ներկաներին` ի մասնավորի շեշտելով ոչ միայն այս առիթով, այլեւ մշտապես է պետք սեփական հոգին, սիրտը բաց պահել Ս. Ավետարանի պատվիրանների ու պատգամների առջեւ…: Անշուշտ այստեղ էականն աղոթքն է առ Աստված` մանավանդ Ս. Սարգսի բարեխոսությամբ: Արժանապատիվ Տեր Հյարն իր հայրական օրհնությունը հղեց ողջ երիտասարդությանը՝ բարեմաղթելով իղձերի իրականացում, որ յուրաքանչյուրի հոգում արթնանա սերն առ Աստված եւ առ հայրենիքը հայոց, որպեսզի շենանան մեր երկիրը եւ առաքելահաստատ Եկեղեցին ու համայն ազգը: Վերջում աղաբլիթներ բաժանվեցին նրանց, ովքեր այդ օրը ներկա գտնվեցին նախատոնակին ու ժամերգությանը:

ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Արդեն մի քանի տարի է, ինչ երիտասարդների օրհնության օրն առանձնանում է օրվա խորհրդով պայմանավորված ժամերգությունով, Խաչերթով, Սուրբ Պատարագով, խոկման եւ օրհնության կարգով:

Փետրվարի 30-ին Սուրբ Նշան եկեղեցուց, հավարտ առավոտյան ժամերգության, հանդիսապետությամբ Ռոման սրկ. Փանիկյանի, մի խումբ երիտասարդներ խաչերթով ուղղվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ: Երթի մասնակիցների առջեւից տարվում էին խաչվառներ: Հասնելով մատուռ՝ նրանք միացան բարեպաշտ հավատացյալներին ու ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում ներկաները հաղորդվեցին մեր Տիրոջ կենարար Մարմնին ու Արյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց Եկեղեցին Ս. Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր: Այս առիթով՝ հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի, պատարագիչ Տեր Հայրն իր մաղթանքն ու օրհնության խոսքը հղեց ներկա երիտասարդներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները