Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՄԻՋԻՆՔ

եծ պահքի ճիշտ կեսը հատկանշող օրը կոչվում է ՄԻՋԻՆՔ եւ նշվում է քսանչորսերորդ օրը, այսինքն՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: Միջինքն զգաստության եւ ժուժկալ կյանք թելադրող կրոնական ամենաերկար պահեցողության՝ Մեծ Պահքի կես ժամանակաշրջանը նվաճված լինելու ավետումն է, որը նկատվում է նաեւ խնդության առիթ: Այն հատուկ նշանակությամբ կրոնական տոն չէ: Ուրեմն՝ առավելաբար ժողովրդական համախմբման առիթ է, որով կորով ու բարոյական քաջալերանք է ներշնչվում հավատացյալներին, որպեսզի նրանք իմաստալից պահեցողությունը նույն ոգով շարունակեն երկրորդ կեսին եւս, մինչեւ պահքի լրումը կամ Զատիկ:

ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջինքը նշելու կրոնական հատուկ արարողություններ չկան, քանի որ հատուկ տոն չէ: Համապատասխան չորեքշաբթվա արարողությունները նման են նախորդ չորեքշաբթիների Արեւագալի ժամերգությանը եւ հրաժարման ու խոստովանանքի արարողություններին: Միակ հատկանշականն ավելի հանդիսավարությունն է եւ ճոխ խմբերով երգեցողության կատարումը:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայիս միջինքը դարձել է առավելաբար հայ կնոջ ուշադրության առարկա: Մասնավորաբար կինն է ճիգ թափում, որպեսզի դարերի ավանդույթները վերհիշվեն, եւ հարգվեն նախնյաց սովորություններն ու բարքերը: Եկեղեցական արարողություններից հետո ամենուրեք կազմակերպվող միջինքի հավաքույթները, Մեծ պահքին հատուկ ուտելիքներով սեղանները վկայություններն են հայ կնոջ կողմից ցուցաբերված նախանձախնդրության եւ հարատեւող կամքի:

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տներում պատրաստում են միջինքի բաղարջ հաց, կարկանդակ, «կուտապ» եւ այլն: Բաղարջ հացի մեջ ընդհանրապես պահվում է մանր մետաղադրամ: Ընտանեկան ճաշի կամ ընկերային հավաքույթի ժամանակ հացը մաս առ մաս բաժանվում է: Ամենքն ուշադրությամբ հետեւում են՝ գտնելու տարվա բախտավորին, այսինքն՝ նրան, ում բաղարջհացի կտորի միջից դուրս կգա թաքցրած դրամը:

Միջինքի «կուտապը» եւս նույն նպատակով է պատրաստվում: Այն պահեցողությանը բնորոշ հացեղենի տեսակ է, որի խմորը պատրաստվում է ձեթով, բաժանվում հավկիթի մեծության գնդիկների՝ հավկթաձեւ կամ տափակեցված, ներփակյալ խաշած լոբի, բակլա, սոխ ու այլ բանջարեղեն: Դրանցից մեկի մեջ դրվում է գունավոր ուլունք, որի օգնությամբ որոշվում է տարվա բախտավորը:

Միջինքին անհամբերությամբ էին սպասում հատկապես նոր նշանված աղջիկները: Սովորություն էր ընտանիքներում, որ նշանված տղաները կամ տղայի ընտանիքի անդամները նվերներ ուղարկեին հարսնացուին:

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՍՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Սովորություն էր նաեւ տարին մեկ անգամ՝ միջինքին, աղջիկներին եւ նորահարսներին ազատ թողնել: Նրանք եփած «կուտապը» վերցնելով՝ տարիքոտ կանանց եւ մանավանդ սկեսուրների հսկողությունից զերծ, իրենց մտերիմ ընկերուհիների հետ գնում էին բացատ՝ անկաշկանդ զրույցներով, երգերով ու պարերով հաճելի ժամանակ անցկացնելու: Միջինքի այդ ազատությունը բացառիկ պատեհություն էր, որպեսզի մտերիմ ընկերուհիներն օգտագործեն առիթը եւ միմյանց հետ խոսեն ընտանեկան դժվարությունների մասին կամ առատ արցունք թափեն իրենց հուսախաբ սիրո համար:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները