Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

Մեր դպիրները

ՓՈՔՐԻԿ ԱՐԱՆ

ա եղիցի քեզ մաս եւ բաժին Սուրբ Պատարագի»` այս խոսքերով դիմավորեց ինձ Սուրբ Պատարագից հետո եկեղեցու փոքրիկ սպասավորը: Լուսանկարի տղան Արան է Գասոյան: Արդեն երեք տարի է, ինչ ժամաշապիկ է հագնում Սուրբ Հակոբ եկեղեցում: Արմատներով Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից է, բայց ծնված օրվանից ապրում է Գյումրիում: Եկեղեցու ճանապարհը նրան ցույց է տվել Վալյա տատիկը, ում հետ նաեւ ուխտագնացության է մեկնել Հայաստան աշխարհի ամենատարբեր եկեղեցիներ:

Ինչպես հիշում է տասնմեկամյա փոքրիկը` հերթական ուխտագնացությունից հետո խնդրում է տատիկին բարեխոսել Տեր Հորը, որպեսզի ժամաշապիկ հագնի ու դառնա Սուրբ Հակոբ եկեղեցու սպասավոր: Տ. Վարուժան քահանա Տերտերյանը խորհուրդ է տալիս նախ մկրտվել: Քանի որ Արան ուներ ձայնային լավ տվյալներ, մի որոշ ժամանակ երգչախմբում է երգում: Արվեստի քոլեջում ընկեր Կարապետը տղային ժողովրդական երգեր է սովորեցնում, որոնք դառնում են հոգեհարազատ: Այդ մասին խոսելիս՝ Արան սկսում է հերթով թվարկել իր սիրած երգերը` «Ձայն մը հնչեց», «Ձայն տուր ով ֆիդա» եւ էլի շատերը:

«Կերազեմ ժողովրդական երգիչ դառնալ, ամենաշատը Կոմիտասին կսիրեմ ու եթե համերգ ունենամ, կսկսեմ «Քելե, քելե» երգով»,- ասում է փոքրիկ դպիրը, եւ եկեղեցու կամարների տակ ի մի են գալիս «Քելե, քելե»-ի բառերը:

Արան ունի նաեւ իր սիրած երաժշտական գործիքը` դուդուկը, եւ նվագել սովորելու համար արդեն երեք տարի հաճախում է «Ընտանիք» կենտրոն: Սերը դուդուկի հանդեպ ծնվել է այն ժամանակ, երբ հեռուստացույցով լսել է Ջիվան Գասպարյանի կատարումները:

Սիրում է հայրենիքը, եկեղեցին, երգերը հայոց, իր դուդուկը... Կատարյալ մշակութային կյանքով ապրող փոքրիկը թեեւ քիչ է ծանոթ հայկական պարերին, բայց խոստացավ տարիների ընթացքում սովորել մեր ազգային պարերը, հատկապես՝ Յարխուշտան:

Երգչախմբից հետո մկրտված Արան շապիկ հագավ: Կատարվեց եւս մեկ երազանք` Տաթեւ ուխտագնացության ժամանակ խորան բարձրացավ: «Ամեն անգամ մեծ սիրով կհիշեմ էդ օրը, իսկ նկարին նայելուց կխնդամ, որովհետեւ ես շատ փոքր էի ու հագել էի մեծ տղամարդու շապիկ: Ես եւ տատիկս թելերով շապիկը կապեցինք, օր չընկնեի, բայց շատ ուրախ էի ու հպարտ»,- հիշում է Արան:

Հաջորդ ուրախությունը քշոցի ու բուրվառի հետ ծանոթությունն էր: Մայրիկի պատմելով՝ տղան շատ է տպավորվել ու ոգեւորվել, երբ Տեր Ռուբենն առաջարկել է Արային եկեղեցու զանգերը հնչեցնել:

Դպրոցում ամենաշատը սիրում է «Մայրենի» եւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկաները: Դասընկերներին ու ընկերներին սովորեցնում է ճիշտ խաչակնքվել, պատմում է եկեղեցական տոների մասին: Թեեւ հոգեւորական դառնալ չի ուզում, բայց մեծ ցանկություն ունի միշտ սպասավորել եկեղեցում:

«Ամենակարեւորը մարդու կյանքում հավատն է»,- այսպես է եզրափակում իր խոսքն Արան, որով էլ ավարտվում է մեր հանդիպումը:

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները