Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

«ՈՐ ԶՄԱՀ ՈՉ ԳԻՏԷ ԵՐԿՆՉԻ Ի ՄԱՀՈՒԱՆԷ,
ԻՍԿ ՈՐ ԳԻՏԻ ԶՄԱՀ, ՈՉ ԵՐԿՆՉԻ Ի ՆՄԱՆԷ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

«Սուրբ Խորան չունինք,
արդ ո՞ւր աղոթենք,-
Մինչեւ ե՞րբ լռենք:
Թո՛ղ լռէ մունջը, անդամալույծը,
Կամ որոց քաղցր է թշնամու լուծը.
Բայց մենք, որ ունինք հոգի եւ սիրտ քաջ,
Եկ անվախ ելնեք թշնամու առաջ,
Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք –
Ու այնպես լըռենք»:
                       ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

ուրբ Վարդանանց տոնը հիշատակն է այն մեծագույն սիրո եւ հավատքի, հանուն որի մեր պապերն աներկյուղ ոգով պատերազմեցին պարսկական բազմահազարանոց զորքի դեմ եւ պատվով կրեցին իրենց սուրբ նահատակությունը… 1036 քաջ նահատակ, եւ բոլորն էլ ընկան մարտի դաշտում, անմահացան գիտակցված մահով՝ իրենց սուրբ անունները թողնելով պատմության փառավոր էջերում:

Թեպետ դարերի հոլովույթում հայոց աշխարհը բազում տառապանքներ ու հալածանքներ ճաշակեց, սակայն, Ամենասուրբ Երրորդության ամենաառատ ողորմությամբ, չկորցրեց իր ողջախոհությունը եւ հաստատուն քայլերով ընթացավ այն ուղով, որը մատնացույց էր արել մարդեղացյալ Աստվածորդին: Այո, այդ ճանապարհը նեղ էր ու անձուկ, սակայն էականն այդ չէր, փրկության եւ հաղթանակի հասնում են միմիայն ինքնազրկմամբ ու ինքնապատարագումով. «Բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծո արքայություն» (ԳՈՐԾՔ ԺԴ 21):

Վարդանանց պատերազմով պատմության մի նոր շրջան է սկսվում հայոց կյանքում, որը բնորոշվում է սեփական ինքնության հանդեպ հավատարմության հաստատումով, ազատության համար պայքարի գիտակցության արթնացմամբ: Վարդանանց հանճարը մեզ սովորեցրեց հավատալ դարերով փայփայած համազգային մեր երազին, դարձնել այն նպատակ, ապրել եւ պայքարել հանուն դրա: Ասում ենք «Վարդանանք» եւ հավատքն ու հայրենիքի պատկերը միահյուսված պայծառանում է մեր հոգիներում: Վարդանանց ոգին զարմանալիորեն մեզ դարձնում է անվարան ու արի, եւ յուրաքանչյուր հայորդի, առանց երկմտանքի, իր հոգում հավաստում եւ հանձն է առնում աննկուն մնալ վասն հավատքի եւ վասն հայրենյաց մարտահրավերների առջեւ: Աշխարհական թե հոգեւորական չերկնչեցին մահից, քանզի գիտեին մահն իմացյալ եւ մարտնչում էին՝ փրկելու հայոց ապագան, ազգի հավիտենական կյանքը: Միանշանակ աշխարհականների եւ հոգեւորականների այս փոխադարձ կապն ի հայտ է բերում Եկեղեցու եւ հայրենիքի, հոգու եւ մարմնի փոխադարձ անքակտելի կապը: Այսօր չկա հավատքն ուրանալու պարտադրանք, սակայն հավատքը կարող է նահանջել անտարբերության, հայրենյաց ժառանգության հանդեպ նվազ նախանձախնդրության հետեւանքով: Անշուշտ Վարդանանց հավատավոր ու հայրենասեր հոգին պիտի շարունակի ապրել եւ փոխանցվել սերունդներին, որպեսզի Ավարայրի դաշտից Վարդանի ձայնը միշտ ազդարարի հայոց հոգիներին՝ «Բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ իբրեւ առաջնորդ: Մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զորագլուխը: Վախը թերահավատության նշան է, թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»:

Սրանով եւս մեկ անգամ փաստվեց այն, որ հայի ազատատենչ ու հզոր ոգին միավորվելով, մեկ բռունցք դառնալով, Քրիստոսի Ամենահաղթ Խաչին զորավիգ լինելով կարող է պարտության մատնել ամեն տեսակ թշնամու, համաձայն Տիրոջ այն խոսքի, թե «ով իր կյանքն իրեն է պահում, պիտի կորցնի, եւ ով իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն» (ՄԱՏԹ. Ժ 39): Արդ, ջանանք նմանվել մեր նախնիներին, անաղարտ պահենք մեր լեզուն ու մեր հավատը, կարողանանք ըստ արժանվույն գնահատել մեր հարստությունները, մեր անգին գանձերը եւ պատվով ու հպարտությամբ փոխանցել այն մեր գալիք սերունդներին:

ՀԻՇԱՏԱԿԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը՝ փետրվարի 11-ին, վերստին ղողանջեցին հայոց եկեղեցիների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով Վարդանանց Սուրբ նահատակների պատգամը, որ է. «Մեր օրինակը հիշելով՝ ամուր պահեք մեր հայրերի ճշմարիտ հավատքը եւ սիրեցեք միմյանց»:

Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում եւս մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հընթացս սրբազան արարողակարգի կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արեւշատության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները