Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ետրվարի 23-ից 26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով՝ ընդլայնված կազմով:

Մինչ օրակարգին անդրադառնալը՝ ժողովականներն աղոթեցին անցյալ տարի ի Տեր ննջած եւ արցախյան պատերազմում զոհված եկեղեցականների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովի առիթով ամենքին հղեց հայրապետական իր օրհնությունն ու պատգամը:

Ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին, պատերազմի հետեւանքով արձանագրված, կորուստների, ներքաղաքական իրավիճակի, հետպատերազմյան վտանգների, զոհվածների ընտանիքների, գերության մեջ հայտնվածների, անհայտ կորածների, պատերազմից տուժած մյուս անձանց, ինչպես նաեւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության հետ առնչվող խնդիրներ եւ անդրադարձ կատարվեց, հիշյալ հարցերի ուղղությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ձեռնարկվող քայլերին:

ԳՀԽ անդամները կարեւորեցին Եկեղեցու հետեւողական ջանքերը՝ ի նպաստ հանրային կյանքում առկա զանազան մարտահրավերների հաղթահարման: Կենսական նկատվեց, անհրաժեշտ հոգեւոր խնամքի հետ մեկտեղ, շարունակել դեռեւս պատերազմի օրերին Եկեղեցու նախաձեռնած հումանիտար աջակցության ծրագրերը՝ թեթեւացնելու պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրները, նպաստելու Հայաստանում ապաստան գտած արցախցի ընտանիքներին հնարավորության դեպքում վերադառնալ իրենց բնակության վայրերը: Գերագույն հոգեւոր խորհուրդն ի մասնավորի թելադրեց շարունակել գերության մեջ հայտնվածների վերադարձի եւ անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Մասնավոր մտահոգություն արտահայտվեց ՀՀ Զինված ուժերի հրամանատարության փետրվարի 25-ի հայտարարության եւ վարչապետի արձագանքին հետեւած նոր լարվածության կապակցությամբ, որի առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ:

ԳՀԽ անդամներին ներկայացվեց նաեւ Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի զեկույցը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից նախաձեռնված կրթական բարեփոխումների եւ ի մասնավորի հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդման շուրջ նախարարության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքների վերաբերյալ: Տեղեկացվեց, որ ենթախումբը կրթական բարեփոխումների կարեւորությունը դիտարկում է ապագա սերնդի բացառաբար հոգեւոր-ազգային կրթության եւ դաստիարակության համատեքստում եւ այս ուղղությամբ պնդում Հայոց Եկեղեցու պատմության ամբողջական ծավալով, իբրեւ առանձին առարկա, ուսուցման անհրաժեշտությունը: Միաժամանակ մտահոգություն արտահայտվեց պետական լիազոր համապատասխան մարմնի կողմից, առարկայի առչությամբ որդեգրված, ոչ ընդունելի մոտեցումների կապակցությամբ:

Գերագույն հոգեւոր խորհուրդը, ընդգծելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարեւորությունը, թելադրեց ենթախմբին մեկ անգամ եւս գրությամբ ԿԳՄՍ նախարարության ուշադրությանը հանձնել, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված, Եկեղեցու դիրքորոշումները:

Քննության առնվեցին նաեւ, բարեգործական որակվող ծրագրերի շրջանակներում, Մայր Աթոռի կողմից իրականացվող մի շարք ծառայությունների եւ աշխատանքների հետ կապված հարցեր: Ընդգծվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարեգործական մի շարք ծրագրեր պետական համապատասխան լիազոր կառույցի կողմից որակվել են որպես այդպիսին եւ աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են: Միաժամանակ մտահոգությամբ արձանագրվեց, որ որոշ խնդիրներ են առաջացել Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես մոմի հումքի մաքսազերծման հարցում: Առաջացած հիշյալ խնդիրների պատճառով էապես նվազել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմերի պաշարները, ինչն առաջիկայում դժվարացնելու է եկեղեցիներում մոմավառության պատշաճ կազմակերպման գործընթացը:

Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներն իրենց տարակուսանքն արտահայտեցին դրսեւորված նման մոտեցումների առիթով՝ նկատի ունենալով, որ Եկեղեցին երբեւէ, անգամ խորհրդային շրջանում, նման դժվարությունների առջեւ չի գտնվել: Գերագույն հոգեւոր խորհուրդը թելադրեց Մայր Աթոռի համապատասխան կառույցներին՝ պետական պատկան մարմինների հետ քննարկել հիշյալ խնդիրները եւ հետամուտ լինել դրանց կարգավորմանը:

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում լսվեցին զեկույցներ եւ քննարկումներ ծավալվեցին Ազգային-եկեղեցական ժողովի գումարման կազմակերպչական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգության ընթացքի մասին: Ներկայացվեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը:

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքի խոսքով եւ աղոթքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները