Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ
ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղեւոնդյանց քահանաների հիշատակը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ ու աբեղաներ եւ Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ:

Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Արարատյան Հայրապետական թեմի Երեւանի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը:

«Սուրբ Պատարագի միասնական եւ ընդհանրական աղոթքի մեջ գտնվելով` մասնավոր եւ առանձնահատուկ զգացողություններ ենք ապրում, որովհետեւ հնարավորություն է ընձեռնված մեզ՝ հոգեւոր ծառայության քահանայական ուխտը վերանորոգելու, առավել եւս արժեւորելու, դարերի խորքից եկող, «վասն հավատո եւ վասն հայրենյաց» խորհրդով ապրելու հոգեւոր զգացումներն ու առաքինությունները»,- ընդգծեց իր քարոզում Խորեն քահանան՝ երախտագիտություն հայտնելով Վեհափառ Հայրապետին՝ Սուրբ Էջմիածնի հյուրընկալ ջերմության ներքո վերստին գտնվելու հնարավորության համար:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Տեր Հայրը մասնավորապես նշեց. «Պատմության մեջ ժողովուրդների համար կան տարեթվեր, որոնց հիշատակը, տոնակատարությունը բորբոքում են ժողովրդի սրտի մեջ անթեղված կրակներ: Այդպիսին է մեր ժողովրդի պատմության մեջ 451 թվականի Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսամարտը: ...Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսամարտի հիշատակումը մեր ազգային արժանապատվության բարձր գիտակցության, հայրենասիրության, աստվածսիրության, նահատակության եւ գոյության հարատեւության պատմությունն է: Այսօր ամեն մի հայի համար հայրենիքը, Եկեղեցին, լեզուն, հազարագանձ իր մշակույթը պահելու ուխտը վերանորոգելու լավագույն օրն է:

...Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսամարտը լոկ մի դյութազնական դրվագ չէ, այլ դարեդար ապրող, ներշնչող, կազմակերպող մի ուժ, մի ոգի, հրեղեն մի սյուն՝ հայոց երկնակամարի վրա միշտ բոցավառվող, որն առաջնորդել է մեր ժողովրդին իր պատմության քառուղիներում: Դրա շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում ենք»:

Խոսելով մեր օրերի հերոսամարտի մասին՝ պատարագիչն ընդգծեց. «Վերջին պատերազմին մենք ունեցանք նահատակներ եւ մենք խոնարհվում ենք նրանց նահատակության ոգու առջեւ: Նրանք բոլորն էլ, Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսական ոգով լցված, նահատակվեցին վասն հայրենյաց իմացյալ մահով: Որքան էլ դառը եղավ մեզ համար պատերազմի ելքը, մենք իրավունք չունենք հուսահատվելու: Ինչպես Ղեւոնդյանց եւ Վարդանանց նահատակների հեղած արյան գինը եղավ մեր գոյության հարատեւությունը, այնպես էլ արցախյան պատերազմի նահատակների զոհաբերության գինը եղավ երկրորդ անգամ ցեղասպանության չենթարկվելու առհավատչյան»:

Տոնի առիթով Տեր Հայրը, սրբերի բարեխոսության հայցով, իր շնորհավորանքները հղեց ներկաներին՝ մաղթելով. «Թող Աստված բոլորիս իմաստություն պարգեւի, ուժ, կարողություն, որպեսզի հոգեւոր ծառայության քահանայական ուխտի վերանորոգումով, մեր նախանձախնդիր եւ նվիրյալ ծառայությամբ, առանձնահատուկ ջերմությամբ մեր ժողովրդին առաջնորդենք Ավետարանի կյանքով, Հիսուս Քրիստոսի պատգամներով եւ պատվիրաններով, Նրա սիրո վարդապետությամբ, որպեսզի մեր միջից վերանա անմիաբանության հազկերտը, անտարբերության եւ անհանդուրժողականության հազկերտը, հակառակության եւ ատելության հազկերտը, մեր ինքնության հետ առնչություն ունեցող հոգեւոր եւ ազգային ժառանգությունը մերժող հազկերտը, Եկեղեցու դերն ու նշանակությունը չգնահատող ու չարժեւորող հազկերտը, մոլություններով եւ այլասերվածությամբ ապրող հազկերտը, չապաշխարող եւ հոգեւոր փրկությունը չփնտրող հազկերտը եւ, վերջապես, չարությամբ եւ ոխակալությամբ ապրող վրեժխնդիր հազկերտը: Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսական ոգին մեզ համար թող լինի մի-մի հատու զենք, որպեսզի կարողանանք բոլոր ժամանակների վասն հավատո եւ վասն հայրենյանց նահատակների երազանքներն ու պատմական արդարությունը վերականգնել եւ հաստատել»:

Սուրբ Պատարագի ավարտին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների հավաք եւ պարգեւաբաշխություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանաների հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ եւ արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք:

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Շիրակի թեմից՝ Տ. Մակար քհն. Գալամդարյանը եւ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը,

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւորականաց դասին հղեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Ջերմագին շնորհավորանքներն ուղղելով հոգեւոր դասին տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որ ղեւոնդյանց ոգով շարունակեն իրենց առաքելությունը եւ արժանի լինեն մեր սուրբ հայրերի ժառանգը կոչվելու, ազգին ու հայրենիքին մատուցած ծառայությանց համար արժանանան սերունդների գնահատանքին ու մեծարանքին: Վեհափառը նաեւ իր շնորհավորանքը բերեց պարգեւների արժանացած եկեղեցականներին՝ ընդգծելով, որ հպարտ է հանձնառությամբ ու նվիրումով ծառայություն իրականացնող եկեղեցականաց դասով:

Նորին Սրբությունը նշեց, որ, ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, հոգեւոր սպասավորները համախմբվում են Մայր Աթոռում ոչ միայն ապրելու տոնի հոգեւոր խնդությունը, հիշատակելու եւ հայցելու Ղեւոնդյանց սրբերի բարեխությունը, այլ նաեւ անդրադառնալու այն առաքելությանը, որին կոչված են, համեմատելու իրենց գործունեությունը Ղեւոնդյանց քահանաների ծառայության եւ ոգու հետ, տեսնելու՝ արդյո՞ք հավատարմորեն պահում են նույն ընթացքը: Հայոց Հայրապետի խոսքով՝ Ղեւոնդյանք պատմական իրողությունից՝ Ավարայրի դաշտում Հազկերտին դիմակայող հոգեւորականներից վերածվել են խորհրդի, որով «Ղեւոնդյանք» ասելով հասկանում ենք դարերի մեջ գործած ու ծառայած, այսօր եւս պաշտոնավարող եկեղեցականներին, որոնք արժանավորապես, կոչումի գիտակցությամբ, խորը հավատքով, Քրիստոսի ու հայրենյաց սիրով իրենց ծառայությունն են բերում մեր ժողովրդին, մեր Սուրբ Եկեղեցուն ու հայրենիքին: Նորին Սրբությունը շեշտեց, որ բոլոր ժամանակներում՝ թե՛ ազգային կյանքի վերելքի շրջաններին եւ թե՛ մեր ժողովրդի դժվարին փորձությունների պահերին, մեր հոգեւոր հայրերը եկեղեցականին արժանի բարձրության վրա են գտնվել:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց ներկա բարդ իրավիճակին՝ բերելով իր աղոթքն ու խոնարհումը քաջարի զավակներին, որոնք իրենց կյանքն ընծայեցին մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, հարգանքը՝ արիասիրտ բոլոր զինվորներին ու հրամանատարներին: Նորին Սրբությունը նաեւ բարձրորեն գնահատեց պատերազմի օրերին, առաջնագծում եւ թիկունքում, հայ եկեղեցականների դրսեւորած ոգին ու նախանձախնդրությունը: Առկա ծանր պայմաններում Հայոց Հայրապետը կարեւորեց եկեղեցականների առաքելությունը՝ ժողովրդին արիությամբ գոտեպնդելու, որպեսզի, ինչպես ողջ պատմության ընթացքում, Քրիստոսի հանդեպ հավատով, մեր ազգը մերժել է վախն ու հուսահատությունը, կորստյան այդ ցավն ու տրտմությունը մեր ժողովուրդը կարողանա հաղթահարել եւ հույսով, հավատով ու լավատեսությամբ լցվել գալիքի նկատմամբ:

«Այսօր ես կուզեմ նաեւ իմ հորդորն ու պատգամը բերել բոլորիդ, որպեսզի շարունակեք ձեր ծառայությունը նույն բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ, նույն արի ոգով եւ հանձնառությամբ: Դժվարին ժամանակների մեջ ենք, բազում փորձություններ են ծառացած մեր ժողովրդի առջեւ: Այս ժամանակներում կարեւոր դերակատարություն է վերապահված մեր Եկեղեցուն եւ մեր եկեղեցականությանը: Պիտի կարողանանք դժվարին իրավիճակից դուրս գալ, եթե քաջությամբ ու արիությամբ իրականացնենք մեր առաքելությունն իբրեւ Եկեղեցի եւ իբրեւ եկեղեցականություն: Մենք պիտի կարողանանք ճիշտ պատգամներ բերել մեր ժողովրդին, ապահովել ճիշտ առաջնորդություն: Պիտի կարողանանք արիությամբ սաստել սխալը, վատը, չարը, անօրենը եւ քաջալերել, խրախուսել եւ գնահատանքի ու մեծարանքի արժանացնել բարին, արդարը, ազնիվը, ճշմարիտը, հայրենանվերը, ազգաշենն ու աստվածօրհնյալը: Միայն այդպես կկարողանանք այս ծանր իրավիճակից դուրս բերել մեր ժողովրդին ու մեր երկիրը», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ կարեւոր նկատելով, որ հայ եկեղեցականը չտարվի ժամանակի հողմերով, այլ նրա հայացքը միշտ ուղղված լինի դեպի հավերժի ընթացքը:

Վերջում Հայոց Հայրապետը հայցեց, որ Տերն Իր շնորհներով զորացնի մեր եկեղեցականությանը, որպեսզի շարունակեն իրենց օգտակար ու գնահատարժան ծառայությունը մեր ազգին ու հայրենիքին եւ այս ժամանակների համար նույնպես իրենց սպասավորությամբ պանծացնել Հայ Եկեղեցու անունն ու հեղինակությունը: Նորին Սուրբ Օծությունը մաղթեց, որ Աստված Իր օրհնությունը եւ զորավոր Աջը հովանի դարձնի մեր հայրենիքի ու մեր ողջ ժողովրդի վրա՝ հաղթանակով, հույսով եւ աներկբա հավատով դուրս գալու այս դժվարին ժամանակներից:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները