Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

«ԴՈՒ ԱՍՏՈՒԱԾ Ի ՅԵՐԿՐԻ ԵՐԵՒԵՑԱՐ ԵՒ
ԸՆԴ ՄԱՐԴԿԱՆ ՇՐՋԵՑԱՐ…»
ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

«Որ յանարուեստ աթոռ նստիս՝ բարեբանեալդ ի հրեշտակաց, այսօր
ի Սիմէովնի բառնալով ի գիրկս, որ ընծայեսցես զմեզ ի կեանսդ յաւիտենից»:
ՇԱՐԱԿՆՈՑ

յառնընդառաջը քառասնօրյա մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճար, այսինքն՝ Աստծո ծառայությանն ընծայելու հիշատակությունն է: Երբ քառասնօրյա Հիսուսին Հովսեփն ու Մարիամը Տաճար տարան՝ Աստծուն ընծայելու: Այդ ընծայմամբ նաեւ փրկագին վճարվեց համայն մարդկության համար: Տյառնընդառաջի ծիսական արարողությունն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ:

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՎԱՆԴՈՒՄ Է

Ըստ ավանդության՝ այս տոնը կարգել է Ս. Հակոբոս Տյառնեղբայրը՝ պատվիրելով, որ Քրիստոսի Եկեղեցին ամեն տարի Փրկչի հրաշափառ Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո, նշի Տիրոջ Երուսաղեմի տաճար գալու տոնը:

Երուսաղեմում ապրում էր Սիմեոն անունով մի մարդ, ով արդար եւ աստվածապաշտ էր: Ավանդությունը Սիմեոն ծերունու մասին պատմում է, որ նա, Եգիպտոսի Պտղեմեոս թագավորի հրամանով, Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանողներից մեկն էր: Մի անգամ, թարգմանության ժամանակ, Սիմեոնը կարդում է Եսայու մարգարեության այն հատվածը, ուր խոսվում է կույսի հղիանալաու եւ Որդի ունենալու մասին: Թարգմանիչը մտածում է, որ մարդիկ կարող են չհավատալ գրվածին եւ ջնջում է այդ տողերը: Շուտով քուն է իջնում Սիմեոնի աչքերին եւ երբ արթնանում է, տեսնում է ոսկյա տառերով նորից գրված է. «Ահա կույսը կհղիանա եւ որդի կծնի»: Ծերունին ուրախությամբ վերցնում է Սուրբ Գիրքը, համբուրում եւ երանի տալիս նրանց, ովքեր պիտի տեսնեն կույսից ծնված հրաշք Մանկանը եւ գրկեն Նրան: Տերը լսում է աստվածասեր ծերունու խնդրանքը եւ խոստանում. «Մահ չեստեսնես, մինչեւ որ տեսնես Տիրոջ Օծյալին»:

Սուրբ Հոգու շնորհներով զարդարված` այս ծերունին իր շուրթերով բարբառում էր աշխարհի փրկության ավետիսը: Նա դողդոջուն ձեռքերով իր գիրկն էր առել երկնքի եւ երկրի Արարչին, հզոր Աստծուն, Ով մարմնացավ ու ծնվեց Սուրբ Կույսից՝ մարդկության փրկության համար, Նրան, Ում ծննդյամբ մարդկությունն ազատագրվեց մահվան հավերժական դատապարտությունից, Նրան, Ով, իբրեւ մարդկության Արեգակ, երեւաց մարդկանց մեջ՝ լուսավորելով մեր հոգիները: Այս ծերունազարդ այրն ասես խորհրդանշում է հեթանոսների դարձն ու քրիստոնյաների աստվածային լույսի ընդունումը: Այո՛, «Աստված լույս է եւ Նրա մեջ խավար չկա» (Ա ՀՈՎՀ. Ա 5):

Արդ, մենք էլ դիմավորենք այդ Լույսը եւ մոտենանք Նրան խանդավառ հավատքով: Մեր հոգու մարած կանթեղները բոցավառենք Նրա կենսանորոգ շողերով՝ մեկ անգամ եւս կրկնելով Սիմեոն Ծերունու խոսքերը. «Լո՜ւյս, որ հայտնություն կլինի: Այդ լույսով փարատեցինք մեր մեղքերը, այդ լույսով լուսավորվեցին բոլոր հեթանոսները, եւ, որպես նոր Իսրայել եւ որպես նոր ծնված Սիոն, երգենք միասին օրհնության հիմնը. «Բարբառ եղեւ գալստյան եւ ահագին որոտման, տաճարապետն Քրիստոս, որ յընծայումն էր եկեալ»:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՈՆԱԿ

Եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին այսպես է բնութագրում Տյառնընդառաջը. «Այս ամենը հիշեցնում է Սիմեոնի՝ Հիսուսին տված «Լույս» անունը: Իսկ խարույկ վառելն ու նրա շուրջ պտտվելը կամ վրայից թռչելը տոնի ժողովրդական ավանդույթներից են: Երբ Հիսուս Քրիստոսին տաճար տարան, Երուսաղենի ժողովուրդը Փրկչին դիմավորեց ջահերով ու կրակներով: Հենց դա է խորհրդանշում վառվող խարույկը: Եվ եթե հեթանոսները կրակը պաշտում էին իբրեւ Աստված, ապա քրիստոնյաները, որպես Աստծո ստեղծագործություն, Աստծուն են մատուցում, Նրան, Ով եկավ «երկրի վրա կրակ գցելու (ՂՈՒԿ. ԺԲ 49), ի Քրիստոս մկրտվողներին մյուսներից բաժանելու»: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այս խարույկը վերաիմաստավորելով քրիստոնեական կրակի, հրի ավետարանական խորհուրդներով, հարմարեցրեց Տյառնընդառաջին քառասնօրյա Տիրոջը տաճարին նվիրաբերելու տոնին:

Փետրվարի 13-ին Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, երեկոյան ժամերգությանը, ի մի էին եկել մեծաթիվ հավատացյալներ: Կատարվեց նախատոնակ, ինչը եւ ավետեց Տերունի տոնի սկիզբը: Հոգեւորականաց հանդիսավոր թափորը, Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, շարականների երգեցողությամբ ուղղվեց Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց անդաստան: Աշխարհի չորս ծագերի օրհնությունից հետո, օրհնվեցին նաեւ այն մոմերը, որոնց կրակով, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, բոցավառվեց, հրապարակի կենտրոնում պատրաստված, ավանդական խարույկը:

ԿԱՐԳ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ

Տյառնընդառաջի հնօրյա ավանդույթներին մեր օրերում հավելվել է եւս մեկը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր: Սուրբ Յոթվերք եկեղեցի եկած նորապսակ զույգերը ոչ միայն օրհնություն ստացան, այլեւ տուն տարան վառվող ճրագներ՝ իրենց բակերում խարույկներ վառելու համար:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 14-ին մեծաթիվ հավատացյալներ, Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա գտնվեցին Տյառնընդառաջի սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրը հանգամանալից մեկնեց տոնի խորհուրդը՝ «Ահա Կույսը պիտի հղանա եւ Որդի ծնի» բնաբանով իր քարոզում հավուր պատշաճի անդրադառնալով հավատի կարեւորությանը քրիստոնյայի կյանքում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝
ԱՆԻ ԶԱՐԻՖՅԱՆԻ ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները