Ես գիտեմ,
դուն ալ գիտես,
որ սոսկ լալով
ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք
չի շինուիր:

 
 
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրո Մեր ողջույնը, աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո:

Հնի եւ նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաեւ վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը եւ սգում մեր հազարավոր զավակների եւ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը: Անցնող տարում համավարակի եւ պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական մեր կյանքում: Մեր հոգիներն ալեկոծեցին նաեւ Սիրիայում չընդհատվող պատերազմի ծանր հետեւանքները եւ աղետալի դեպքերը Լիբանանում: Հայաստան եւ Արցախ մեր երկրի առջեւ ծառացած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական մարտահրավերները, հայրենիքի սահմաններին անկայուն խաղաղությունը, ապագայի անորոշությունը, արդարեւ, տկարացրել են մեր ժողովրդի զավակների լավատեսության ոգին: Հուսախաբ ենք, այո՛, բայց, Աստծուն ապավինած, լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը:

«Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ. Թ 11): Սաղմոսերգուի այս խոսքերը հոգում ծրարած՝ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում իր հուսավառ հայացքն ուղղել է դեպի գալիքը: Հայոց անկախ պետականության նվիրական տեսիլքն ու անհատնում ձգտումն իր սրտում՝ ազգս հայոց զորություն է ունեցել հառնելու ամենածանր փորձություններից, անգամ հայրենազրկումի եւ ցեղասպանության արհավիրքներից, եւ այսօր էլ, հավատում ենք, որ ներուժ ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը: Հայրենաշինության սրբազան առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի միայն մեր ժողովրդի կարող ու առողջ բոլոր ուժերի համերաշխ մասնակցությամբ եւ միաբան ոգով: «Միաբանությունը,- ինչպես գրում է մեծն Եղիշե վարդապետը,- բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»:

Սիրելինե՛ր, Հայրապետիս հորդորն ու պատգամն է՝ ստեղծված լրջագույն իրադրության առջեւ զորանալ հավատով եւ ամրապնդել վճռականությունը, որպեսզի ամենայն հանձնառությամբ կառուցենք եւ սերունդներին ավանդենք հզոր, բարօր եւ անվտանգ հայրենիք: Աստծո Խոսքին ու քրիստոնեական արժեքներին հավատարիմ՝ հոգ տանենք միմյանց նկատմամբ եւ ջերմագին սիրով առ բազմաչարչար մեր հայրենիքը, մեր ջանքերն ու ուժերը մեկտեղենք՝ ի նպաստ ազգային ու հայրենական մեր կյանքի նորոգության ու պայծառության: Մեր հայրենիքը հզորացնելու, մեր պետականությունը վտանգներից զերծ պահելու, մեր սահմանները խաղաղ ու ապահով դարձնելու եւ համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունն ամենքինս է: Այս գիտակցությամբ հայրենիքի նոր օրը խարսխենք եղբայրասիրության, արդարության եւ օրինահարգության վրա:

Նոր տարվա սեմին միասնաբար հայցենք, որ Տիրոջ Սուրբ Ծննդյան շնորհները «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ավետիսով տարածվեն մեր հայրենի եզերքներում: Աղոթենք ու երախտագետ սրտով հիշենք մեր նահատակներին, շուտափույթ վերադարձ մաղթենք գերեվարվածներին, ապաքինություն՝ վիրավոր մեր զավակներին եւ խնդրենք Աստծո զորակցությունն ու օրհնությունը նրանց, մեր հերոսների ընտանիքներին եւ համայն մեր ժողովրդին: Աղոթենք հայրենյաց պաշտպանության դիրքերում գտնվող մեր բանակի քաջարի զորականների եւ բոլոր նրանց համար, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Աղոթքով հիշենք եւ համավարակից մահացած մեր ժողովրդի զավակներին:

Ամենագութ Աստված, բարերար Քո կամքով եւ ամենառատ ողորմությամբ թող 2021 թվականը լինի խաղաղության, ազգաշեն ու հայրենանպաստ իրագործումների տարի եւ մխիթարություն բերի մեր սրտերին, զորություն եւ հաղթություն՝ հայոց կյանքին:

Աստված պահապան մեր հայրենիքին եւ ժողովրդին:

Բարի, օրհնյալ տարի:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները