Ես գիտեմ,
դուն ալ գիտես,
որ սոսկ լալով ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք
չի շինուիր:

 
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետեւ Նրա աստղը տեսանք
արեւելքում եւ եկանք երկրպագելու Նրան»:
ՄԱՏԹ. Բ 2-3

յս խոսքերն իրենց շուրթերին՝ Բեթղեհեմ մտան երեք մոգերը՝ մեզանից գրեթե երկու հազար տարի առաջ: Նրանց առաջնորդած աստղն իրական Աստղի տեղն էր ցույց տալու, որը լուսավորելու էր խավարի մեջ խարխափող մարդկանց, աշխարհն ու ճշմարիտ ճանապարհ էր ցույց տալու Իրեն հետեւողներին:

Հայ առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ եւ Անմահ Պատարագ` ի նշան Քրիստոսի Սուրբ Ծննդյան: Սուրբ Հակոբ եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քահանա Գասպարյանը: Հընթացս սրբազան արարողակարգի, հավատացյալներին ուղղած իր քարոզով, պատարագիչ Տեր Հայրը հանգամանալից մեկնեց օրվա խորհուրդը եւ փոխանցեց մեծագույն ավետիսը` «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», որին ի պատասխան հնչեց` «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Ճրագալույց նշանակում է ճրագները լուցանել, վառել: Եկեղեցուց լույս կամ վառվող մոմ իրենց տները տանողները հավատում են, թե ինչպես բեթղեհեմյան աստղն առաջնորդեց մոգերին ու ցույց տվեց խանձարուրի մեջ բարուրված Նորածնին, այնպես էլ այդ վառվող մոմը կամ ճրագը լուսավորելու է իրենց կյանքի օրերը` ճշմարիտ ճանապարհով առաջնորդելով նրանց:

ԸՍՏ ՀՆԱՎԱՆԴ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ

Հնում Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում Սուրբ Պատարագից վերադարձողները փոխանցում էին միմյանց Ծննդյան ավետիսը, որից հետո նոր մասնակցում թաթախման երեկոյին` բացելով պասը: Այդ երեկո սեղանի գլխավոր զարդը ձկնեղենի զանազան տեսակներից պատրաստված խորտիկներն էին` խաշած, տապակած, խորոված, որոնց հետ սեղան էին դրվում առատ յուղով պատրաստված բրնձով, ձավարով, արիշտայով փլավները: Իսկ մանուկները, տնից տուն այցելելով, ավետիսներ էին երգում: Վանի գյուղերից մեկում, օրինակ, այս տողերով էին ավետիսը փոխանցում միմյանց.

Այսօր տոն է Ծննդյան, ավետի՜ս,
Աշխար լցվավ լիություն, ավետի՜ս,
Մեր տերն էլավ նախատակ, ավետի՜ս,
Տժոխքն էլավ տուռ խորտակ, ավետի՜ս:

ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ

Հունվարի 6-ի առավոտյան մարդաշատ էր Սուրբ Հակոբ եկեղեցին: Հավատավոր գյումրեցիները եկել էին՝ ներկա գտնվելու մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության Պատարագին: Օրվա Պատարագիչն էր Տ. Վարուժան քհն. Տերտերյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը:

Սուրբ Պատարագից հետո, Տեր Վարուժանի ձեռամբ, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, ինչը Հորդանան գետում, Հովհաննես Մկրտչի կողմից, Հիսուսի մկրտությունն է խորհրդանշում, որը ժողովրդի մեջ ավելի շատ տարածված է «Խաչը ջուրը գցել» անունով: Ջրօրհնյաց արարողակարգից հետո ներկա հավատացյալներն օրհնված ջուրը տուն տարան` նախ խմեցնելու հիվանդներին, ապա ընտանիքի մյուս անդամներին:

Այս տարի Սուրբ Հակոբ եկեղեցու Ջրօրհնեքի խաչքավորն էր Արտյոմ Խաչատրյանը, ով, կարեւորելով իրեն վստահված բարձր պարտականությունը, ասաց. «Խաչքավոր լինելն ինձ համար շատ պատասխանատու եւ պատվավոր ծառայություն է: Էրգրից եկած նախնիներիս մեջ տիրացու ենք ունեցել եւ նրանից է անցել ժառանգաբար ե՛ւ հավատքը, ե՛ւ եկեղեցի հաճախելը, ե՛ւ ծեսերին մասնակցելը, չնայած խաչքավոր դառնալու միտքը շատ պատահական է ծնվել ինձ մոտ` Տեր Վարուժանի հետ ծանոթությունից հետո: Յոթներորդ անգամն է, որ Սուրբ Հակոբի խաչքավորն եմ եւ ամեն անգամ նորովի եմ նայում թե՛ կյանքիս, թե՛ անցածս ուղուն: Միակ ցանկությունս է արժանի մնալ այս բարձր պատվին»:

Ծննդյան տոնից հետո սովորաբար տնօրհնեքի կարգ է կատարվում: Հնում քահանան թաղից թաղ շրջելով` օրհնում էր իր ծխականների տները: Մեզ է հասել տնօրհնեքին վերաբերող ժողովրդական մի խաղիկ.

Օրհնեցի տունն ու անդիվորն,
Պառավն ու խալիվորն,
Ախչիկն ու տղեն,
Խարսն ու փեսեն...

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին Սուրբ Հակոբում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ բոլոր ննջեցյալների եւ Արցախում նահատակված քաջորդիների համար: Օրվա պատարագիչն էր Տ. Վարուժան քահանա Տերտերյանը:

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները